ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դերեկ Պրինս

Այն կարևոր և առանձնահտուկ արդյունքը, որ լինում է եկեղեցում Սուրբ Հոգու ներկայության շնորհիվ, երևում է եկեղեցական կյանքի, պաշտամունքի և ծառայությունների մեջ եկեղեցու բոլոր անդամների ակտիվ մասնակցության միջոցով: Այսօր քրիստոնեական եկեղեցիների մեծ մասի կանոնավոր ծառայությունների մեջ գրեթե ամբողջ նախաձեռնությունն ու եկեղեցու գործունեությունը սահմանափակվում է ընդամենը մի քանի անձանց մասնակցությամբ:
Համայնքը` եկեղեցին, որպես մեկ ամբողջություն կարող է մասնակցություն ունենալ որոշ հստակ գործողությունների մեջ, որոնք են` երգեր երգելն ու աղոթքներ կրկնելը, կամ դրանց արձագանքելը: Ինչպես նաև, կարող են մեկ կամ երկու վերապատրաստված խմբեր լինել, ինչպիսիք են` երգչախումբը կամ նվագախումբը: Սակայն, բացի այդ, շատ քրիստոնեական համայնքների մեծամասնությունում իրական նախաձեռնությունն ու գործունեությունը մեկ կամ երկու անձանց է թողնված, մինչդեռ հավաքույթի մնացած մասնակիցներից քիչ ավելին է ակնկալվում, քան ժամանակ առ ժամանակ «Ամեն» ասելը:
Այնուամենայնիվ, եթե մենք բաց մտքով ուսումնասիրենք Նոր Կտակարանում նկարագրված վաղ եկեղեցու կյանքն ու պաշտամունքը, ապա կտեսնենք, որ ցանկացած ծառայության ժամանակ ներկա գտնվող բոլոր հավատացյալներն իրենց ակտիվ մասկցությունն ունեին:
Դա Սուրբ Հոգու գերբնական ներկայության և զորության շնորհիվ էր, Ով գործում էր յուրաքանչյուրի հավատացյալի միջից և միջոցով:

ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՆ ՏՐՎԱԾ
Առաջին կետը, որ պետք է նշենք, այն է, որ ըստ նորկտակարանյան օրինակի, Սուրբ Հոգու գերբնական պարգևները հավատացյալներին իրենց համար չէ, որ տրվում են, այլ` նրանք անոթի դեր են կատարում` գործածելով դրանք եկեղեցու կամ համայնքի համար` որպես մեկ ամբողջականություն: Հետևաբար, նրանք չենք կարող հասնել իրենց պատշաճ նպատակին, եթե ազատորեն չդրսևորվեն և չգործածվեն համայնքի կյանքի մեջ:
Սա հստակորեն երևում է Պողոսի ուսուցումից` 1Կոր. 12-րդ գլխի մեջ: 12-րդ գլխի 7-ից 11-րդ համարների մեջ Պողոսը Սուրբ Հոգու ինը գերբնական հատուկ պարգևներն է թվարկում` ավարտելով հետևյալ խոսքերով. «Բայց այս ամենը միևնույն Հոգին է գործում և յուրաքանչյուրին առանձին-առանձին բաժանում է, ինչպես Ինքն է կամենում» (11-րդ խոսք): Վերջին արտահայտությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ պարգևներն առաջին հերթին անհատապես են տրվում: Այնուամենայնիվ, Պողոսն այդտեղ կանգ չի առնում:
Նույն գլխի` հաջորդ 16 (12-ից 27-րդ) համարների մեջ Պողոսը շարունակելով ասում է, որ եկեղեցին նման է բազմաթիվ անդամներ ունեցող մարմնի, և յուրաքանչյուր հավատացյալի նա նմանեցնում է այդ մարմնի անդամներից մեկին` հետևյալ վերջաբանով. «Այժմ դուք Քրիստոսի մարմինն եք և մասնավորապես` նրա անդամները» (27-րդ խոսք): Հոգևոր պարգևները հիմնականում նախատեսված չեն անհատների օգտի, այլ ողջ եկեղեցու կյանքի և պաշտամունքի համար:
Այս ճշմարտությունը հաստատվում է Պողոսի կողմից հաջորդ համարի մեջ, որը հետևյալն է. «Եվ Աստված ոմանց եկեղեցու մեջ դրեց, նախ` առաքյալներին, երկրորդ` մարգարեներին, երրորդ` վարդապետներին, հետո` հրաշքներ, հետո` բժշկությունների պարգևներ, օգնություններ, կառավարելու շնորհներ, տարբեր լեզուներ» (28-րդ խոսք):
Խոսելով այստեղ տարբեր ծառայությունների և Սուրբ Հոգու գերբնական պարգևների մասին` Պողոսն ասում է, որ դրանք բոլորն էլ Աստծո կողմից են նշանակված եկեղեցում: Այսինքն, դրանք նախատեսված են ոչ թե անձնական գործածության համար, այլ, որ դրանք հասարակայնորեն դրսևորվեն եկեղեցում` Աստծո ժողովրդի մեջ, որպես մեկ ամբողջություն:

 

ՃՐԱԳԱԿԱԼ
Նույն ճշմարտության մասին զարմանալիորեն Հիսուսն էլ է մի առակով խոսում Իր լեռան քարոզի մեջ.
«Ո՛չ էլ ճրագը կվառեն և կաթսայի տակ կդնեն, այլ` աշտանակի վրա, որ լույս տա բոլոր նրանց, ովքեր տան մեջ են» (Մատթ. 5:15):
Այս առակի մեջ օգտագործվող երկու հիմնական խորհրդանիշները լամպն ու ճրագակալն (աշտանակ) են: Ճրագակալի խորհրդանիշը կարող ենք մենկաբանել` մեջբերելով Հայտն. 1:20-ը. «Յոթ աշտանակները, որ դու տեսնում ես, յոթ եկեղեցիներն են»:
Ամբողջ Աստվածաշնչի մեջ աշտանակը (ճրագակալը) օգտագործվում է որպես եկեղեցու կամ համայնքի խորհրդանիշ:
Մոմի կամ լամպի խորհրդանիշը կարող ենք մեկնաբանել` մեջբերելով Առ. 20:27-ը. «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է, քննում է սրտի բոլոր խորքերը»: Այսպիսով, ճրագը հավատացյալի հոգու խորհրդանիշն է, որը պետք է վառվի և լույս տա Սուրբ Հոգու կրակով, Ով բնակվում է հավատացյալի ներսում: Իսկ ավելի պարզ` վառված ճրագը կամ մոմը ներկայացնում է Սուրբ Հոգով մկրտված և Նրա կրակով վառվող հավատացյալին:
Վերադառնալով Մատթ. 5:15-ին` Հիսուսն ասում է, որ Հոգով մկրտված հավատացյալը պատկանում է աշտանակին, այսինքն եկեղեցուն` Աստծո ժողովրդի հավաքույթին: Կաթսայի տակ դրված կամ ծածկված ճրագն իր տեղում չէ և անօգուտ է: Այնպես, ինչպես վառված մոմն է պատկանում աշտանակին, Հոգով մկրտված հավատացյալն էլ պետք է պարտավորություն ստանձնի Աստծո ժողովրդի մեջ իր ճիշտ տեղը զբաղեցնելու համար: Այն հավատացյալը, ով Սուրբ Հոգով է մկրտված, սակայն հանրության մեջ երբեք որևէ հոգևոր պարգև չի գործածել, նման է կաթսայի տակ դրված ճրագի:
Սուրբգրային այս համարներից պարզ է դառնում, որ Սուրբ Հոգով մկրտությունը և Նրա գերբնական դրսևորումները նպատակաուղղված են արդյունավետ և ազդեցիկ դեր խաղալ եկեղեցու կյանքի և պաշտամունքի մեջ: Երբ Սուրբ Հոգու ներկայությունն ու զորությունը հրապարակայնորեն դրսևորվում են տարբեր հավատացյաների միջոցով, արդյունքն այն է լինում, որ համայնքի ամբողջ կյանքն ու պաշտամունքը լիովին վերափոխվում են: Ծառայություն իրականացնելու հիմնական պատասխանատվությունն այլևս մեկ կամ երկու հոգի չեն կրում, մինչդեռ մնացածը բավականին պասիվ են: Ընդհակառակը, եկեղեցու յուրաքանչյուր անդամ սկսում է ակտիվ մասնակցություն ունենալ ծառայության մեջ, և ոչ թե ամբողջ ժամանակ մեկ կամ երկու հոգի, այլ` տարբեր անդամներ ծառայում են մեկը մյուսին:
Սա մարմնի և նրա անդամների վերաբերյալ Պողոսի կողմից բերված օրինակն է, որը նաև Պետրոս առաքյալի խոսքերով է հաստատվում.
«Ամեն մեկը ինչ պարգև, որ ստացել է, դրանով թող ծառայի մյուսներին` որպես Աստծո բազմատեսակ շնորհի լավ տնտես: Եթե մեկը խոսում է, թող խոսի` ըստ Աստծո պատգամների, եթե մեկը ծառայի, թող դա անի` ըստ Աստծո տված կարողության, որ ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փառք և զորություն հավիտյանս հավիտենից: Ամեն» (1Պետ. 4:10-11):
Պետրոսն այստեղ խոսում է Աստծո «բազմատեսակ» շնորհի մասին: Աստծո շնորհն այնքան հարուստ և բազմակողմանի է, որ այդ շնորհի տարբեր կողմերը կարող են դրսևորվել յուրաքանչյուր հավատացյալի միջոցով` Աստծո ժողովրդի ընդհանուր ծառայության և երկրպագության մեջ: Աստծո շնորհն այնքան հարուստ է, որ եկեղեցու յուրաքանչյուր անդամ կարող է դա հատուկ ձևով դրսևորել` այդպիսով ինչ-որ բանով ծառայելով մնացած բոլոր անդամներին: Պողոսի օգտագործած բառերից պարզ է դառնում, որ եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է ներգրավված լինի պարգևների գործածության մեջ և ոչ ոք չպետք է առանց պարգևի կամ ծառայության մնա: Պետրոսն ասում է. «Ամեն մեկը ինչ պարգև, որ ստացել է, դրանով թող ծառայի մյուսներին»: Եվ կրկին, հաջորդ համարի մեջ. «Եթե մեկը խոսում է…, եթե մեկը ծառայի»: Այստեղ չի նշվում, որ եկեղեցում մեկ կամ երկու «մասնագետներ» կամ լիաժամ աշխատողներ պիտի ծառայեն, իսկ մնացած անդամները հիմնականում ակտիվ չլինեն:

 

ԱԿՏԻՎ ԱՆԴԱՄՆԵՐ

Եկեղեցու այս պատկերը, որ ամեն մի անդամ պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա եկեղեցական կյանքի և պաշտամունքի մեջ, հաստատվում է Պողոսի խոսքերով.

«Ինձ տրված շնորհով ասում եմ ձեզանից ամեն մեկին, որ դուք ձեր մասին ավելի բարձր համարում մի՛ ունեցեք, քան պետք է, այլ զգաստությա՛մբ մտածեք, այն հավատի չափով, որ Աստված յուրաքանչյուրիդ բաժանեց, որովհետև, ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, և բոլորը միևնույն գործը չեն կատարում. այնպել էլ մենք, շատ լինելով, մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, և յուրաքանչյուրս միմյանց անդամ ենք: Միայն թե տարբեր պարգևներ ունենք այն շնորհով, որ մեզ տրված է: Եթե ունենք մարգարեություն` հավատի չափով մարգարեանանք, եթե սպասավորություն, ապա սպասավորության մեջ լիենք: Եթե մեկը սովորեցնող է, սովորեցնելու մեջ լինի, կամ նա, որ քաջալերող է, թող քաջալերի, նա, որ տալիս է, թող պարզությամբ անի դա, նա, որ ղեկավարում է` ջանասիրաբար, իսկ նա, որ ողորմություն է ցույց տալիս, ուրախությամբ անի» (Հռ. 12:3-8):
Այս համարների մեջ Պողոսը կրկին անգամ եկեղեցին նմանեցնում է մարմնի, որի անդամները հավատացյալներն են, և նա մեծ շեշտ է դնում նրանցից յուրաքանչյուրի ակտիվ գործունեության վրա: Պողոսը սովորեցնում է, որ Աստված յուրաքանչյուր հավատացյալին հատուկ պարգև է շնորհել և հատուկ ծառայություն սահմանել: Աստված յուրաքանչյուր անդամի համար նաև հավատքի չափ է սահմանել, որպեսզի նա կարողանա հաջողողությամբ իրականացնել իր համար սահմանված և որոշված ծառայությունը: Այսպիսով, Նոր Կտակարանի եկեղեցու պատկերն ուժեղ և ակտիվ մարմինն է, որտեղ յուրաքանչյուր հավատացյալ պատշաճ կերպով իր հատուկ գործառույթն է կատարում: Այն եկեղեցիներում, որտեղ մեկ կամ երկու հոգի են ակտիվ ծառայության մեջ, Նոր Կտակարանի չափանիշների համաձայն նման են այն մարմնին, որի միայն գլուխը, մեկ ձեռքն ու ոտքն են գործում, իսկ մարմնի մնացած մասերը կաթվածահար են եղած և ոչ պետքական են:
1-ին Կոր. 12-րդ գլխի մեջ Պողոսը հատկապես շեշտադրում է կատարում նորկտակարանյան եկեղեցում Սուրբ Հոգու կողմից եկեղեցու յուրաքանչյուր անդամին շնորհված գերբնական ծառայության մասին: Նա ասում է. «Բայց Հոգու հայտնությունը տրված է յուրաքանչյուրին բոլորի օգտի համար»: Եվ կրկին անգամ Սուրբ Հոգու ինը գերբնական պարգևների վերաբերյալ առաքյալն ասում է. «Բայց այս ամենը միևնույն Հոգին է գործում և յուրաքանչյուրին առանձին-առանձին բաժանում է, ինչպես Ինքն է կամենում»:
Այս խոսքերից պարզ է դառնում, որ Աստծո հայտնի կամքն է, որ եկեղեցու յուրաքանչյուր անդամ հոգևոր պարգևներ ունենա և դրանք հասարակայնորեն գործածի և դրսևորի իր մեջ բնակվող Սուրբ Հոգու միջոցով: Եթե բոլոր հավատացյալները չեն գործածում այդ պարգևները, դա ոչ թե այն պատճառով է, որ Աստված դրանք չի շնորհել, այլ, պարզապես, որ այդպիսի հավատացյալները (անզգուշության կամ անհավատության պատճառով) չեն ձգտում մտնել Իր ժողովրդի համար ունեցած Աստծո հայտնի կամքի լիության մեջ:

 

ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1-ին Կոր. 14:5-ում Պողոսը հետևյալն է ասում. «Ես կկամենայի, որ բոլորդ էլ լեզուներով խոսեք, բայց հատկապես որ մարգարեանաք»: Քանի որ Պողոսն այստեղ Սուրբ Հոգուց ներշնչված է գրում, նրա խոսքերը եկեղեցուն փոխանցում են Աստծո հայտնի կամքն Իրեն հավատացող ժողովրդի համար, թե՛ լեզուներ խոսելու, թե՛ մարգարեանալու վերաբերյալ: Եթե կան հավատացյալներ, ովքեր չեն օգտվում պարգևներ գործածելուց, դա այն պատճառով չէ, որ Աստված այդ պարգևները թաքցրել է նրանցից, այլ` պարզապես այն պատճառով է, որ հավատացյալները մուտք չեն գործել Քրիստոսի մեջ ունեցած իրենց ժառանգության լիության մեջ: Հին ուխտի մեջ Աստված Հեսուին և Իր ժողովրդին հետևյալն ասաց. «Դեռ շատ երկրներ մնացին ժառանգվելու» (Հես.13:1): Այնպես որ, սա այսօր էլ է նույնը Նոր ուտի մեջ` Աստծո ժողովրդի համար:
1-ին Կոր. 14:13-ում Պողոսը նաև հետևյալն է ասում. «Այդ պատճառով, անծանոթ լեզու խոսողը թող աղոթի, որ կարողանա նույնպես մեկնել»: Պարզ երևում է, որ Աստծո Խոսքը մեզ չի ասում աղոթել մի բանի համար, որ Աստծո կամքը չէ, որ մենք ունենանք: Հետևաբար, գիտենք, որ Աստծո կամքն է այն բոլոր հավատացյալների համար, ովքեր լեզուներ են խոսում, նաև մեկնեն այդ լեզուները: Քանի որ Պողոսն արդեն ասել է, որ Աստծո կամքն է, որ բոլորը լեզուներ խոսեն, ապա դրանք մեկնելն էլ է Նրա կամքի մեջ:
Եվ կրկին, 1-ին Կոր. 14:31-ում Պողոսն ասում է. «Որպեսզի մեկ առ մեկ մարգարեություն անեք, որ բոլորն էլ սովորեն ու բոլորն էլ մխիթարվեն»: Ոչինչ չի կարող սրանից ավելի պարզ լինել: Աստծո բացահայտ կամքի մեջ է, որ եկեղեցու բոլոր անդամները գործածեն մարգարեության հոգևոր պարգևը: Աստծո կամքի այս ընդհանուր հայտնության վերաբերյալ Պողոսը միայն երկու սահմանափակումներ է նշում: Վերը մեջբերված համարի մեջ նա ասում է. «մեկ առ մեկ»: Այսինքն, հավատացյալները պետք է հերթով գործածեն այս պարգևը, և միևնույն ժամանակ մեկ հոգի պետք է մարգարեանա: Նպատակն ակնհայտ է և նշվում է մի քանի խոսք հետո. «խառնաշփոթությունից խուսափելու համար» (33-րդ խոսք):
Մարգարեանալու վերաբերյալ հաջորդ սահմանափակիչ հանգամանքն ավելի շուտ է նշվում Պողոսի կողմից` 29-րդ համարի մեջ. «Մարգարեներից երկու կամ երեք հոգի թող խոսեն, իսկ մյուսները (այսինքն եկեղեցու այլ անդամները) քննեն»: Պողոսն այստեղ ասում է, որ ցանկացած ծառայության ընթացքում երկու կամ երեք հոգի են կարող մարգարեության պարգևը գործածել: Նպատակն այն է, որ ամբողջ ծառայության ընթացքում չդրսևորվի միայն մեկ հոգևոր պարգև: Մարգարեության պարգևն իր տեղն ունի ծառայության մեջ, սակայն այն չպետք է գերիշխի ողջ ծառայության ընթացքում: Սուրբ Հոգու ծառայությունն Աստծո ժողովրդի միջոցով դրանից շատ ավելի բազմազան է: Շատ այլ պարգևներ էլ են պահանջվում ծառայությունն ավելի ամբողջական դարձնելու համար: Այս համարի մեջ Պողոսը պարզ և հստակ ասում է, որ մարգարեության պարգևը պետք է քննվի: Նա ասում է. «Իսկ մյուսները քննեն»: Այստեղ օգտագործված «մյուսներ» բառը հունարենում հոգնակի թվով է և նշանակում է «մնացած անդամները», կամ, այլ ներկա գտնվող Հոգով մկրտված հավատացյալները, ովքեր կարող են զանազանել մարգարեության պարգևի իրական դրսևորումը: Նույնիսկ այստեղ տեսնում ենք, որ Պողոսը բոլոր անդամների ներգրավածությունն է շեշտում: Նա միայն մեկ ծառայողի չի նշում, ով պետք է քննի մարգարեությունը, այլ բոլոր հավատացյալներին մեկ ամբողջականություն է դարձնում, ովքեր պատասխանատվություն են կրում դա անելու համար:
Սա համապատասխանում է այն ամենին, ինչ Պողոսն ասում է 1-ին Թես. 5:19-21-ում. «Հոգին մի՛ մարեք: Մարգարեությունները մի՛ արհամարհեք: Ամեն բան փորձեցե՛ք և բարին ամու՛ր բռնեցեք»:
Այս երեք համարներն ուղղված են ընդհանրապես բոլոր քրիստոնյա հավատացյալներին և սերտ կապ ունեն իրար հետ: Սխալ է, երբ հավատացյալները մարում կամ մերժում են Սուրբ Հոգու շարժն ու դրսևորումն իրենց մեջ: Ինչպես նաև սխալ է, երբ հավատցյալները քննադատում, արհամարում, կամ անհավատություն են ցուցաբերում մարգարեության պարգևի դրսևորման հանդեպ: Մյուս կողմից, երբ այս պարգևը գործածվում է` հավատացյալները պետք է այն քննեն Սուրբ Գրքի չափանիշների համաձայն, այնուհետև ընդունեն կամ վերցնեն այն, ինչ բարի է և համապատասխանում է Սուրբ Գրքի չափանիշներին և օրինակներին:
Այնուհետև մենք տեսնում ենք, որ Պողոսն ուշադիր հսկում է այն ամենը, ինչ կարող է կեղծ լինել կամ խառնաշփոթ առաջացնել հոգևոր պարգևների գործածության կամ դրսևորման մեջ: Այնուամենայնիվ, Պողոսը բազմիցս ընդգծում և շեշտում է, որ եկեղեցու բոլոր հավատացյալները կարող են և պետք է ազատորեն հոգևոր պարգևներ գործածեն:

 

ԲՈԼՈՐԸ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆԱՆ
Արդյունքն ինչպիսի՞ն է լինում եկեղեցում, երբ բոլոր անդամներն ազատորեն և հրապարակայնորեն գերբնական պարգևներ են գործածաում: 1-ին Կոր. 14:26-ում Պողոսը այդպիսի մի ծառայություն է նկարագրում. «Ուրեմն ինչպե՞ս անել, եղբայրնե՛ր, երբ մեկտեղ հավաքվեք, ձեզնից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, լեզու ունի, հայտնություն ունի, թարգմանություն ունի, թող այդ ամենը հոգևոր շինության համար արվի»:
Ուշադրություն դարձրե՛ք «ձեզնից ամեն մեկն ունի» արտահայտությանը: Այնուհետև թվարկում է. սաղմոս, վարդապետություն, հայտնություն, լեզու, թարգմանություն:
Ընդհանրապես, երբ քրիստոնյաները հավաքվում են, նրանք գալիս են հիմնականում ստանալու` ոչ թե տալու կամ ներդրում անելու համար: Նրանք եկեղեցի են գալիս օրհնություն ստանալու, բժշկություն ընդունելու և քարոզչին լսելու համար: Սակայն նորկտակարանյան եկեղեցում այդպես չէր: Այնտեղ եկեղեցու անդամները չէին գնում հիմնականում ստանալու, այլ` տալու, իրենց ներդրումն ունենալու համար: Պողոսը պարզապես ներդրում անելու տարբեր ձևերն է նշում:
Սաղմոսը որոշակի երաժշտական ավանդ է իրենից ներկայացնում: Դա կարող է աստվածատուր տաղանդ կամ Սուրբ Հոգու կողմից տրված գերբնական շնորհ լինել:
Վարդապետությունն Աստծո Խոսքը ճշմարտապես ուսուցանելու կարողություն ունենալն է ցույց տալիս:
Լեզուները և թարգմանությունը կարող ենք հասկանալ որպես երեք գերբնական` լեզուներ խոսելու, թարգմանության և մարգարեության պարգևները:
Հայտնությունն իր մեջ ներառում է` իմաստության խոսքի, գիտության խոսքի և հոգիների զանազանության պարգևները:
Այսպիսով, հիմնականում հոգևոր գերբնական պարգևների գործածության միջոցով բոլոր հավատացյալներն իրենց անհատական ներդրումն են ունենում եկեղեցու ընդհանուր ծառայության և պաշտամունքի մեջ: Նրանք այդպիսով կարողանում են կատարել Պետրոսի կողմից տրված հրահանգը, որը հետևյալն է. «Ամեն մեկը, ինչ պարգև, որ ստացել է, դրանով թող ծառայի մյուսներին` որպես Աստծո բազմատեսակ շնորհի լավ տնտես» (1Պետ. 4:10): Մեկը մյուսին արդյունավետ կերպով ծառայելու անդամների կարողությունը հիմնականում այն փաստի շնորհիվ էր, որ նրանք ստացել էին այդ հոգևոր գերբնական պարգևները:
Եթե միմյանց ծառայելու նրանց ունակությունը կախված լիներ միայն կրթությունից կամ իրենց տաղանդներից, ապա շատ դեպքերում մենք կտեսնեինք այն, ինչ այսօր ենք տեսնում շատ եկեղեցիներում: Ծառայության հիմնական լուծն ընկած կլիներ միայն մի քանի անդամների ուսերին, իսկ մեծամասնությունը հիմնականում պասիվ կամ ոչ գործունյա վիճակի մեջ կլինեն` առանց որևէ իրական հնարավորություն ունենալու հոգևոր պարգներ արտահատելու կամ զարգացնելու:
Այդ սահմանափակումից և վրդովմունքից խուսափելու միակ լուծումը Սուրբ Հոգու ծառայությունն է եկեղեցում, Ով հոգևոր պարգևներ է բաժանում եկեղեցու բոլոր անդամներին անհատապես` Իր կամքի համաձայն: Այսպիսով, եկեղեցու անդամներն ազատվում են իրենց բնատուր սահմանափակումներից` բարձրանալով հոգևոր ոլորտի մեջ, որտեղ նրանք բոլորն էլ կարող են ազատորեն գործել և միասին բաժնեկցել եկեղեցու ընդհանուր ծառայության հոգսն ու բեռը: Եվ կրկին, այդպես անելով` Քրիստոսի մարմնի բոլոր անդամները կարող են արդյունավետորեն ակտիվ լինել և փոխարենը կարիք չի լինի, որ մեկ կամ երկու հոգի իրենց մասնակցությունը ցուցաբերեն, մինչդեռ մնացած անդամները ոչ ավելին են քան դիտորդներ: Այսպիսով, Քրիստոսի մարմինը` որպես մեկ ամբողջականություն, կկարողանա կատարել իր համար որոշված դերն ու գործառույթը: