ԴԱՎԱՆՈՂ ՀԱՎԱՏՔ
Դերեկ Պրինս
Տերը ցույց է տվել ինձ, որ շատ քրիստոնյաներ, եթե նրանք հետ նայեն իրենց անցյալին, կտեսնեն, որ մի շարք բացասական դավանություններ են ասել։ Դուք գուցե ասել եք այն մասին, թե ինչը չեք կարողացել անել կամ էլ քննարկել եք ձեր ձախողումներն ու հուսահատությունները։ Սակայն, իրականում, մեր դավանությունը որոշում է, թե ուր ենք մենք գնում։
Կա այս ճշմարտության կենսական կարևորության մի օրինակ, երբ Մովսեսը տասներկու լրտեսներ ուղարկեց Խոստացյալ երկիր։ Երկուսը վերադարձան դրական դավանությամբ, տասը՝ բացասական։ Իսրայելացիների մեծ մասը հավատաց բացասական դավանությանը՝ ասելով՝ մենք չենք կարող։ Դրական դավանությունը սա էր՝ մենք կարող ենք։ Բոլոր հրեաները սահմանեցին իրենց ճակատագիրը՝ համաձայն իրենց դավանության։ Նրանք, ովքեր ասացին՝ չենք կարող, չկարողացան։ Եվ նրանք, ովքեր ասացին՝ կարող ենք, ի վիճակի եղան։
Դուք գուցե որոշ բացասական խոսքեր եք արտաբերել, խոսքեր, որոնք չեն փառավորել Հիսուսին, կամ էլ ապրել եք հուսահատության մեջ, որը ձեզ կապել է անկարողության և ձախողման հետ։ Եթե մենք դավանենք ձախողումը, այն կլինի մեր բաժինը։ Եթե մենք հավատք դավանենք, Աստված կլինի մեր բաժինը։ Պարզապես խոստովանի՛ր Աստծո առաջ. «Տե՛ր, ների՛ր ինձ։ Ես կապել եմ Քո ձեռքերը իմ անհավատության և բացասական մտածողության պատճառով, ես սահմանափակել եմ Քո կարողությունն իմ կյանքի մեջ»։
Աստվածաշունչն ասում է. «Եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների մեզ և մաքրի մեզ ամեն անիրավությունից» (1-ին Հովհաննես 1։9)։ Երբ դուք մերժում եք բացասական դավանությունը, գոհացեք Աստծուց, որ դուրս եք եկել այդ խավար, մենության հովտից։ Ասե՛ք. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։