Դերեկ Պրինս. «Նեռի ոգու դրսևորումն արդի եկեղեցում»

Ես ենթադրում եմ և սա պարզապես ձեր խորհրդածության համար եմ ասում, որ Նեռի ոգին կփորձի Հիսուսին դուրս հանել քրիստոնեական եկեղեցուց: Վերջիվերջո մենք ունենալու ենք քրիստոնեություն առանց Քրիստոսի: Սա կլինի էթիկայի մի համակարգ, որն առատ կլինի հետաքրքիր բաներով և կրոնով, բայց առանց Հիսուսի: Եվ երբ Հիսուսը դուրս վտարվի, եկեղեցում մի կրոն սկիզբ կառնի, որը կլինի հուդայիզմի, քրիստոնեության և իսլամի համախումբը: Ես հակված եմ մտածելու, և սա իմ անձնական կարծիքն է, որ Նեռն այսպիսի կրոն է գլխավորելու: Ինձ թվում է, որ մենք արդեն կանգնած ենք այսպիսի ճանապարհի վրա:

Միայն մտածեք այն, որ վերջերս թե՛ Հռոմի պապը, թե՛ Անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոսը քրիստոնեական եկեղեցիներում այնպիսի ծառայություններ են անցկացրել, որոնցում նրանք որպես եղբայրներ ողջունել են իսլամի սպասավորներին, հինդուականներին, ամերիկյան հնդկացիներին: Դուք այս բաների մասին կարող եք կարդալ թերթերում, և սա Նեռի ոգու դրսևորումն է: Նրա նպատակը Հիսուսի վտարումն է: Հիսուսը գլորման քարն է: Խաչը գլորման քարն է: Հիսուսին առանձնացրեք խաչից, և քրիստոնեությունը կձուլվի տարբեր կրոնների հետ, և ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է չափազանց զգույշ լինենք այս հարցի հանդեպ մեր վերաբերմունքի և մոտեցման համար, որովհետև ինչպես ես եմ մտածում, այս հարցերում գործում է մոլորության ոգին:

Այնուհետև, ինչպես ասացի, կան ավելի փոքր մասշտաբի հակաքրիստոսական անձնավորություններ և համակարգեր: Օրինակ, մոտ երեսուն տարի առաջ ես ուսուցչական աշխատանքով գտնվում էի Քենիայում: Ես որոշ առումով մեծ հարգանք եմ տածում Ջոմո Քենիաթեի հանդեպ, ով Քենիայի առաջին նախագահն էր: Բայց Քենիայի անկախության առաջին տարիներին այսպես կոչված «Մաու-Մաու» խմբավորման իշխանության ընթացքում Քենիաթեի հետևորդները վերցրեցին քրիստոնեական այն բոլոր օրհներգերը, որոնք միսիոներները սովորեցրել էին իրենց և ձևափոխեցին դրանք՝ Հիսուսի անվան փոխարեն դնելով Ջոմո անունը: Սա Նեռի ոգու մի պարզունակ օրինակ է: Ես չեմ ասում, որ Ջոմոն հակաքրիստոս էր, ես կարծում եմ, որ նա վատ մարդ չէր, թեպետ և քրիստոնյա չէր: Բայց այն ոգին, որը կազմակերպել էր այդ ամենը, Նեռի ոգին էր:

Շարունակելի