Անաստվածային խառնուրդ
Հատված «Պաշտպանություն մոլորությունից» գրքից
Ես ցանկանում եմ համառոտ տալ իմ գնահատականն քրիստոնեության մեջ ի հայտ եկած որոշ երևույթների (կամ էլ շարժումների, կամ էլ ինչպես դուք կցանանաք, այդպես էլ անվանեք) վերաբերյալ: Իմ գնահատականի մի մասը բխում է իմ անձնական հետազոտություններից, իսկ մյուս մասը` այն բաներից, որոնք, ինչպես ես եմ հավատում, ճշմարիտ վկայություններ են: Իմ եզրակացությունը շատ պարզ է` վերջին ժամանակներում քրիստոնեության մեջ դրսևորվող որոշ երևույթներ հոգիների խառնուրդ է: Նրանց խառնում են միմյանց:
Ղևտացիներին գրքի 19:19-ում Աստված նախազգուշացնում է մեզ խառնուրդից: Նա խառնուրդի դեմ է: Աստված հետևյալն է ասում.
«Իմ կանոնները պահեք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորելու չտաս, քո արտում զանազան սերմ չվարես և երկու նյութից գործված այլախառն հանդերձ չհագնես»:
Այսպիսով, Աստված նախազգուշացնում է երեք բաների համար` անասունի մի տեսակի խառնուրդը մյուս տեսակի հետ, սերմերի խառնուրդը, խառը գործվածքից հանդերձ հագնելը:
Մենք կարող ենք ասել, որ խառը սերմեր ցանելը ներկայացնում է այն քարոզը, որը տանում ենք մարդկանց, երբ այն մասամբ ճշմարիտ է, մասամբ էլ` աղանդավորություն: Խառը հանդերձ հագնելը կյանքի ձևն է, որը մասամբ համապատասխանում է Գրություններին, իսկ մասամբ էլ` այս աշխարհին: Եվ վերջապես տարբեր տեսակի անասունների խառնուրդն այն բանի նախապատկերն է, երբ քրիստոնեական ծառայությունը կամ խումբը սկսում է համագործակցել մի խմբի կամ ծառայության հետ, որը ոչ մի ընդհանուր բան չունի քրիստոնեության հետ:
Եվ մի հետաքրքիր բան կա նման խառնուրդի մեջ. դրա արդյունքը միշտ անպտուղ է: Օրինակ, դուք կարող եք ձիուն խաչաձևել ավանակի հետ, և արդյունքում ջորի կստանաք: Բայց ջորին միշտ անպտուղ է, նա ի վիճակի չէ սերունդ տալ: Ես կարծում եմ, որ սա այն բանի պատճառն է, թե ինչու քրիստոնեական աշխարհում այսքան շատ «անպտուղ» գործունեություններ կան. դրանք հղիացել են սխալ գործընկերոջ հետ միությունից:
Այսպիսով, ես ուշադրությամբ ուսումնասիրեցի այս երևույթը: Նման իրավիճակից, ինչպիսին հոգիների խառնուրդն է, ինքս տանջալից ապրումներ եմ ունեցել: Ես հայտնաբերեցի, որ սա այն է, ինչի դեմ նախազգուշացնում է մեզ Սուրբ Գիրքը: Օրինակ, Աստվածաշնչում կա մի անձնավորություն` Սավուղ թագավորը, որը հոգիների խառնուրդ ուներ: Մի ժամանակ նա մարգարեանում է Սուրբ Հոգով, իսկ մեկ այլ ժամանակ մարգարեանում է դիվային ոգով: Նրա ճակատագիրը նախազգուշացում է մեզ համար: Նա թագավոր էր, որը շուրջ քառասուն տարի տիրեց: Նա հաղթական զորավար էր: Նա շատ ձեռքբերումներ ուներ: Բայց խառնուրդը կործանեց նրան, և նա ողբերգական ավարտ ունեցավ: Իր կյանքի վերջին գիշերը նա օգնության համար դիմում է կախարդին, իսկ հաջորդ առավոտ պատերազմի դաշտում ինքնասպանության է դիմում: Ճշմարիտ չէ՞ արդյոք, որ այս ամենը մեզանից ոչ ոքի չի խրախուսում մեր կյանքում որևէ հոգևոր խառնուրդ գործածել:
Ես նկատել եմ, որ խառնուրդի արդյունքը դրսևորվում է երկու բանում` առաջին հերթին դա խառնակություն է, այնուհետև` բաժանություն: Օրինակ, մենք քարոզում ենք այնպիսի խառնածին քարոզ, որի մի մասը ճշմարիտ է, իսկ մյուս մասը` սուտ: Մարդիկ կարող են երկու տեսակի արձագանք ունենալ: Ոմանք կտեսնեն բարին և կկենտրոնանան դրա վրա և հետևաբար կուլ կտան նաև վատը: Ուրիշներն էլ կկենտրոնանան վատի վրա և հետևաբար կմերժեն լավը: Յուրաքանչյուր դեպքում սա Աստծո մտադրությունը չէ:
Մի ժամանակ ես հովիվ էի: Դա շատ շուտ էր, բայց ես հիշում եմ, որ մարդկանց ամենադժվար տեսակը, որոնց հետ ստիպված էի գործ ունենալ, այն մարդիկ են, ովքեր նման խառնուրդի արգասիքն են: Ես ձեզ ոչ մեծ, սակայն ակնառու մի օրինակ ցույց կտամ: Ենթադրենք, որ մեր ժողովում կա Մարիա անունով մի քույր: Մի կիրակի նա հրաշալի մարգարեական պատգամ է ասում, և մենք բոլորս ոգևորվում և հիանում ենք: Բայց երկու կիրակի անց նա կանգնում է և առաջ է բերում մի հայտնություն, որը ստացել է իր երազում: Որքան նա շարունակում է պատմել այդ հայտնությունը, ավելի անհավանական և ոչ ճշմարտանման է այն դառնում: Իհարկե, որպես հովիվ ես պետք է ասեմ. «Քույ՛ր Մարիա, ես շնորհակալ եմ ձեզանից, բայց ես չեմ հավատում, որ դա Աստծուց է»: Նա կնստի, սակայն դրանով ոչինչ չի վերջանա:
Ծառայությունից հետո քույր Աննան մոտենում է ինձ և ասում. «Եղբա՛յր Պրինս, ինչպե՞ս դուք կարողացաք նման բան ասել Մարիա քրոջը: Թե՞ արդյոք դուք չեք հիշում այն հրաշալի մարգարեությունը, որը նա ասաց երկու կիրակի առաջ»: Եվ երբ քույր Աննան հեռանում է, Պետրոս եղբայրը մոտենում է ինձ և ահա թե ինչ է ասում. «Եթե նրա բոլոր ունեցած հայտնությունները նման ձևի են, ապա ես չեմ ցանկանում լսել նրա մարգարեությունները»:
Այսպիսով, տեսնու՞մ եք, թե ինչ ստացվեց: Խառնակություն և որպես խառնակության հետևանք` բաժանություն: Եվ ես հավատում եմ, որ հենց սա է տեղի ունենում եկեղեցիներում` խառնակությունը բաժանություն է բերում: Եվ, իրո՛ք, դա հսկայական բաժանում է: Եվ ես հավատում եմ, որ խառնակությունը միշտ բաժանություն է առաջացնում:
Աստվածաշունչը մեզ ոչ մի ազատություն չի տալիս թշնամու` եկեղեցու մեջ մխրճվելու հանդեպ անհոգ լինելու համար: Մենք չպետք է անտարբեր լինենք, մենք չենք կարող չեզոք լինել: Առակաց 8:13-ն ասում է. «Տիրոջ երկյուղը չարն ատելն է»:
Չարին փոխզիջման գնալը մեղք է: Չարիքի հանդեպ չեզոք լինելը մեղք է: Հովհաննեսի 10:10-ում Հիսուսը խոսում է գողի` սատանայի մասին , որը գալիս է գողանալու, սպանելու և կորցնելու համար: Մենք միշտ պետք է հիշենք, լինի դա մեր անձնական կյանքը, թե համայնքի կյանքը, որ սատանան գալիս է գողանալու, սպանելու և կորցնելու: Ես հիշում եմ, թե ինչպես բազում դեպքերում, խոսելով պիղծ ոգիներից ազատագրության կարիք ունեցող մարդկանց հետ, ասում եմ. «Հիշի՛ր, սատանան քո կյանքում մնալու երեք նպատակ ունի` գողանա, սպանի և կորցնի: Եվ դու կարիք ունես կանգնել նրա դեմ. մի՛ եղիր չեզոք, դու պետք է հեռացնես նրան քեզանից»: Եվ սա ճշմարիտ է ինչպես առանձին անձի համար, այնպես էլ համայնքի համար: Սա ճշմարիտ է Քրիստոսի մարմնի համար ամբողջ աշխարհում:
Նման անսովոր դրսևորումներից որոշները համեմատվում էին այն անսովոր դրսևորումների հետ, որոնք ուղեկցել են Ջոն Վեսլիի, Ջորջ Ուայթֆիլդի, Ջոնաթան Էդվարդսի և Չարլզ Ֆիննեյի ծառայությունները: Անսովոր դրսևորումներն անկասկած տեղ են գտել այս չորս մարդկանց ծառայությունների մեջ: Ես անձամբ եմ ուսումնասիրել նրանցից ոմանց ծառայությունը, բայց համարում եմ, որ տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանուր գծերը: Թույլ տվեք ձեր ուշադրությունը դարձնել երեք տարբերությունների վրա:
Առաջին հերթին բոլոր այս մարդիկ գլխավոր շեշտը դնում էին Աստծո Խոսքի ուժեղ քարոզչության վրա: Նրանց համար դժվար էր որևէ բան անելը մինչև չքարոզեին Աստծո Խոսքը: Ֆիննեյն անձամբ իր ծառայությունն այսպես էր նկարագրում. «Ես սովորաբար քարոզում եմ մեկ կամ երկու ժամ»: Ես չգիտեմ, թե արևմուտքի ժամանակակից որքան քրիստոնյաներ ի վիճակի կլինեն լսելու երկու ժամանոց քարոզ, բայց Ֆիննեյը հենց այս ձևով էր մատուցում Խոսքը` դրանից բխող սրբությամբ և զորությամբ:
Երկրորդ տարբերությունն այն է, որ բոլոր այս մարդիկ մեծ շեշտ էին դնում ապաշխարության կոչի վրա: Սա մարդկանց ուղղված նրանց հիմնական պահանջն էր: Որոշ մարդիկ այդ երևույթը «թարմացնող շարժ» են անվանում, բայց Գործք Առաքելոց 3:19-ում Պետրոսն ասում է, որ նման թարմացնող շարժը կարող է գալ միայն ապաշխարության միջոցով: Մեկ այլ թարմացնող շարժ, որը շրջանցում է ապաշխարությունը, աստվածաշնչյան չէ:
Երրորդ տարբերությունն այն է, որ այս մարդկանց ծառայության մեջ, որքան որ ես գիտեմ, չի գրանցվել մի դեպք, որ նրանցից որևէ մեկը ձեռք դներ մարդկանց վրա: Ես չեմ ասում, որ ձեռնադրությունը սուրբգրային չէ, բայց գոյություն ունի որոշակի տարբերություն: Կան իրավիճակներ, երբ մարդիկ, որևէ բան են ընդունում անմիջապես Աստծո Խոսքի քարոզից և կան նաև այլ իրավիճակներ, երբ մարդիկ որևէ բան ընդունելու համար ձեռք են դնում մյուսներրի վրա:
Եթե դուք թույլ տաք, ձեզ մի պարզ օրինակ ցույց կտամ: Դա անձրևի նման է: Եթե դուք ծածկոցի տակ չեք, և անձրևը թափվում է ձեզ վրա, ապա անմիջապես երկնքից եք ընդունում այն: Բայց մեկ այլ կողմից, եթե անձրևաջուրը հավաքվում և պահպանվում է որևէ տարայի մեջ, ապա այս դեպքում դուք անձրևը չեք ստանում անմիջապես երկնքից: Դուք անձրևաջուրը ստանում եք տակառի միջից՝ խողովակի միջոցով:
Սա շատ անկնառու է ինձ համար, քանի որ իմ առաջին կին Լիդիան և ես հինգ տարի ապրել ենք Քենիայում: Մեր տան ջուրը գալիս էր տանիքի ջրատար խողովակով և հոսում էր որոշակի ամանի մեջ: Թեպետ ջուրը գալիս էր երկնքից, սակայն մեր փորձից մենք շատ շուտ տեսանք, որ եթե այն շարունակեր որոշ ժամանակով այդպես մնալ տակառի մեջ, նրանում որդեր կհայտնվեին, և հետևաբար մենք պետք է ստիպված լինեինք եռացնել մեր խմելու ջուրը: Եվ ոչ մի վատ բան չկա մի անձրևի մեջ, որը գալիս է երկնքից, բայց խնդիրը խողովակի, անոթի մեջ է, որի միջոցով մենք ջուր ենք ստանում և այն այլևս մաքուր չէ: Ես կարծում եմ, որ սա արդարացի է նաև ձեռնադրության համար: Անոթը կամ խողովակը միշտ չէ, որ մաքուր է լինում:
Վերջերս որոշակի ծառայողներ ձեռք դնելուց անցում են կատարել ձեռքի այնպիսի գործողություններին, ինչպիսիք են թափահարումը կամ մատով ցույց տալը: Համենայնդեպս սա չի փոխում այն փաստը, որ ձեռքերի միջոցով որևէ բան է փոխանցվում: Հակառակ դեպքում ընդհանրապես իմաստ չէր ունենա ձեռքերի օգտագործումը: Սակայն կարևոր հարցը դեռ շարունակում է հետևյալը մնալ. այդ ձեռքերն արդյոք մաքո՞ւր անոթներ են: Եվ կարո՞ղ է արդյոք դրանց միջոցով միայն Սուրբ Հոգին հոսել:
Օրինակ, Հռութն ու ես վերջերս ներկա էինք մի ծառայության, որում քարոզում էին այս շարժման սպասավորները: Մենք երկու շարք հետ էինք նստած մի կնոջից, որը սարսափելի ապրումների մեջ էր: Նրա տեսքն այնպիսին էր, որ կարծես թե նրան ինչ-որ մի բան էր տանջում, կամ էլ թվում էր, թե հիմա նա կփսխի, և դա շարունակվում էր կրկին, կրկին և կրկին: Վերջիվերջո ես Հռութին ասացի. «Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք օգնել նրան»:
Այդ ծառայության պատասխանատուները մենք չէինք, բայց մենք վեր կացանք, լուռ մոտեցանք և սկսեցինք խոսել նրա հետ: Մենք միանգամից հասկացանք, որ նա «լեզուներով» է խոսում, բայց երկուսիս համար էլ պարզ էր, որ դրանք կեղծ լեզուներ էին: Դրանք Սուրբ Հոգուց չէին տրված: Մենք համոզում էինք նրան, որ խոստովանի, որ Հիսուսն է Տերը, սակայն նա պատրաստ չէր կամ էլ ի վիճակի չէր ասելու դա: Այսպիսով, ես եզրակացրեցի, որ նա սուգի ոգով էր բռնված:
Ավելի ուշ, մարդիկ, որոնք նրա հետ էին եկել, խոսեցին մեզ հետ և հարցրեցին, թե ինչպե՞ս վարվեն այդ երևույթի հետ: Ես հարցրեցի նրանց. «Ինչպե՞ս դա եղավ»: Եվ նրանք պատասխանեցին. «Նա մի եկեղեցի է այցելում, որը ներգրավված է այս շարժման մեջ, և ինչ-որ մեկը ձեռք է դրել նրա վրա: Եվ այդ դեպքից հետո նրա մոտ նման բաներ են սկսվում: Սակայն,- ասացին նրանք,- նա համոզված է, որ դա Աստծուց է: Եվ մենք չենք կարող օգնել իրեն»: Սա ուղղակի մի օրինակ է այն «անձրևի», որը գալիս է «տակառից» և անմաքուր է:
Եվս մի բան. այս ժամանակակից շարժման մեջ մեծ շեշտ է դրվում սիրո վրա: Ես համաձայն եմ այն բանի հետ, որ սերը գերազանց է ամեն ինչից: Բայց խնդիրն այն է, որ այս մարդիկ միշտ չէ, որ հասկանում են սիրո էությունն այնպես, ինչպես որ նկարագրված է Նոր Կտակարանում: Առաջին հերթին սերը մեր մեջ արտահայտվում է Տիրոջ հանդեպ մեր հնազանդությամբ: Ցանկացած այլ սեր, որը չի տանում հնազանդության, աստվածաշնչյան սեր չէ: Հովհաննեսի 14:15-ում Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցե՛ք»: Կամ էլ ավելի ճիշտ. «Կպահե՛ք իմ պատվիրանները»: Այլ խոսքով ասած` ինչու՞մն է այն վկայությունը, որ դու սիրում ես Հիսուսին: Այն երևում է նրա պատվիրանները պահելուց: Այնուհետև 21 խոսքում Հիսուսն ասում է. «Ով որ իմ պատվիրաններն ունի և դրանք պահում է, նա է ինձ սիրողը»: 1Հովհաննես 5:3-ում ասվում է. «Որովհետև սա է Աստծո սերը, որ Նրա պատվիրանները պահենք»: Հետևաբար, սիրո ցանկացած տեսակ, որը չի տանում Իր Խոսքում հայտնված Աստծո կամքին հնազանդվելուն, ոչ սուրբգրային սեր է: Դա կեղծիք է, որը թաքնված է իրականի անվան տակ:
Այնուհետև մենք պետք է պարզաբանենք նաև այն, թե Աստված ինչպես է Իր սերն արտահայտում մեր հանդեպ: Ճշմարիտ է, որ Աստված մեր Հայրն է և Նա սիրում է մեզ: Բայց որպես Հայր, եթե անհրաժեշտ է լինում, Նա պատրաստ է մեզ դաստիարակել: Հայտնություն գրքի յոթ եկեղեցիներից ես կասեի՝ Լաոդիկեի եկեղեցին է, որ հավանաբար առավել հստակ է համապատասխանում Արևմուտքի ժամանակակից Եկեղեցու կարգավիճակին: Այդ եկեղեցուն Տերն ասում է. «Ում որ ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում» (Հայտնություն 3:19):
Այսպիսով, Աստծո սերը զիջող չէ: Այն շատ գործնական և արդար է: Եթե մենք հեռանում ենք Նրա ճանապարհներից և անհնազանդ ենք, այդ ժամանակ Նրա սերն արտահայտվում է արգելքի և խրատի մեջ, և Նա հրամայում է մեզ ապաշխարել: Եվ կրկին մեր խնդիրն այն է, որ փորձում ենք ուրանալ Աստծո խոստումները` փորձ անելով շրջանցել ապաշխարելու պայմանը, և սա խաբեություն է:
Ես վերջերս կարդացի բրիտանացի աստվածաշնչյան մի ուսուցչի հետևյալ մեկնաբանությունը.
«Որոշ քրիստոնյաներ վերցնում են «Աստված սեր է» խոսքը և հակառակն են շրջում այն` կարդալով. «Սերն Աստված է»: Այլ կերպ` ոչինչ չի կարող սուտ լինել, եթե այն առաջանում է սիրուց: Սակայն ամեն դեպքում ցանկացած սեր, որը կանգնում է մեր և Աստծո մեջտեղը, անօրինական է»:
Այսպիսով` ցանկանցած սեր, որը հեռացնում է մեզ Աստծո Խոսքին հնազանդվելուց, անօրինական է: