Աստվածաշնչյան 7 կարևոր համարներ ձեր ֆինանսների մասին
Աստվածաշունչը ոչ թե պարզապես կրոնական, փիլիսոփայական մի գիրք է, այլ` գործնական։ Այն գործ ունի մեր կյանքի, մեր առօրյայի, մեր գործերի և վարքի հետ։ Աստծո Խոսքը լի է գործնական օգնությամբ ցանկացած հավատացյալի համար։ Շատերը սխալմամբ կարծում են, որ այն սահամանափակվում է միայն կրոնական կյանքով և որևէ բան չի խոսում մեր առօրյա կյանքի` մասնավորապես ֆինանսական կյանքի մասին։ Ահա աստվածաշնչյան 7 կարևորագույն համարներ, որոնք կօգնեն ձեզ ֆինանսական դժվարությունների մեջ։
1. «Ուրեմն, հոգ մի՛ արեք, ասելով` ի՞նչ պիտի ուտենք, ի՞նչ պիտի խմենք, կամ ի՞նչ պիտի հագնենք, քանի որ հեթանոսներն են այդ ամենը խնդրում. իսկ ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները ձեզ պետք են։ Բայց դուք նախ խնդրեցե՛ք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, և այս բոլոր բաները պիտի ավելացվեն ձեզ։ Ուրեմն վաղվա մասին հոգ մի՛ արեք, որովհետև վաղվա օրը ինքն իր մասին կհոգա։ Օրվա համար իր նեղությունն էլ հերիք է»։
Մատթեոս 6:31-34
2. «Բոլոր տասանորդները գանձատո՛ւն բերեք, որ Իմ Տանը պաշար լինի. և Ինձ փորձեցե՛ք դրանով,- ասում է ՏԵՐԸ,- թե ձեզ համար երկնքի պատուհանները չե՞մ բացի ու օրհնություններ թափի ձեզ համար` մինչև այլևս տեղ չլինի։ Եվ ձեզ համար ուտողին կկշտամբեմ, որ չապականի ձեր հողի բերքը, ոչ էլ խաղողն անբերրի լինի այգում,- ասում է Զորաց ՏԵՐԸ»։
Մաղաքիա 3:10-11
3. «Բայց իմ Աստվածը ձեր բոլոր կարիքները պիտի հոգա Փառքի մեջ` Իր ունեցած հարստության չափով` Քրիստոս Հիսուսի միջոցով»։
Փիլիպպեցիներին 4:19
4. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Մի՞թե դուք դրանցից ավելի լավը չեք»։
Մատթեոս 6:26
5. «Տվե՛ք ու կտրվի ձեզ. մեծ չափով, թափ տրված, հորդելով կլցնեն ձեր գոգը։ Որովհետև ինչ չափով, որ չափեք` նույն չափով կչափվի ձեզ»։
Ղուկաս 6:38
6. «Պատվի՛ր ՏԻՐՈՋԸ քո ունեցվածքով և քո բոլոր բերքերի երախայրիքով, այսպես քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, ու հնձաններդ նոր գինով կհորդեն»։
Առակաց 3:9-10
7. «Քիչ բանի մեջ հավատարիմը, շատ բանի մեջ էլ հավատարիմ է։ Եվ քիչ բանի մեջ անիրավը, շատ բանի մեջ էլ անիրավ է։ Ուստի, եթե դուք անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ո՞վ կտա ձեզ»։
Ղուկաս 16:10-11
Այսպիսով, այս բոլոր համարները հավիտենական սկզբունքներ են, որոնք փորձվել են դարերի մեջ և ապացուցվել են բազմաթիվ հավատացյալների կյանքում։ Ապա ինչո՞ւ չփորձել սրանք սեփական կյանքում։ Ինչո՞ւ չվստահել Աստծուն ձեր ֆինանսական կյանքում և տեսնել Նրա օրհնությունները ձեզ համար։
Պատրաստեց Վազգեն Զոհրաբյանը