Դերեկ Պրինս. «Դուք եք երկրի աղը» 2
Աղը կանխում է նեխումը
(հատված «Կերտել պատմությունը ծոմի և աղոթքի միջոցով» գրքից)
Սննդի առումով աղի երկրորդ դերը քայքայման կանխումն է: Այն ժամանակներում, երբ արհեստական սառեցման եղանակը դեռ չկար, նավաստիները, որոնք երկար ճամփորդության համար մսի պաշար էին վերցնում, քայքայման դեմ աղ էին օգտագործում: Միսը սկսում էր քայքայվել, երբ նրանք այն աղով էին շաղախում: Աղը չէր վերացնում քայքայումը, այլ ժամանակավոր կանխում էր այն, այնպես որ նավաստիները բավականին երկար ժամանակ կարող էին օգտվել մսից, որը հակառակ դեպքում ուտելու պիտանի չէր լինի, այլ կնեխեր:
Որպես Քրիստոսի աշակերտներ, մեր ներկայությունը երկրի վրա նույն գործողությունն է անում, ինչն աղը` մսի համար: Մեղքի քայքայումն արդեն ի գործ է դրված: Այն դսևորվում է մարդկային գործունեությունների բոլոր ոլորտներում` բարոյական, կրոնական, հասարակական, քաղաքական: Մենք չենք կարող վերացնել քայքայումը, որն արդեն ի գործ է դրված, բայց մենք կարող ենք հետաձգել այն, որպեսզի Աստծո ողորմությունը և շնորհքն իրականացնեն իրենց նպատակը: Այնուհետև, երբ մեր ներկայությունը դադարի զգացվելուց, քայքայումը կհասնի իր գագաթնակետին, և արդյունքը կլինի համընդհանուր հետընթացը:
Աղի այս հատկությունը` քայքայման կանխումը, Պողոսը ներկայացնում է 2-րդ Թեսաղոնիկեցիների 2:3-12-ում: Պողոսն զգուշացնում է, որ մարդկային անօրինությունը հասնելու է իր գագաթնակետին, որն ի հայտ է գալու համաշխարհային տիրակալի անձի մեջ: Նա օժտված է լինելու գերբանական զորությամբ և կառավարվելու է սատանայի կողմից: Պողոսն այս աշխարհակալին անվանում է «անօրինության մարդ» (կամ «մեղքի մարդ») և «կորստի որդի»: 1-ին Հովհաննես 2:18-ում նա անվանվում է Նեռ (Հակաքրիստոս), իսկ Հայտնության 13:4-ում` «Գազան»: Այս տիրակալն իրեն աստված է անվանելու և տիեզերական երկրպագություն է պահանջելու:
Սատանայական այս բռնակալի ի հայտ գալն անխուսափելի է: Պողոսը համոզված ասում է. «Եվ այն ժամանակ կհայտնվի այդ Անօրենը» (2-րդ Թեսաղոնիկեցիներին 2:8): Նույն խոսքում Պողոսը նաև ասում է, որ ճշմարիտ Քրիստոսն անձնապես դատ է իրականացնելու Նեռի հանդեպ, «որին Տերն Իր բերանի հոգով կսատկեցնի և կխափանի Իր գալստյան հայտնությունով» (խ. 8): Ցավոք սրտի, որոշ քարոզիչներ այս ուսուցումն օգտագործում են քրիստոնյաների մեջ պասսիվություն և վատատեսություն սերմանելու համար: «Նեռը գալիս է,- ասում են նրանք,- և ամեն ինչ ավելի ու ավելի է վատ է դառնում, և այլևս ոչինչ հնարավոր չէ անել»: Եվ որպես արդյունք քրիստոնյաներն ավելի շատ են նստում` ծալած ձեռքերով և երկյուղածությամբ հետևում են, թե ինչպես են սատանայի ավերիչ գործողություններն անարգել տեղի ունենում իրենց շրջապատում:
Պասսիվության և դատապարտվածության այսպիսի դիրքորոշումը չի համապատասխանում Աստվածաշնչի հոգուն: Ճիշտ է, որ Նեռը վերջիվերջո գալու է, սակայն բացարձակ սխալ է, որ ոչինչ հնարավոր չէ անել: Այսօր աշխարհում գործում է մի ուժ, որը մարտահրավեր է նետում, հակառակվում և զսպում է Նեռի ոգուն: Այդ ուժի գործունեությունը Պողոս առաքյալը նկարագրում է 2-րդ Թեսաղոնիկեցիներին 2:6-7-ում: Ժամանակակից թարգմանությամբ այդ խոսքերը կարող են հետևյալ կերպ հնչել. «Դուք լավ գիտեք, թե ինչն է հիմա հետ պահում այդ հակառակորդին, որ հայտնվի, մինչև ժամանակը գա: Այժմ անօրինության այդ խորհրդավոր ուժն արդեն իսկ ի գործ է դրված, բայց այն չի հայտնվի, մինչև որ նրան արգելք եղողը մեջտեղից չվերացվի»:
Այս արգելող ուժը, որն այժմ խոչընդոտում է Նեռի ամբողջական և վերջնական հայտնությանը, եկեղեցում ներկա Սուրբ Հոգին է: Սա պարզ է դառնում, եթե մենք հետևենք Սուրբ Հոգու վերաբերյալ Սուրբ Գրքի հայտնությանը: Աստվածաշնչի ամենասկզբում` Ծննդոց 1:2-ում, մեզ ասվում է, որ Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրայով: Այստեղից ողջ Հին Կտակարանով մեկ մենք բազմաթիվ տեղեր ենք տեսնում, որոնք վերաբերում են երկրի վրա Սուրբ Հոգու գործունեությանը: Սակայն իր երկրային ծառայության վերջում Հիսուսն աշակերտների խոստացավ, որ Սուրբ Հոգին շուտով կգա նրանց մոտ բացարձակ նոր` նախկինում երբևէ երկրի վրա չդրսևորված ձևով:
Հովհաննես 14:16-17-ում Հիսուսը խոստանում է. «Եվ ես Հորը կաղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան: Ճշմարտության Հոգին (սա Սուրբ Հոգու անուններից մեկն է), որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև չի տեսնում նրան: Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի»: Հիսուսի այս խոստումը մենք կարող են հետևյալ կերպ ձևակերպել. «Երեքուկես տարի ես որպես անձ ձեզ հետ էի, սակայն այժմ ես պետք է թողնեմ ձեզ: Իմ գնալուց հետո իմ փոխարեն ձեզ մոտ գալու է այլ անձնավորություն: Այդ անձը Սուրբ Հոգին է: Երբ նա գա, հավիտյան կմնա ձեզ հետ»:
Հովհաննեսի ավետարանի 16:6-7-ում Հիսուսը կրկնում է իր խոստումը. «Այլ որովհետև այս բաները խոսեցի ձեզ հետ, տրտմությունը լցրեց ձեր սիրտը: Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև, եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ. բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ»: Պատկերը պարզ է: Անձերի փոխանակում էր լինելու: Հիսուսը գնալու էր: Բայց նրա փոխարեն այլ Անձ էր գալու: Այդ մյուս Անձը` Մխիթարիչը, Սուրբ Հոգին է:
Հովհաննես 16:12-13-ում Հիսուսը երրորդ անգամ վերադառնում է այդ թեմային. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել: Բայց երբ որ Նա` Ճշմարտության Հոգին գա, կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև Իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի, այն էլ կխոսի և գալու բաները կպատմի ձեզ»: Հունարեն բնագրի մեջ Նա դերանունը արական սեռով է դրված, իսկ Հոգի գոյականը` չեզոք: Սեռերի քերականական այս հակասությունը արտացոլում է Սուրբ Հոգու երկակի բնույթը` անձնական և ոչ անձնական: Այն ամբողջապես համապատասխանում է այն լեզվին, որը Պողոսն օգտագործում է 2-րդ Թեսաղոնիկեցիներին 2-րդ գլխում` նկարագրելով այն զորությունը, որը խափանում է Նեռի գալուստ: 6-րդ խոսքում Պողոսը խոսում է այն մասին, որ «այն հետ է պահում հակառակորդին», իսկ 7-րդ խոսքում նա խոսում է «արգելք հանդիսացողի մասին», որն իր ժամանակին պիտի վերցվի: Արտահայտությունների այս համընկնումը հաստատում է Սուրբ Հոգու և արգելող զորության նույնացումը:
Անձերի այն փոխանակումը, որի մասին խոսում էր Հիսուսը, իրագործվեց երկու փուլով. առաջին հերթին տեղի ունեցավ Հիսուսի համբարձումը երկինք, իսկ տասն օր անց` Պենտեկոստեի օրը, իջավ Սուրբ Հոգին: Պատմության այդ ժամանակաշրջանում Սուրբ Հոգին երկնքից իջավ որպես Անձ և իր տեղը գրավեց երկրի վրա: Հիմա Նա Հայր Աստծո անձնական ներկայացուցիչն է երկրի վրա: Նրա ներկա լինելու իրական տեղը ճշմարիտ հավատացյալների մարմինների մեջ է, որոնց համախմբումը կոչվում է Եկեղեցի: Պողոսը հարցնում է այս հավատացյալներին. «Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակված է ձեզանում»:
Հոգու և Եկեղեցու մեծագույն ծառայությունը Քրիստոսի համար կատարյալ մարմին պատրաստելն է: Այդ մարմինը ներկայացվելու է Քրիստոսին այնպես, ինչպես հարսն է ներկայանում փեսային: Հենց ավարտվի Սուրբ Հոգու աշխատանքը եկեղեցում, այն կրկին վերցվելու է երկրի վրայից` Իր հետ վերցնելով Քրիստոսի ավարտուն Մարմինը: Այդ պատճառով մենք կարող ենք կարդալ Պողոսի այն հայտարարությունը, որը գրված է 2-րդ Թեսաղոնիկեցիներին 2:7-ում ավելի պարզեցված ձևով. «Նա (Սուրբ Հոգին), որն արգելում է նրան (Նեռին) այնքան է գործելու, մինչև որ վեր չառնվի»:
Սուրբ Հոգու և Նեռի հոգու միջև եղած հակամարտությունը նկարագրված է 1-ին Հովհաննես 4:3-4-ում. «Եվ ամեն հոգի, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստծուց չէ. և նա Նեռի հոգին է, որ լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է: Դուք Աստծու՛ց եք, որդյակնե՛ր և հաղթեցի՛ք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեզանում է, քան թե նա, որ աշխարհի մեջ է»:
Նեռի հոգին արդեն գործում է աշխարհում և դրա աշխատանքն ուղղված է այն բանին, որ անձամբ հայտնվի Նեռը: Սուրբ Հոգին ապրում է Քրիստոսի բոլոր աշակերտների մեջ, որն արգելում է Նեռի հայտնվելուն: Այդ պատճառով այն աշակերտները, որոնց մեջ Սուրբ Հոգին ներկա է, պատնեշի դեր են խաղում` խափանելով անօրինության գալը և Նեռի ամբողջական տիրապետությանը: Դա է պատճառը, որ քրիստոնյաների վրա պատասխանատվություն կա, որը միաժամանակ նաև արտոնություն է` հակադրվելով Նեռի իշխանությանը և Սուրբ Հոգու օգնությամբ ժամանակավորապես զսպել դրա դրսևորումը: