Դերեկ Պրինս 5.«Ո՞վ է իրականում լինելու Նեռը` Հակաքրիստոսը»

«Սատանայի դիմակազերծումը» գրքից

Այժմ եկեք ուսումնասիրենք Նեռի ոգու վերջին դրսևորումը հենց Նեռի մեջ: Մենք կուսումնասիրենք այն, որը որքանով որ ես գիտեմ, սպասվում է պատմության մեջ: Ես ո՛չ անցյալում և ո՛չ ներկայում չեմ տեսել այն, ինչի մասին պետք է խոսենք հիմա: Քանի որ միշտ սխալվելու հավանականություն կա, ես ոչ մի դեպքում չեմ պնդի, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ես եմ ասում, բայց ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք Աստվածաշնչի հետևյալ կարևոր խոսքերին, որպեսզի գիտենաք, թե սատանան ինչ է ծրագրել և որքան հեռուն է նա գնացել իր ծրագրերի մեջ:

Առաջին հերթին մենք կնայենք 2-րդ Թեսաղոնիկեցիներին ուղերձի 2-րդ գլուխը, որտեղ հիմնականում խոսվում է Նեռի հայտնվելու, բացահայտվելու և դրսևորվելու մասին: Եվ, իհարկե, սրանք շատ փոխկապակցված են, որովհետև Տիրոջ գալստից առաջ սատանայական վերջին գործուենությունը լինելու է Նեռի հայտնությունը: Ահա թե ինչ է ասում Պողոսը.

«Եվ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն Իր բերանի հոգով կսպանի ու Իր գալստյան հայտնությամբ կկործանի»:

2-րդ Թեսաղոնիկեցինեին 2:8

Ես անձամբ հերոսության ոչ մի հավակնություն չունեմ: Ես պատրաստ եմ թույլ տալ Հիսուսին լուծել Նեռի հարցերը: Համոզված եմ, որ միայն Նա կարող է սա անել: Ես մտածում եմ, որ երբ գա ճշմարիտ Քրիստոսը՝ ճշմարիտ Մեսիան, կտարբերվի կեղծից: Սա Նրա գալստյան գլխավոր նպատակներից մեկն է՝ պարտության մատնել, տապալել և ոչնչացնել Նեռին:

Բայց դիտարկենք 2-րդ Թեսաղոնիկեցիներին 2:1-3-ը.

«Աղաչում ենք ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան (Սա այս համարի թեման է: Հունարենում «գալուստ» բառը «պարուսիա» բառն է, բառ, որը սովորաբար օգտագործվում է Տեր Հիսուսի երկրորդ գալստյան համար) ու մեր՝ Նրա մոտ հավաքվելու համար (մենք, այսինքն՝ եկեղեցին, որը հափշտակվելու է՝ Նրա հետ հանդիպելու), որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չզարհուրեք (մի՛ զարհուրեք, մի՛ խաբվեք), ո՛չ մարգարեության հոգով (այսինքն՝ սուտ մարգարեությամբ կամ սուտ ուսուցումով), ո՛չ խոսքով, ո՛չ էլ իբր թե մեր կողմից գրված նամակով, որպես թե Քրիստոսի օրը եկել, հասել է»:

Այնպիսի տարբեր մարգարեություններ են տարածվում, իբր թե Հիսուսը պետք է սեպտեմբերի 12-ին գա: Ես չգիտեմ, թե սա տարածվե՞լ է արդյոք Մեծ Բրիտանիայում, բայց ես ուղղակի ցնցված էի ԱՄՆ-ի քրիստոնյաների այն բազմությունից, որը հավատացել էր սրան: Սա, այնուամենայնիվ, ինձ ցույց է տալիս, ամերիկացի քրիստոնյաների անփութությունը, և ես չգտիեմ, թե արդյոք մյուս երկրների քրիստոնյաներն ավելի լավ վիճակու՞մ են գտնվում և անգամ չգիտեմ, թե ինչ ասեմ այս առիթով: Բառացիորեն հազարավոր քրիստոնյաներ հավատացին այն ուսուցչին, որն ասել էր, թե Հիսուսը գալու է Ռոշ Հաշանայի` հրեաների Նոր տարվա օրը: Չեմ կարծում, որ նրանց շատ շփոթեցրեց Նրա չգալը: Ահա թե որն է զարմանալին: Անգամ այն բանից հետո, երբ պարզվում է, որ իրենց առաջնորդները սխալվել են, նրանք շարունակում են հավատալ նրանց:

Այսպես թե այնպես, ես հասկանում եմ, թե Պողոսն ինչու է գրում այս խոսքերը.

«Դուք ձեր մտքից շուտ չշեղվեք, ո՛չ մարգարեության հոգով, ո՛չ խոսքով, ո՛լ էլ իբր թե մեր կողմից գրված նամակով»:

Տեսնու՞մ եք, սատանան այնքան նենգ է, որ նրան հաջողվել է ստիպել մարդկանց իրենց ուղերձները գրել Պողոսի անունից, ստորագրել այն Պողոսի անունից, կարծես՝ նրանք Պողոսի կողմից են գրվել:

Ես մի ընկեր ունեմ, որը հրաշալի ծառայող է: Երբ նա մի եկեղեցում հովիվ էր ծառայում, տարածում էր իր ուսուցողական ձայներիզները: Այդտեղ ոչ մեծ մի խումբ կար, որը հայտնվել էր մոլորության մեջ: Նրանք վերցնում են նրա ձայներիզները և մյուս կողմի դատարկ մասում ձայնագրում իրենց մոլոր ուսմունքները` չասելով իրեն սրա մասին: Այնուհետև նրանք այն վերադարձնում են իրեն, և երբ այդ բանից հետո եկեղեցում քննարկվում էր հովվի ուսմունքը, քննարկվում էր նաև աղավաղված ուսմունքը: Մի՛ կարծեք, որ սատանան նենգ չէ: Նրա նենգությանը սահման չկա:

«Մեկը ձեզ ոչ մի կերպ թող չխաբի (Իբր թե արդեն գալիս է Քրիստոսի օրը: Անգամ այդ ժամանակ որոշ մարդիկ սովորեցնում էին որ այդ օրն արդեն եկել է: Եվ ես ձեզ ուզում եմ ասել. «Այո՛, ոչ ոք ձեզ ոչ մի կերպ թող չխաբի»:), որովհետև այն օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը` կորստյան որդին»:

Հունարեն լեզվում «ապոստասի» բառը նշանակում է նահանջել, հետ կանգնել: Սա նշանակում է բացահայտ ճշմարտության գիտակցական մերժում, և ես կարծում եմ, որ մենք արդեն ապրում ենք այս օրերում: Մենք դեռ կվերադառնանք սրան: «… եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը` կորստյան որդին»: Ահա Նեռի ևս երկու տիտղոս: Նա անօրենության մարդն է: Նա Աստծո և Աստծո օրենքների դեմ մարդկային ապստամբության բարձրագույն մարմնավորումն է: Եվ որպես կորստյան որդի, նա դատապարտված է հավիտենական կորստյան: Հետաքրքիր է, որ Նոր Կտակարանում կար ևս մեկը, ով կորստյան որդի էր կոչվում` Հուդա Իսկարիովտացին: Նա սուտ առաքյալ էր:

Կրկին մենք տեսնում են, որ այս մարդն իր գործունեությունը սկսելու է Քրիստոսի եկեղեցուց: Ես անձամբ մտածում եմ, որ նա խարիզմատ, գերխարիզմատ անձնավորություն է լինելու (այսինքն մեկը, ով հավակնում է ունենալ աստվածային հատուկ շնորհներ` իրեն ներկայացնելով որպես աստվածատուր անձ)։ Ես սա ամենայն լրջությամբ եմ ասում:

«Այն հակառակորդը, որը գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանվում. մինչև որ նա Աստծո տաճարում (իբրև Աստված) նստի և ինքն իրեն ցույց տա, որ Աստված է»:

խ. 4

Մենք առայժմ կանգ կառնեն սրա վրա: Ահա միևնույն անձնավորության երեք անունները` Նեռ (Հակաքրիստոս), Անօրենության մարդ, Կորստյան որդի: Եկեք անդրադառնանք Հայտնություն 13 գլխին` սկսելով առաջին խոսքի կեսից: Սա այն տեսիլքի մասն է, որն այս հայտնության մեջ ստանում է Հովհաննեսը.

«Ու տեսա ծովից դուրս եկող մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա` տասը թագ, և նրա գլուխների վրա` հայհոյության անուններ: Այն գազանը, որին տեսա, ընձի նման էր, նրա ոտքերը` արջի ոտքերի նման, իսկ նրա բերանը` առյուծի բերանի նման: Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանությունը»:

Ո՞վ է վիշապը: Իհա՛րկե սատանան: Սա բացարձակ ճիշտ է:

Եվ ահա մի անձնավորություն, որը կըմբոստանա և իշխանություն կստանա սատանայի կողմից: Ինչու՞ է սատանան իր իշխանությունն այդ մարդուն տալիս, որովհետև նա կօգնի նրան տիրանալ ողջ մարդկությանը կամ էլ կհամոզի ու կստիպի մարդկանց անել այն, ինչը սատանան ամենից շատն է ցանկանում` երկրպագել իրեն: Սա նրա նպատակն է: Նա բազում դարեր համբերատար շատ ջանք է գործադրել սրա համար և նա մեր ժամանակում շատ մոտեցել է իր նպատակների իրականացմանը: Շարունակենք.

«Նրա գլուխներից մեկը տեսա մահացու խոցված, բայց այդ մահացու վերքը լավացավ, և ամբողջ երկրը զարմացած հետևեց գազանին»:

Այստեղ նկարագրված է սուտ հարության պատկերը: Ես չգիտեմ` կսպանեն այս մարդուն, թե` ոչ: Բայց նա հավանաբար կմահանա և կյանքի կկոչվի: Ի՞նչ կլիներ Ամերիկայում, եթե Ջոն Քենեդին իր սպանությունից հետո կենդանանար: Քիչ մարդիկ կլինեին, որոնք իրենց չէին վաճառի Ջոն Քենեդուն: Շարունակե՛նք.

«Եվ երկրպագեցին (երկրի բնակիչները) վիշապին, որ իշխանություն տվեց գազանին (սատանային), և երկրպագեցին գազանին` ասելով. «Ո՞վ է այս գազանին նման կամ ո՞վ կարող է դրա հետ պատերազմել»:

խոսք 4

Ահա նրա չորրորդ անունը` գազան, վայրի գազան: Հունարենով այս բառը նշանակում է վայրի արարած, գիշատիչ կենդանի, ինչպես օրինակ, հովազն է, կամ առյուծը, կամ էլ նման մի բան:

Շարունակելի