Իմ ծանոթությունը Դերեկ Պրինս անհատի հետ. Վազգեն Զոհրաբյան
CrossNews.am-ը զրուցել է «Դերեկ Պրինսի ծառայության» հայաստանյան ներկայացուցչի՝ Վազգեն Զոհրաբյանի հետ: Սակայն մինչ հարցազրույցը հրապարակելը, ցանկանում ենք ձեզ ներկայացնել փոքրիկ նախաբան Դերեկ Պրինսի մասին՝ հենց Վազգեն Զոհրաբյանի ներկայացմամբ:
«Դերեկ Պրինսը 20-րդ դարի քրիստոնեական աշխարհի ամենաինտելեկտուալ և ամենակրթված դեմքերից մեկն էր, մասնագիտությամբ փիլիսոփա, Քեմբրիջի շրջանավարտ, դասախոս և պրոֆեսոր:
Նա հանդիպել է Աստծուն բանակում, երբ որոնումների մեջ էր և Աստվածաշունչը կարդում էր որպես փիլիսոփայական ձեռնարկ: Դերեկը պատմում էր, որ զորանոցում Հիսուս տեսիլքով հայտնվում է իրեն և բացի փրկության հետ կապված հարցերից՝ նաև ասում. «Քո ծառայությունը սկզբում լինելու է փոքր վտակի նման, այնուհետև վտակը դառնալու է գետ, գետը՝ լիճ, լիճը՝ ծով, ծովը՝ օվկիանոս և ծածկելու է ամբողջ երկրագունդը, բայց դու երբեք այդ մասին չես իմանա»:
Երբ նայում եմ Դերեկ Պրինսի ծառայությանը, որ սկսվել է նախորդ դարի 40-ական թվականներից և շարունակվել մինչև նրա կյանքի վերջը՝ 2003թ, որի ընթացքում նա ակտիվ ներգրավված է եղել ուսուցչական ծառայության մեջ, և թե ինչպես են նրա գրքերը սկսել տարածվել, հասկանում եմ, որ իսկապես այդ առվակն այսօր դառնում է մի օվկիանոս:
Սակայն ամենաառեղծվածայինն ու հետաքրքիրն այն է, որ նրա մահից հետո ծառայության մասշտաբները գրեթե քառապատկվել են՝ նրա գրքերը և ուսուցումները հրապարակվելով ու տարածվելով տարբեր երկրներում:
Օրինակ՝ Չինաստանում այսօր Դերեկ Պրինսից գրեթե երկու միլիոն գիրք է տպագրվում, որը չինացի հավատացյալների հոգևոր ծարավը հագեցնելու ընդամենը մի կաթիլն է: Նրա գրքերի պահանջարկը մարդկանց շրջանում չի պակասում:
Ընդհանրապես Դերեկ Պրինսի կյանքը շատ գրավիչ է: Առաջին կնոջ մահից հետո նա ամուսնացել է երկրորդ անգամ, ունեցել է 12 աղջիկ. բոլորն էլ որդեգրված են եղել: Նա իրեն զրկել է սեփական զավակներ ունենալու հաճույքից, որպեսզի այս աղջիկների մոտ չլինի խորթության զգացում:
Նրան ճանաչողները պատմում են, որ նա շատ գրավիչ, սակայն միաժամանակ պարզ ու խոնարհ մարդ էր:
Բարձր մտավոր և կրթական մակարդակ ունենալու հետ մեկտեղ նաև շատ հասարակ էր: Սակայն ամենագրավիչը, թերևս, նրա մոտեցումն էր Աստվածաշնչին:
«Ինձ համար բացի Աստվածաշնչից չկա հեղինակության ոչ մի այլ աղբյուր: Դա է գերագույն աղբյուրը, միակ պատասխանը մարդկությանը: Եվ մենք պարտավոր ենք անաղարտ մատակարարել Աստծո Խոսքը»,- ասում էր նա:
Իր ամբողջ կյանքը Դերեկ Պրիսը նվիրել է հենց այս սկզբունքին՝ Աստծո Խոսքը պարզ ձևով սովորեցնելուն և մատակարարելուն:
Ահա մի ուշագրավ դեպք նրա կյանքից՝ մի անգամ նրան է մոտենում մի մարդ և ասում. «Եղբա՛յր Դերեկ, քո ուսմունքներն այնքան խորն են, մենք հիանում ենք դրանցով»:
Այս ամենը լսելուց հետո նա ընկնում է մտորումների մեջ՝ խորհելով, թե որտեղ է շեղվել, որ իր ուսմունքներն այդքան խորն են դարձել:
Նա միշտ խորհուրդ էր տալիս չշեղվել Ավետարանի պարզությունից, Աստծո Խոսքը պարզ մատակարարել մարդկանց:
Դերեկը ծնվել է Հնդակստանում, ապրել Ամերիկայում, սովորել է Բրիտանիայում, վախճանվել Երուսաղեմում, բայց ծառայել է ամբողջ աշխարհում: Նա միջազգային մարդ էր, մարդ, ով սիրվել է բոլոր ազգություններում: Նա թաղվել է Երուսաղեմում, քանի որ ողջ կյանքը կապված էր Երուսաղեմի հետ:
Օրինակ՝ Չինաստանում նրա գրքերը տպագրելիս չեն նշում Դերեկ Պրինս անունը, այլ նշում են մի կեղծանուն, որ ստեղծել են հենց իրենք՝ չինացները՝ «Պարզ լույս»: Անվան ընտրությունն, ըստ իրենց մեկնաբանության, նրա ուսուցումների պարզ ու մատչելի լինելու հետ էր կապված:
Դերեկ Պրինսի ուսուցումները և ժառանգությունը հարազատ են նաև Հայաստանում: Թեպետ նա երբևէ չի եղել Հայաստանում, սակայն սերտ կապեր է ունեցել հայերի հետ, առնչվել հայկական արմատներին:
Երուսաղեմում ապրելու տարիներին, երբ իր առաջին կնոջ՝ Լիդիայի հետ խնամում էր շուրջ 70 որբ երեխաների, նրանց թվում կային նաև հայեր: Նա շփվում էր նաև Երուսաղեմի հայ համայնքի հետ, լավ տեղեկացված էր Հայոց ցեղասպանությանը և մի առիթով խստորեն դատապարտել է դրա իրագործումը:
Ամերիկայում ապրելու տարիներին մտերմություն է արել «Ամբողջավետարանական գործարարների միջազգային ընկերակցության» հիմնադիր և նախագահ հայազգի Դեմոս Շաքարյանի հետ, ով մեծապես նպաստել է Դերեկի ծառայության տարածմանը:
Ինքս նրա գործունեությանը և մարդ տեսակին շատ լավ ծանոթացա Երուսաղեմում, երբ մեր ծառայության տարեկան ժողովն էր, և մենք քաղաքում շրջում էինք կրծքանշաններով, որի վրա գրված էր «Դերեկ Պրինսի ծառայություն»:
Շատ-շատերը հարցնում էին, թե ինչ կապ ունենք այդ մարդու հետ, արդյոք ճանաչո՞ւմ ենք նրան անձամբ: Նույնիսկ մի խանութպանի հետ հետաքրքիր զրույց ունեցա, և նա պատմեց, որ Դերեկն իր խանութի հաճախորդներից է եղել, և նրանք միասին հաճախ Աստվածաշնչից են խոսել:
Նա շատ մեծ հեղինակություն ուներ հենց Երուսաղեմում, շատ սիրված էր հրեաների կողմից: Այն աստիճան, որ նրան պատվավոր ձևով թաղեցին Երուսաղեմում, այն դեպքում, երբ օտարազգիների աճյունը բացառիկ դեպքերում է թույլատրվում Երուսաղեմում թաղել:
Ես, իհարկե, նրան անձամբ չեմ ճանաչել, բայց 1996 թվականից սկսեցի ուսումնասիրել նրա գրվածքները և անդադար աղոթում էի, որ Աստված ինչ-որ մեկին բարձրացնի, ով Հայաստանում կթարգմանի նրա գրքերը, բայց մտքովս էլ չէր անցնում, որ Աստված հենց ինձ էր նախատեսել այդ գործի համար:
Եվ հետաքրքիրն այն էր, որ 2002 թվականին երազում տեսնում եմ Դերեկ Պրինսին: Եվ նա իր անգլիական խիստ հայացքով նայում է ինձ, մատն ուղղում վրաս և ասում. «Ես քո միջոցով Հայաստան պետք է գամ»…
Ես արթնացա ոգևորությունից, ինձ համար սա աստվածային նշան էր, և սկսեցի կապեր որոնել՝ Դերեկ Պրինսի հետ հաղորդակցվելու համար:
Բայց ոգևորությունս կարճ տևեց, քանի որ մի քանի ամիս հետո նա ննջեց:
Այս լուրը լսելուց հետո հուսահատվեցի: Մտածում էի՝ էլ ինչպե՞ս կարող է այդ երազը իրականություն դառնալ…
Շարունակելի…