Աստծո ծրագրի մեջ երկու անհրաժեշտ պայման կա հասունության հասնելու համար։ Առաջին, մենք պետք է մտնենք Աստծո նշանակած այն ծառայությունների աշակերտության ներքո, որը Պողոսը թվարկում է Եփեսացիներին 4:11-ում. առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ և վարդապետներ։ Առանց նրանց աշակերտության, հսկողության և ցուցումների Աստծո ժողովուրդը, չեմ տեսնում, թե ինչպես կարող է հասնել հասունության։ Հիսուս Քրիստոսը երբևէ ոչ կարևոր բան չի նախապատրաստել, և այս մեկն էլ բացառություն չէ։ Հավատում եմ, որ սա էական է։ Երկրորդ պայմանն այն է, որ մենք մեկուսացած անհատներ չմնանք, այլ հավատացյալների աճող մարմնի մասնիկը լինենք։
Այնուհետև, նույն հատվածում Պողոսը տալիս է սթափեցնող այլընտրանքը։ Եթե չենք հետևում հասունության՝ Աստծո ծրագրին, ապա հետևանքը սա կլինի. «Որպեսզի այլևս երեխա չլինենք՝ մարդկանց խաբեբայությամբ վարդապետության ամեն քամուց երերված ու տատանված, որ մոլորեցնեն խաբեբայության խորոմանկությամբ» (Եփեսացիներին 4:14)։
Եթե չենք մտնում այս հնգաթև ծառայության ներքո, եթե մարմնի մի մասնիկը չենք դառնում և չենք ընդունում սուրբգրային այս կարգուկանոնը, ապա, ինչպես Պողոսն է ասում, երեխա կմնանք։ Կլինենք «մարդկանց խաբեբայությամբ վարդապետության ամեն քամուց երերված ու տատանված, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությամբ»։ Ես բյուրավոր հավատացյալների գիտեմ, ովքեր համապատասխանում են այս նկարագրությանը։ Ամեն տարի նրանք մի նոր քմահաճույք են ունենում, մի նոր վարդապետություն ու հաճախ նաև նոր ուսուցիչ, ով կապահովի և կհավերժացնի այդ քմահաճույքը։ Մենք պետք է մտնենք աստվածային, սուրբգրային ծառայությունների կարգուկանոնի ներքո։ Նաև պետք է հավատացյալների մարմնի մի մասնիկը լինենք։ Սա է հասունության միակ ճանապարհը։
Իսկ ի՞նչ կասես քո մասին։ Արդյոք կարգուկանոնի ներքո՞ ես։ Արդյոք մարմնի մի մասնի՞կն ես։ Արդյոք ընթանու՞մ ես դեպի հասունություն։