Ընդունելի կրոնասիրությունը

(«Զորություն անվան մեջ» գրքից)

 

family-careՍկզբունքը շատ հստակ է ողջ Աստվածաշնչով մեկ` թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում, որ Աստված պահանջում է, որ մենք հոգ տանենք կարիքի մեջ գտնվող մանուկների համար: Հակոբոսը ներառեց այս պահանջը, երբ թվարկում էր ճշմարիտ կրոնասիրության մի շարք նշաններ: Եկե՛ք միասին նայենք այս նշանները: Առաջին, ճշմարիտ կրոնասերը ճիշտ սանձ է դնում իր լզվին:

«Եթե ձեր մեջ մեկն իրեն կրոնասեր է համարում և իր լեզվին սանձ չի դնում, նա իր սրտին է խաբում, նրա կրոնասիրությունը փուչ է»: 

 Հակոբոս 1:26

Այս փոքրիկ մեջբերումը բավականին բան է ասում ժամանակակից կրոնի մասին: Եթե անձը չի կարողանում վերահսկել իր լեզուն, Աստված չի ընդունի նրա կրոնը: «Անսանձ լեզվով» մարդը, այսինքն մեկը, ով բամբասում է, զրպարտում է, խոսքը տանող-բերող է, նաև չափազանցնող է և քննադատող: Աստված ընդհանրապես չի ընդունում այդպիսի մարդու կրոնը: Ինչպիսի՞ կրոն է փնտրում Աստված:

«Աստծո և Հոր առաջ մաքուր և անարատ կրոնն այս է` որբերին և որբևայրիներին այցելել նրանց նեղության մեջ, և իր անձն անբիծ պահել աշխարհից»:

 Հակոբոս 1:27

Ընդունելի կրոնը երկու դրույթ ունի: Մեկը դրական է, մյուսը` բացասական: Դրականը առաջինն է նշված: Հաջորդը բացասականն է, և դա մեզ աշխարհից անբիծ պահելն է:  Ցավոք սրտի, թվում է, թե ժամանակակից քրիստոնեության մեծ մասը միայն ընդգծում է բացասական կողմը, որ չպետք է ներգրավվել աշխարհի մեջ, չպետք է արատավորվել աշխարհից: Մենք ավելի շատ լսում ենք մեզ առանձնացված պահելու մասին, այստեղ կամ այնտեղ չգնալու մասին, այս կամ այն բանը չանելու մասին, որոնց մեծ մասը հաճախ մարդկային կարգադրություններ են: Այն մարդիկ, ովքեր ընդգծում են նման բաները, հաճախ ամբողջովին բաց են թողնում դրականը` առաջին հատվածը, որը որբերին և որբևայրիներին այցելելն է իրենց նեղության մեջ: Կարիքի մեջ եղած մանուկներին վերաբերվելը վերաբերմունք է Աստծո հանդեպ:

 

Երբ Հիսուսը եկավ ինձ մոտ

Ես ցանկանում եմ այս թեմային ավելացնել իմ անձնական փորձառությունը: Իմ առաջին կինը` Լիդիան և ես մի ընատիք էինք մեծացնում, որը բաղկացած էր ինը որդեգրված աղջիկներից: Նրանցից վեցը հրեա էին, մեկը` անգլիացի, մյուսը` արաբ, իսկ ամենափոքրը` աֆրիկացի: Երբ ես իմ առաջին կնոջ մահից հետո ամուսնացա երկրորդ կնոջս` Հռութի հետ, նա ևս երեք երեխա բերեց մեր ընտանիք, որոնց մենք որդեգրեցինք: Մենք պատասխանատու էինք տասներկու որդեգիր երեխաների համար: Այնպես որ, այն, ինչի մասին խոսում եմ, պարզապես տեսություն չէ, այն իրենից մի մեծ փորձառություն է ներկայացնում: Ահա մի փոքրիկ դրվագ այն մասին, թե ինչպես Լիդիան և ես ընդունեցինք փոքրիկ սևամորթ աֆրիկացի աղջնակին, ով դարձավ մեր իններորդ որդեգիր դուստրը: Լիդիան և ես միսիոներներ էինք Քենիայում` Արևելյան Աֆրիկայում, և մենք շատ զբաղված էինք կրթական ծրագրերով: Մի երեկո սևամորթ մի զույգ և սպիտակամորթ մի կին մեր տուն եկան` մի փոքրիկ երեխայի հետ, ով մոտ վեց ամսեկան էր: Այս երեխան հիվանդոտ տեսք ուներ և փաթաթված էր կեղտոտ լաթի մեջ: Նրանք մեզ ասացին. «Մենք լսել ենք, որ դուք երեխաներ եք որդեգրում»: Իմ կինը և ես պատասխանեցինք. «Այո՛, դա շատ տարիներ առաջ էր, սակայն մենք հիմա շատ ծեր ենք դա անելու համար: Եվ բացի այդ մենք շատ զբաղված ենք այլ աշխատանքով»: Սրան ի պատասխան, նրանք ասացին. «Մենք երեք օր շարունակ շրջել ենք տարբեր ընտանիքներում` սպիտակ, սև, ասիացի` փնտրելով մեկին, ով կվերցներ այս երեխային: Մենք այնքան հոգնած ենք: Թույլ չէի՞ք տա կես ժամով նստել և փոքր ինչ հանգստանալ»: Մենք ասացինք. «Իհարկե՛, կարող եք նստել»: Մենք էլ նրանց հետ նստեցինք: Կես ժամ անց նրանք վեր կացան` գնալու: Երբ նրանք այդ երեխային անցկացրեցին իմ կողքով, փոքրիկն իր ձեռքերն ուղղեց դեպի ինձ` կարծես ասելով. «Իսկ ի՞նչ է լինելու ինձ հետ»: Ես շրջվեցի կնոջս և ասացի. «Կարծում եմ` մենք պետք է փոխենք մեր որոշումը»: Լիդիան ասաց զույգին. «Ինձ մեկ շաբաթ տվեք օրորոց և մանկական շորեր գտնելու համար, և հետո մանուկին կբերեք»: Ահա թե ինչպես մենք վերցրեցինք այդ փոքրիկ աֆրիկացի աղջկան: Ես ձեզ հետևյալը կասեմ. իմ կյանքն ավելի հարստացավ այդ փոքրիկ աղջնակին վերցնելուց հետո: Այսօր նա արդեն մեծ է, քրիստոնյա հրաշալի կին է, ով ամուսնացել և Տիրոջն է ծառայում: Ես սարսափում եմ, երբ մտածում եմ, թե ինչ կկորցնեի, եթե այդ հնարավորությանը թույլ տայի անցնել իմ կողքով այն ժամանակ, երբ Հիսուսն այդ փոքրիկ և հիվանդ մանուկի միջոցով այցելեց ինձ: