Դերեկ Պրինս. «Դուք եք երկրի աղը»
Մատթեոս 5:13
(մաս 1)
Հիսուսը խոսում է իր բոլոր աշակերտների` մեզ հետ` նրանց հետ, ովքեր ընդունում են իր ուսմունքի ճշմարտությունը: Մեր ներկայությունը երկրի վրա նա համեմատում է աղի հետ: Այս խոսքն իմաստավորվում է այն ժամանակ, երբ հասկանում ենք սննդի մեջ աղի օգտագործման երկու հատկությունները:
Աղը համ է տալիս
Առաջին հերթին աղը համ է տալիս: Անախորժելի թվացող սննունդը համեղ է դառնում երբ աղ է ավելացվում: Հոբ 6:6-ում մի հռետորական հարց կա. «Միթե՞ անհամ բանը կուտվի առանց աղի»: Աղն է, որ փոխում է մեր վերաբերմունքը սննդի հանդեպ և որոշում` կուտենք այն հաճույքո՞վ, թե՞ կհրաժարվենք այդ կերակուրից: Որպես քրիստոնյաներ, մեր դերը երկրին համ տալն է: Իսկ համը գնահատողն Աստված է: Մեր ներկայությամբ երկիրն ընդունելի է դառնում Աստծուն: Մեր ներկայությամբ երկիրը ներկայացվում է Աստծո ողորմածությանը: Առանց մեզ երկրի վրա չի լինի մի բան, որով այն ընդունելի կլինի Աստծո առաջ: Բայց քանի որ մենք այստեղ ենք, Աստված շարունակում է վերաբերվել երկրին շնորհքով և ողորմությամբ` բարկության և դատաստանի փոխարեն: Մեր ներկայությունը որոշիչ է երկրի համար:
Այս սկզբունքը վառ արտահայտված է Սոդոմի համար Աբրահամի բարեխոսության ժամանակ: Այս պատմությունը հիշատակված է Ծննդոց 18:16-33-ում: Աստված ասում է Աբրահամին, որ Նա պատրաստվում է այցելել Սոդոմ, որպեսզի համոզվի, թե քաղաքի վիճակն արդյոք այնպիսի՞նն է, որ հնարավոր չէ խուսափել դատաստանն ի գործ դնելուց: Աբրահամն ուղեկցեց Տիրոջը Սոդոմի ճանապարհին և Նրա հետ քննարկեց Աստծո դատաստանի սկզբունքները:
Ամենից առաջ Աբրահամը մի սկզբունք է հաստատում, որը հիմք է հանդիսանում մնացած կետերի համար. Աստծո կամքը չէ, որ ամբարիշտի համար պատրաստված դատաստանը գա նաև արդարի վրա: Աբրահամը հարցնում է. «Մի՞թե ամբարիշտի հետ արդարին էլ կկորցնես» (խ. 23): «Քավ լիցի Քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարիշտի հետ մեռցնես, և արդարն ամբարիշտի պես լինի, քավ լիցի Քեզ: Մի՞թե երկրի դատավորն արդարություն չի անի» (խ. 25):
Հետևյալ խոսակցությունից Աստված թույլ է տալիս, որ մենք հասկանանք, որ Նա ընդունում է Աբրահամի կողմից ձևակերպված սկզբունքը: Որքա~ն կարևոր է, որ բոլոր հավատացյալները հասկանան սա: Եթե մենք Քրիստոսում արդարացել ենք հավատքի միջոցով և ապրում ենք այնպիսի կյանքով, որը ճշմարիտ ձևով արատահայտում է մեր հավատքը, ապա երբեք Աստծո կամքը չէ, որ մեզ վրա գան այն դատաստանները, որոնք ամբարիշտների համար են նախատեսված:
Ցավոք սրտի քրիստոնյաները հաճախ չեն հասկանում սա, քանի որ չեն զանազանում այն երկու իրավիճակները, որոնք տարբերվում են միմյանցից թե’ իրենց էությամբ, այնպես էլ իրենց պատճառով: Մի կողմից հալածանք կա արդարության համար, մյուս կողմից էլ կա Աստծո դատաստանը ամբարիշտների վրա: Այս իրավճակների տարբերությունը կարելի է արտահայտել երկու հակադիր սկզբունքներով` հալածանքը գալիս է ամբարիշտի միջոցով արդարի վրա, բայց դատաստանը գալիս է արդար Աստծո կողմից` ամբարիշտի վրա: Այդ պատճառով արդարության համար հալածանքը և ամբարիշտների դատաստանը իրենց էությամբ, նպատակներով և արդյունքներով հակադիր են:
Աստվածաշունչը զգուշացնում է, որ քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն հալածանքների համար: Լեռան քարոզում, Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Երանի~ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի~ ձեզ, երբ կնախատեն և կհալածեն ձեզ և ամեն չար բան սուտ տեղը կխոսեն ձեզ վրա իմ պատճառով» (Մատթեոս 5:10-11): Պողոսը նման մի բան էլ Տիմոթեոսին է գրել. «Եվ բոլոր նրանք, ովքեր կամենում են Քրիստոս Հիսուսում ապրել աստվածապատությամբ, պիտի հալածանք կրեն» (2-րդ Տիմոթեոս 3:12): Քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն հալածանք կրել իրենց հավատքի և ապրած կյանքի համար և անգամ այն պետք է առավելություն համարեն:
Ըստ այդմ, քրիստոնյաները երբեք չեն կրելու այն նույն դատաստանները, որոնք նախատեսված են ամբարիշտների համար: Այս սկզբունքը բազում անգամներ հաստատված է Աստվածաշնչում: 1-ին Կորնացիներին 11:32-ում Պողոսը գրել է հավատքի իր եղբայրներին. «Բայց դատվելով` Տիրոջից խրատվում ենք (քրիստոնյաներս) որ աշխարհի հետ չդատապարտվենք»: Սա ցույց է տալիս, որ տարբերություն կա Աստծո` հավատացյալների և աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ: Որպես հավատացյալներ, մենք կարող ենք խրատվել Աստծո կողմից: Եթե խոնարհվենք խրատի առաջ և մեր կյանքը կարգի բերենք, ապա չենք ենթարկվի այն դատաստանին, որը գալիս է անհավատների կամ էլ աշխարհի վրա:
Աստծո խրատի բուն նպատակը մեզ` հավատացյալներիս, պահպանելն է անհավատների հանդեպ եղած դատաստանից:
Սաղմոս 91:7-8-ում սաղմոսերգուն այս խոստումն է տալիս հավատացյալներին. «Հազար հոգի քո կողմից կընկնեն և տասը հազար` քո աջ կողմից, բայց քեզ հարված չի մոտենա: Միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես»: Կրկին տեսնում ենք նույն սկզբունքը: Ինչպիսին էլ որ գա դատաստանը որպես ամբարիշտների հատուցում (ինչին նրանք իրոք արժանի են), այն երբեք չի վերաբերվի արդարներին: Կարևոր չէ, որ Աստված ամեն կողմից հարվածում է ամբարիշտներին, այդ ամենի մեջ արդարը չի վնասվի:
Ելից 7-12 գլուխներում գրված է, որ Աստված աճող դաժանությամբ տասը դատաստաններ է բերում եգիպտացիների վրա այն պատճառով, որ նրանք հրաժարվել էին Իր Մովսես և Ահարոն մարգարեներին լսելուց: Այս դատաստանների ընթացքում Աստծո Իսրայել ժողովուրդն ապրում էր Եգիպտոսում, բայց այդ տաս դատաստաններից ոչ մեկն էլ նրանց չի դիպչում: Ելից 11:7-ում բավականին պատկերավոր ձևով տրվում է դրա պատճառը. «Եվ Իսրայելի որդիների ոչ մեկի դեմ մարդուց մինչև անասուն մի շուն էլ չի շարժի իր լեզուն, որ գիտենաք, թե Եհովան եգիպտացիների և Իսրայելի միջև տարբերություն է դնում»: Դատաստանը Իսրայելի վրա չեկավ, որովհետև Աստված տարբերություն է դնում Իր սեփական ժողովրդի և եգիպտացիների միջև: Անգամ Եգիպտոսի շները գիտեին այս տարբերության մասին: Այս տարբերությունը գործում է նաև այսօր:
Շարունակելով Տիրոջ հետ Սոդոմի մասին իր զրույցը` Աբրահամը փորձում է պարզաբանել արդարների այն ամենաքիչ քանակը, որը քաղաքը կպահպանի վերահաս դատաստանից: Նա սկսում է հիսունից: Այնուհետև խոնարհության և պատկառանքի հիշարժան դրսևորմամբ նա շարունակում է իր խոսակցությունը և արդարների քանակը հասցնում է տասի: Տերը վերջնականապես հավաստում է Աբրահամին, որ եթե Նա անգամ տասը արդար գտնի Սոդոմում, այդ տասի համար կխնայի ամբողջ քաղաքը:
Որքա՞ն էր Սոդոմի բնակչությունը: Դժվար է տալ հստակ գնահատականը, սակայն հնավուրց Պաղեստինում գտնվող այլ քաղաքների բնակչության թվի մասին կան հստակ հուշագրություններ: Դրանք կարող են չափանիշ լինել համեմտություններ անցկացնելու համար: Աբրահամի օրերում Երիքովի պարիսպները զբաղեցրել են յոթ կամ ութ ակր տարածություն: Դա բավականին տարածք է, որտեղ ամենաքիչը կարող են ապրել հինգ, իսկ ամենաշատը տասը հազար մարդ: Սակայն Երիքովն իր ժամանակների չափանիշներով մեծ քաղաք չէր համարվում: Այդ ժամանակաշրջանի մեծագույն քաղաքը Հազորն էր, որը շուրջ 175 ակր տարածություն էր զբաղեցնում` 40 000-50 000 բնակչությամբ: Ավելի ուշ` Հեսուի ժամանակաշրջանում, ասվում է, որ Գայի քաղաքի բնակչությունը 12 000 էր (Հեսու 8:25): Աստվածաշունչը հիմք է տալիս ենթադրել, որ Սոդոմն այդ օրերում ավելի կարևոր և նշանակալից քաղաք է եղել, քան Գային:
Հաշվի առնելով հիշյալ քաղաքները` կարող ենք ասել, որ Աբրահամի օրերում Սոդոմի բնակչությունը տասը հազարից պակաս չի եղել: Աստված վստահեցրեց Աբրահամին, որ տասն արդարներն իրենց ներկայությամբ կարող են պաշտպանել տասը հազարանոց քաղաքը: Սա տալիս է մեկը հազարի հետ հարաբերակցությունը: Նույն հարաբերակցությունը` «մեկը հազարի հետ», տրված է նաև Հոբ 33:23-ում և Ժողովող 7:28-ում, և բոլոր այդ համարներում այդ «մեկը» ներկայացված է որպես Աստծո արդարության ներկայացուցիչը մնացած անարդարների մեջ:
Այս հարաբերակցությունը կարելի է անվերջ շարունակել: 10 արդարի ներկայությունը կարող է պաշտպանել մի հասարակություն, որը բաղկացած է 10 000 անդամից: 100 արդարի ներկայությունը` 100 000-ից բաղկացած հասարակությունը, իսկ 1000 արդարները` 1000000: Որքա՞ն արդար է պետք, որպեսզի ապահովի մի այնպիսի մեծ երկրի ժողովուրդ, ինչպիսին Միացյալ Նահանգներինն է, որի բնակչությունը ավելի քան 250 000 000 է: Մոտավորապես 250 000 արդար:
Այս թվերը բավականին տպավորիչ են: Աստվածաշունչն արդյոք մեզ հիմք տալի՞ս է համարել, որ, ասենք, մեկ քառորդ միլիոն իսկապես արդար մարդիկ, որոնք աղի հատիկների պես ցրված են Միացյալ Նահանգներով մեկ, բավական կլինեն ազգի համար Աստծո դատաստանը կանխելու և Նրա մշտական ողորմությունն ու շնորհքը ապահովելու համար: Անմտություն կլիներ հստակ գնահատական տալ նման վիճակում: Համենայնդեպս Աստվածաշունչը մեզ մի հիմական սկզբունք է սահմանում. հասարակության մեջ արդարի ներկայությունը որոշիչ գործոն է հասարակության հանդեպ Աստծո վերաբերմունքի համար:
Այս սկզբունքը հստակցնելու համար Հիսուսն օգտագործում է աղի փոխաբերությունը: 2-րդ Կորնթացիներին 5:20-ում Պողոսն օգտագործում է այլ փոխաբերություն, որպեսզի ցույց տա նույն ճշմարտությունը: Նա ասում է. «Մենք Քրիստոսի կողմից դեսպանություն ենք անում»: Ովքե՞ր են դեսպանները: Դեսպաններն այն անձինք են, որոնք ազգային կառավարության կողմից օժտված են որոշակի իշխանությամբ, որպեսզի ներկայացնեն իրենց կառավարությունը մեկ այլ ազգի տարածքում: Նրանց հեղինակությունը պայմանավորված չէ իրենց անձնական հնարավորություններից, այլ նրանք անմիջական կախվածության մեջ են իրենց ներկայացրած կառավարության հեղինակությունից:
Փիլիպեցիների 3:20-ում Պողոսն այսպես է որակավորում այն կառավարությունը, որը ներկայացնում են քրիստոնյաները: Նա ասում է. «Մեր քաղաքացիությունը երկնքում է», իսկ անգլերեն նոր թարգմանության մեջ ասվում է. «Մենք երկնքի քաղաքացիներ ենք»: Դա է պատճառը, որ երկրի վրա մենք ներկայացնում ենք երկնքի կառավարությունը: Մենք մեզանից ոչ մի իշխանություն չունենք, բայց որքան որ մենք զգուշորեն հնազանդվենք մեր կառավարության կարգադրություններին, մեր խոսացած յուրաքանչյուր խոսքի և յուրաքանչյուր քայլի հետևում կլինի երկքնի ողջ զորությունն ու իշխանությունը:
Մինչ մի կառավարությունը պատերազմ կհայտարարի մյուսին, սովորաբար վերջնական զգուշացումը դեսպանների հետկանչն է: Քանի դեռ մենք երկրի վրա ենք, որպես երկնքի ուղարկվածներ, մեր ներկայությունն ապահովում է Աստծո ողորմությունն ու երկայնամտությունը երկրի հանդեպ: Բայց երբ երկնքի դեսպանները վերջնականապես հետ են կանչվում, այլևս ոչինչ չի խոչընդոտի աստվածային բարկության և դատաստանի ամբողջական հեղմանը:
Շարունակելի…