Դերեկ Պրինս. «Զիջելու պատրաստ»
Հատված «Զիջելու շնորհքը» գրքից
Ես ցանկանում եմ դիտարկել զիջելու որոշ օրինակներ՝ սկսած 3-րդ Թագավորաց 3-րդ գլխից։ Այս գլխի առաջին հատվածում Աստված Սողոմոնին երազում հայտնվում և ասում է. «Խնդրի՛ր, թե քեզ ի՞նչ տամ»։ Բավականին դժվար դրության մեջ ես հայտնվում, երբ Աստված հանկարծ հարցնում է. «Ի՞նչ ես հիմա ուզում։ Ասա՛ և ես քեզ կտամ»։ Դուք կհիշեք, որ Սողոմոնը չխնդրեց հարստություն, փառք, նա անգամ իր թշնամիների մահը չխնդրեց, այլ իմաստություն խնդրեց Աստծուց։ Սողոմոնն ասաց. «Տուր ինձ իմաստություն և լսող սիրտ»։ Այս խնդրվածքն Աստծուն դուր եկավ և Նա ասաց. «Որովհետև դու խնդրեցիր այդ, ես կտամ քեզ այն մնացածները նույնպես, որ դու չխնդրեցիր»։
Այդ դեպքից անմիջապես հետո մի դեպք է լինում, երբ երկու մարմնավաճառ կանայք եկան Սողոմոնի մոտ։ Նրանք միասին մեկ տան մեջ էին ապրում։ Նրանք երկուսն էլ ծննդաբերեցին և իրենց երեխաներին իրենց անկողնում դրեցին։ Գիշերը կանանցից մեկը շուռ եկավ իր երեխայի վրա և խեղդամահ արեց նրան։ Այդ ժամանակ նա իր մեռած երեխային փոխում է մյուս կնոջ երեխայի հետ, իսկ առավոտյան նրանց միջև վեճ է ծագում։ Նրանցից ամեն մեկը երեխային ուզում էր իրեն վերցնել։ Կինը, որը երեխայի իսկական մայրն էր, պահանջում է իր երեխային, բայց մայրը, որի երեխան մահացել էր, ասում է, որ դա իրենն է։ Այդ պատճառով նրանք երկուսն էլ երեխայի հետ բերվեցին Սողոմոնի դատի առաջ։ Սողոմոնը լսեց գործը։ Իսկական մայրն ասում է. «Սա ի՛մ երեխան է»։ Մյուսն կինն էլ իր հերթին ասում է. «Ո՛չ, դա ի՛մ երեխան է»։ Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Մնում է միայն մեկ բան անել։ Ինձ մոտ բերեք սուրը»։ Երբ սուրը տրվեց Սողոմոնին, նա ասաց. «Ես երեխային երկու մասի կբաժանեմ, և ամեն մեկը թող իր կեսը ստանա»։ Այն կինը, որին երեխան չէր պատկանում, ասաց. «Ճի՛շտ է, կիսեք, և իմ բածինը ինձ տվեք»։ Սակայն իսկական մայրը չէր կարող տեսնել, թե իր զավակն ինչպես է սպանվում, և նա աղաղակում է. «Ո՛չ, երեխան տվեք նրան, թո՛ղ նա ապրի»։ Եվ Սողոմոնն ասաց. «Նա՛ է երեխայի մայրը»։ Արդյունքում նրա իմաստության համբավը հայտնի է դառնում ամբողջ Իսրայելում։
Այս դասը շատ պարզ է։ Եթե դա ձեր երեխան է, դուք ավելի շուտ նրան այլ կնոջ կտաք, քան կցանկանաք նրան մեռած տեսնել։ Սա իրական փորձություն է։ Շատ անգամ քրիստոնեական ծառայության մեջ եղել է, երբ մեկը մի բան է արել, որն իրեն է պատկանել, սակայն մեկ այլ անձնավորություն է ի հայտ եկել, ով վիճարկել և այդ ծառայությունն իրեն է պահանջել. արդյունքում վեճեր և պայքարներ են եղել։ Վերջին երեսուն տարիների պատմությունից կարող եմ շատ մարդկանց և բազամաթիվ նման դեպքեր հիշատակել։ Նման դեպքերի ստուգման ճիշտ պատասխանը կլինի հետևյալը. եթե դա ձեր երեխան է, ապա դուք կգերադասեք, որ այն մեկ ուրիշ կնոջ մոտ լինի, քան նրան սպանված տեսնեք։
Լինում են ժամանակներ, երբ մենք նման փորձության ենք ենթարկվում։ Իմ ծառայությու՞նն ու իմ հաջողությու՞նն եմ արդյոք ցանկանում կառուցել, ես իմ հեղինակությու՞նն եմ արդյոք ցանկանում բարձր պահել, թե՞ պատրաստ եմ իմ աշխատանքն ու ջանքը, ինչի համար ես աղոթել եմ, իմ նվաճումները, տալ ինչ-որ մեկին։ Դա կախված է այն բանից, թե ու՞մ ես ավելի շատ սիրում, քո անձը, թե՞ ձեր երեխային։
Երբ հաջորդ անգամ նման խնդրի առաջ կկանգնեք, դուք կկարողանաք գնահատել, թե որքան իրական է ձեր սերը։ Եթե դուք պատրաստ եք թողնել այն, ինչը սիրում եք, ապա ձեր սերն իրական է։ Սակայն եթե կեսն եք պահանջում, ուրեմն չեք սիրում։