Ինչպես սկսվեց «Դերեկ Պրինսի ծառայությունը»
CrossNews.am-ի զրույցը «Դերեկ Պրինսի ծառայության» ներկայացուցչի հետ
CrossNews.am-ը զրուցել է «Դերեկ Պրինսի ծառայության» հայաստանյան ներկայացուցչի` Վազգեն Զոհրաբյանի հետ:
Ձեզ ենք ներկայացնում տարիներ շարունակ Հայաստանում գործող ծառայության պատմությունն ու գործունեությունը:
Հիշեցնենք նաև, որ կայքն ավելի վաղ հրապարակել էր Վազգեն Զոհրաբյանի մտորումները Դերեկ Պրինս մարդու, քարոզչի և բազմաթիվ գրքերի հեղինակի մասին:
Ինչպե՞ս սկզբնավորվեց Դերեկ Պրինսիծառայությունը Հայաստանում:
Ինչպես Դերեկ Պրինսն իր ծառայությունը սկսեց բանակում, նույնկերպ էլ ես: Հետաքրքիր համընկնում էր:
Այնպես ստացվեց, որ հայտնվեցի աշխարհից կտրված մի զորամասում, որտեղ մոտ 2000 զինվոր էր ծառայում: Եվ այդտեղ Աստված ինձ միտք տվեց զորանոցի մշակութային կյանքը զարգացնել: Արդյունքն եղավ այն, որ նախաձեռնեցի գրադարան, զորամասի թերթի տպագրություն և մշակութային կենտրոն՝ հենց զորամասում:
Հրամանատարության կողմից սկսեցի հարգանք վայելել, քիչ թե շատ քչացան զինվորական պարտականություններս, որովհետև զբաղված էի գրքերով և մշակութային կյանքի զարգացմամբ: Արդյունքում ես շահեցի մեծ ժամանակ և Սուրբ Հոգին հուշեց, որ այս ամենն իրագործվել է մի նպատակով, որ այժմ նստեմ և սկսեմ Դերեկ Պրինսի գրքերը թարգմանել հայերեն լեզվով:
Անկեղծ ասած` մինչ այդ էլ էի փորձել, բայց չէր ստացվել: Սկզբնական շրջանում դա ինձ համար շատ դժվարին ու մեծ բեռ էր դարձել: Սկսել էի մտածել, որ ես չեմ այն մարդը, ով պետք է թարգմանի այդ գրքերը: Բայց Սուրբ Հոգին հետաքրքիր ձևով օգնեց ինձ: Եվ ձեռագիր թարգմանված հենց առաջինը «Կարիք ունի ձեր լեզուն բժաշկության» գիրքն էր:
Ես ձեռագիր թարգմանությունն ուղարկեցի այն ժամանակ դեռ նշանածիս՝ այժ կնոջս՝ Գայանեին, որպեսզի գիրքը տպագրվեր, բայց կար ֆինանսական մեծ խնդիր: Մեզ անհրաժեշտ էր 600 դոլար` 1000 օրինակ տպելու համար, որը մենք չունեինք, բայց վստահաբար գիտեինք, որ Տերը մատակարարելու է այդ գումարը:
Եվ արդյունքում նշանածիս կուրսեցիներից մեկը, ով ազգությամբ պարսիկ էր և մեր կողմից էր աշակերտվել և ծանոթացել քրիստոնեության հիմքերին, որոշեց մեզ տալ 600 դոլար` գիրքը տպագրելու համար: Տպագրությունից 4-5 ամիս անց ողջ քանակն արդեն սպառվել էր:
Դրանից հետո հավաքվեց բյուջե և երկրորդ գիրքը թարգմանվեց բանակում` «Աստծո միջոցը մերժվածության դեմ»: Եվ այդպես սկսվեց Դերեկ Պրինսի գրքերի հաղթարշավը:
Որոշ ժամանակ անց իմ մասին իմացան ծառայության տնօրինությունից և ցանկություն հայտնեցին հանդիպել: Բայց ես այդ ժամանակ բանակում էի և չէի կարող լքել զորամասը:
Հետո իմացա, որ բացի ինձնից կա մեկ այլ եկեղեցի, ով նույնպես թարգմանում է Դերեկ Պրինսի գրքերը, ավելին` նրանք էլ էին դիմել տնօրինությանը համագործակցության առաջարկով:
Հենց այդ ժամանակ էր, որ թարգմանում էի «Զիջելու շնորհքը» գիրքը: Ինձ մոտ սրտի տագնապ սկսվեց, քանի որ ամեն մի գիքը կարծես իմ երեխան էր դարձել, ու այնպիսի զգացողություն էր, որ իմ երեխային պետք է տամ ուրիշին:
Կորցրել էի քունս, սրտումս արդեն մրցակցությունն էր բարձրացել, բայց շարունակում էի թարգմանել գիրքը: Այդ ժամանակ հասել էի այն տեղը, որտեղ Դերեկը սովորեցնում է Սողոմոնի այն պատմությունը, որ երեխային ուզում էին կիսել:
Այդ թեմայի գլխավոր նյութն այն էր, որ հարազատ ծնողն է զիջում, և եթե չզիջեր, երեխան կմահանար. եթե զիջում ես, մի օր կարող է վերադառնալ:
Ես կանգնեցի Տիրոջ առջև և աղոթեցի` «Տե՛ր, ես այն մարդն էի, ով աղոթում էր, որ մարդկանց բարձրացնես այս գործի համար, ու այժմ եթե այդ մարդիկ բարձրանում են, ես պատրաստ եմ զիջել»:
Այդ աղոթքից հետո սրտումս խաղաղություն եկավ:
Այդ օրը պառկեցի քնելու և կեսգիշերին ինձ արթնացրեցին ու հրամանատարի մոտ կանչեցին: Հրամանատարն ասաց, որ շտապ գործ է առաջացել թղթաբանության հետ կապված ու միայն ես կարող եմ այդ հարցը լուծել: Եվ այդպես ինձ 10 օրով գործուղեցին Երևան:
Եկա Երևան, հանդիպեցի այդ մարդու հետ: Հանդիպման ընթացքում ինքս նրան առաջարկեցի գնալ նաև մյուս դիմողների մոտ, սակայն նա հրաժարվեց` ասելով, որ Տերն արդեն իրեն ցույց է տվել, թե ինչ պետք է անի:
Այսպես հիմք դրվեց ծառայությանը:
Հաջորդաբար թարգմանվեցին այլ գրքեր, և այժմ Դերեկ Պրիսից շուրջ երեսուն գիրք է տպագրվել` հազարավոր օրինակներով:
Հիմա, երբ տեսնում եմ, թե որքան սիրված ու գնահատված հեղինակ է նա հայերի կողմից, հասկանում եմ, որ արժեր վճարել այդ գինը, անցնել աղոթքի ճանապարհով, զիջումներով:
Երբ կարդում եմ այն նամակները, որ մեզ ուղարկում են և լսում եմ վկայությունները, հասկանում եմ, թե ինչ մեծ օրհնություն են այդ գրքերը մարդկանց համար: Հասկանում եմ Տիրոջ խոստումը, որ Դերեկին տվեց, երբ ասաց, որ փոքրիկ առուն օվկիանոս է դառնալու և ծածկելու է ողջ երկրը, բայց նա այդ մասին երբեք չի իմանալու:
Արդյոք անձնապես ճանաչե՞լ եք հայտնի քարոզչին: Եթե` այո, ապա ի՞նչ հետք է թողել նա ձեր կյանքում:
Երջանկություն եմ ունեցել ճանաչելու միայն նրա ընտանիքին: Մենք ամեն տարի հանդիպում ենք, շփվում, աղոթում ենք միմյանց համար: Այսինքն` սա ոչ թե մի ծառայություն է, այլ մի մեծ ընտանիք է, որ Դերեկը թողեց երկրի վրա:
Եվ բոլորի մեջ էլ նրա պարզությունն է զգացվում:
Նա ընդհանարապես բոլորի կյանքում է հետք թողել, նույնիսկ այն մարդու, ով նրա գրքերից կարդացել է ընդամենը մեկը:
Ամենամեծ հետքը, որ ինձ վրա թողել է, նրա վերաբերմունքն էր Աստծո Խոսքի նկատմամբ և նրա կյանքը, քանի որ նա ապրում էր այնպես, ինչպես խոսում և ուսուցանում էր:
Եվ բոլորն էին այդ մասին վկայում, որ այս մարդն իր սկզբունքներին հավատարիմ է ապրում: Նա օգնեց ինձ, որ Աստվածաշունչը կիրառական դարձնեմ իմ կյանքում: Կարդալով նրա գրքերը` ես ավելի եմ կապվում Աստվածաշնչին:
Այսօր ի՞նչ գործունեություն է ծավալում ծառայությունը:
Այն բավականին բազմապրոֆիլ է: Ոմանք մտածում են, որ դա միայն գրքերի հետ է կապված` որպես հրատարակչություն: Ծառայություն բառն արդեն խոսում է բովանդակության մասին:
Նախ` ծառայության գլխավոր նպատակը Դերեկ Պրինսի թողած ժառանգությունը հասցնել, մատակարարելն է 21-րդ դարի եկեղեցուն:
Բացի գրքերից պատրաստում ենք ռադիոհաղորդումներ, տեսանյութեր, կազմակերպում ենք սեմինարներ տեղական եկեղեցիներում: Այն միջեկեղեցական ծառայություն է և սահմանափակված չէ որևէ հարանվանության շրջանակներում:
Դերեկի գրքերը կարդում են և՛ Առաքելական, և՛ Կաթոլիկ, և՛ Բողոքական հավատացյալները:
2008 թվականին, երբ թարգմանվեց Դերեկի «Կերտել պատմությունը ծոմի և աղոթքի միջոցով» գիրքը, սրտումս ստացա աղոթքել հայ-թուրքական հարաբերությունների համար: Արդյունքում ծանոթացա Եփեսոս քաղաքի մի թուրք հովվի հետ, մտերմացանք և ծառայության շրջանակներում նրան հրավիրեցի Հայաստան:
Ապրիլի 23-ից 25-ը կազմակերպեցինք հաշտության համաժողով, որը, կարելի է ասել, հայ իրականության մեջ առաջինն էր և որի ժամանակ առաջին անգամ թուրք գործիչը Ծիծեռնակաբերդում լացով ու ծնկաչոք հրապարակավ ներողություն խնդրեց ցեղասպանության համար:
Մեր համաժողովի հիմնական ասելիքն այն էր, որ մենք ոչ թե պատմությունը կարդացողներ, այլ կերտողներ պետք է լինենք:
Այս տարիների ընթացքում ծառայությունն ի՞նչ հաջողություններու ձեռքբերումներ է ունեցել:
Հաջողությունը հենց հայ ընթերցողներն են, բայց նաև չենք կարող չնկատել, որ Հայաստանից ծառայությունը սկսել է տարածվել դեպի հարևան երկրներ: Օրինակ՝ Վրաստանում Դերեկ Պրինսի գրքերը թարգմանվել են վրացերենով, իսկ Թուրքիայում Դերեկի գրքերն արդեն թուրքերենով հասանելի են բոլոր Ուղղափառ, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիներում:
Ի՞նչ ծրագրեր կան ապագայի տեսլականում:
Մոտ ապագայում սկսելու ենք «Դերեկ Պրինսի ծառայության» հեռակա աստվածաշնչյան դպրոցը։ Մարդիկ հնարավորություն կունենան տանն առցանց ուսանել և սերտել աստվածաշնչյան խորը և ընդգրկուն թեմաներ, ավելի լավ ընկալել Դերեկ Պրինսի ուսուցումներն ու աստվածաշնչյան մեկնաբանությունները։ Կազմակերպելու ենք նաև համաժողովներ և սեմինարներ` աստվածաշնչյան թեմաներով:
Ինչպե՞ս կգնահատեք մերօրյաքրիստոնյայի սերը հոգևոր գրականության հանդեպ:
Գիրք կարդալն այժմ և բոլոր դարերում նորաձև է, ժամանակակից, քանի որ գիրքը երբեք չի հնանում։
Ժամանակակից քրիստոնյայի և գրքի միջև մի տեսակ անջրպետ, պատնեշ կա։ Ոմանք բավարարվում են վիդեոպատգամներ դիտելով կամ էլ համացանցից ու սոցցանցերից օգտվելով։ Սակայն գիրքն է, որ հարստացնում է մարդու ներաշխարհը, փոխում մարդու արժեհամակարգն ու մտահորիզոնը։
Եթե քրիստոնյան ցանկանում է ունենալ մտքի մեծ թռիչք, լայն մտահորիզոն և հարուստ ներաշխարհ, ապա պարտադիր է կարդալը։
Հենց քրիստոնեության առանցքն էլ գիրքն է` Սուրբ Գիրքը, որի մասին Հիսուսն ասում էր, որ պետք է քննենք այն։
Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ գիրքը վերադառնում է մարդու կյանք: Պարզապես պետք է կտրվել մեր խաբուսիկ իրականությունից և ժամանակ տալ ընթերցանությանը։ Դա մեր իսկ շինության համար է:
Արդյոք համացանցն այսօր խոչընդոտ չէ՞ տպագիր գրականության համար:
Համացանցը և՛ խոչընդոտ է, և՛ խթան։ Մեր ծառայությունն, օրինակ, ունի թվային գրադարան, որտեղ կարող եք անվճար ներբեռնել կամ առցանց կարդալ Դերեկի գրքերը հայերեն լեզվով։ Գրքերը կարդալու կամ ներբեռնելու համար կարող եք այցելել մեր կայք` www.derekprincearmenia.com:
Ձեր կոչը հայ լսարանին և մեր ընթերցողին:
Շա՛տ կարդացեք։ Սիրե՛ք Աստծո Խոսքը, հիացե՛ք Աստվածաշնչով, թող այն ձեր հիացմունքի առարկան դառնա:
Պեղե՛ք այն, հայտնաբերեք թաքցրած գանձերը, հարստացրեք ձեր կյանքն Աստծո ոսկեղենիկ խոսքերով։
Դերեկը սիրում էր ասել, որ Աստվածաշնչից դուրս հոգևոր հեղինակության այլ աղբյուր գոյություն չունի։ Վե՛ր դասեք Աստծո Խոսքն ամեն ինչից։ Ինչպես նաև համալրեք ձեր գրադարանը նորանոր գրքերով։
Եկեղեցու հայրերի, ուսուցիչների ու Աստծո այլ մարդկանց փորձառությունը և գրվածքներն իսկապես կկերպարանափոխեն մեզ` դարձնելով Քրիստոսին ավելի նման։
Երիտասարդներին էլ խորհուրդ կտամ հաճախ օգտվել CrossNews.am-ի օգտակար նյութերից և բաժնեկցել այն իրենց ընկերների հետ:
Զրուցեց Աննա Վարդանյանը