Ասում են` նա, ով առաջինն է ներողություն խնդրում, ամենաքաջն է, նա, ով առաջինն է ներում, ամենաուժեղն է, իսկ նա, ով առաջինն է մոռանում, ամենաերջանիկն է։
Որևէ մեկին ներելը կարող է դժվար փորձառություն լինել մեզ համար։ Իսկ ինչո՞ւ պետք է ներել։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին և ոչ միայն պատասխանում, այլև քաջալերում, ուղղորդում և ներշնչում` ներելու նրանց, ովքեր մեզ ցավ են պատճառել։
Իրականում ներումը ոչ միայն այլոց համար է, այլև այն մեծապես նպաստում է մեր հոգևոր աճին։ Սերն ու ներումը չեն կարող տարանջատվել։ Եթե որոշել ենք ապրել Աստծո սիրով և այն դարձնել մեր նպատակը, ապա ներումը անխուսափելի իրականություն է մեզ համար։
Ահա մի քանի կարևոր կետեր ներման վերաբերյալ, որոնք անչափ օգտակար կարող են լինել ձեզ համար։
1. Պետք է ներել, քանի որ մենք էլ մեղավոր ենք
Մատ. 6:15-16
«Որովհետև, եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չթողնեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները»։
Կող. 3:13
«Իրար համբերելով և իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք»։
Եփես. 4:31-32
«Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն, և աղաղակ և հայհոյություն թող վեր առնվի ձեզանից` ամեն չարության հետ։ Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած` իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց»։
2. Պատրա՛ստ եղիր ներելու կրկին և կրկին
Մատ. 18:21-22
«Այն ժամանակ Պետրոսը Նրա մոտ գալով ասաց.
-Տե՛ր, քանի՞ անգամ եթե իմ եղբայրն ինձ դեմ մեղք գործի, ներեմ նրան. մինչև յոթն անգա՞մ»։
Հիսուսը նրան ասաց.
-Չե՛մ ասում քեզ մինչև յոթն անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթը»։
3. Խուսափի՛ր ուրիշների վրա ճնշում գործադրելուց
2 Կորնթ. 2:5-8
«Ապա եթե մեկը տրտմեցրել է, ոչ թե ինձ է տրտմեցրել, այլ փոքրիշատե, որ չծանրացնեմ ձեզ ամենիդ։ Բավական է այնպիսի մարդու համար այն խրատը, որ շատերից եղավ։ Այսուհետև ընդհակառակը` ավելի ներեցեք և մխիթարեցեք. միգուցե շատ սաստիկ տրտմությունից այդպիսին խեղդվի։ Սրա համար աղաչում եմ ձեզ, որ սերը հաստատեք նրա վրա»։
4. Սերը մղում է մեզ ներել ուրիշներին
1 Կորնթ. 13:4-6
«Սերը երկյանամիտ է, քաղցր է։ Սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ»։
5. Ներումն առաջնահերթ է և անհետաձգելի
Մատ. 5:23-24
«Արդ եթե սեղանի վրա մատուցանես քո ընծան և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի բան ունի, թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջ և գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ և հետո եկ և ընծադ մատուցիր»։
6. Ների՛ր և ոչ թե դատի՛ր
Ղուկ. 6:37
«Եվ մի՛ դատեք և չեք դատվի, մի՛ դատապարտեք և չեք դատապարտվի. արձակե՛ք և կարձակվեք»։
Հովհ. 8:7
«Բայց երբ որ ստիպում էին` հարցնելով նրան, վեր նայեց և ասաց.
– Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցի դրա վրա»։
7. Ահա ներման մի գեղեցիկ օրինակ
Գործք 7:58-59
«Եվ քարկոծում էին Ստեփանոսին, որ կանչում էր և ասում.
-Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ հոգին։
Եվ ծունկի եկավ և բարձր ձայնով աղաղակեց.
-Տե՛ր, այդ այդ մեղքը մի՛ համարիր դրանց. և այս ասելով` ննջեց»։
8. Հիսուսը մեր օրինակն է
Ղուկ. 23:33-34
«Եվ երբ եկան այն վայրը, որ Գողգոթա էր կոչվում, այնտեղ խաչեցին Նրան։ Եվ այն չարագործներին էլ` մեկը աջ կողմին և մյուսը ձախ կողմին։ Եվ Հիսուսն ասաց.
-Հա՛յր, թող դրանց, որովհետև չգիտեն` ինչ են անում։
9. Ներումը Հիսուսի հրամանն է
Ղուկ. 17:3-4
«Զգույշ կացեք ձեր անձերին։ Եթե քո եղբայրը մեղանչի քո դեմ, հանդիմանիր նրան։ Եվ եթե ապաշխարի, ներիր նրան։ Եվ եթե օրը յոթն անգամ քո դեմ մեղանչի և յոթն անգամ քեզ մոտ դառնա և ասի` Ապաշխարում եմ, ների՛ր նրան»։
10. Ահա թե ինչպես պետք է վերաբերենք թշնամիներին
Հռոմ. 12:20
«Արդ եթե քո թշնամին սոված է, հաց տուր նրան, և եթե ծարավ է, ջուր տուր նրան։ Որովհետև կրակի կայծեր կժողովես նրա գլխի վրա»։
Հավատում եմ, որ ձեր կյանքը մեծապես կօրհնվի ուրիշներին ներելու շնորհիվ։ Իսկ պատրա՞ստ եք արդյոք ներել նաև ուրիշներին օրհնություն պատճառելու համար։ Ձեր որոշումը մեծապես կազդի թե՛ ձեր կյանքի և թե՛ ուրիշների վրա։ Ապա ի՞նչն է ձեզ խանգարում հենց հիմա մեկ րոպե ժամանակ հատկացնել և աղթքով որոշում կայացնել ներել.
«Սիրել՛ Հայր,
շնորհակալ եմ, որ Դու ներել ես իմ անթիվ և անհամար մեղքերն այն դեպքում, երբ ես արժանի չէի դրան։ Շնորհակալ եմ, որ Քո Որդին մահացավ, որ ես ներված լինեմ և հարություն առավ, որ կարողանամ ուրիշներին ներել։ Ես հիմա Քո Սուրբ Հոգու զորությամբ որոշում եմ կայացնում ներել և օրհնել բոլոր նրանց (թվե՛ք նրանց անունները), ովքեր ցավացրել են ինձ։ Շնորհակալությո՛ւն Հայր, որ դու ներում ես ինձ, քանի որ ես էլ ներում եմ բոլոր նրանց, ովքեր մեղք են գործել իմ դեմ։ Ամե՛ն»։
Պատրաստեց Վազգեն Զոհրաբյանը