Աստվածաշնչյան 5 համարներ դեպրեսիայի դեմ
Վազգեն Զոհրաբյան
«Դերեկ Պրինսի ծառայության» ԱՊՀ երկրների տնօրեն
Դեպրեսիան կամ, ինչպես հայերեն են ասում, ընկճախտը դարձել է համաշխարհային համաճարակ։ Թեպետ մարդիկ հնարավոր է արտաքուստ բավականին առույգ և ամուր տեսք ունենան, սակայն ներքուստ կարող են մահ վերապրել։ Մարդիկ միշտ փորձում են լինել դրական` ջանալով վերահսկել իրենց ապրումները և զգացմունքային աշխարհը։Սակայն նրանք սկսում են կամաց-կամաց հանձնվել, երբ աստիճանաբար գլուխ են բարձրացնում վախերը, ցավը, միայնակությունը կամ սուգը։
Մտածի՛ր այս մասին. երբ հարցնում են, թե ինչպես ես, ո՞րն է քո ակամա պատասխանը։ Միգուցե ասում ես. «Լա՛վ եմ»։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հարցնողներին ասես, թե իրականում ինչպես ես զգում քեզ։ Նրանք արդյոք ի վիճակի կլինե՞ն դա լսելու, ժամանակ կհատկացնե՞ն ունկնդրելու քո խնդիրներին։ Միգուցե այո, իսկ միգուցե` ոչ։ Ժամանակակից հասարակության մեջ այնքան էլ ընդունված չէ քեզանից որպիսությունը հարցնողներին բաժնեկցել քո ցավերով, պատմել քո խնդիրներն ու դժվարությունները։
Գոյություն ունի դեպրեսիայի 3 տեսակ.
1. Թույլ դեպրեսիա
Այն կարող է առաջանալ թե՛ ուրախ և թե՛ տխուր առիթներից։ Ամուսնությունը կարող է ուրախ առիթ հանդիսանալ, սակայն դրանից բխող սթրեսը կարող է դեպրեսիա առաջացնել։ Մանկածնությունը ուրախալի դեպք է, սակայն այն կարող է տանել հետծննդաբերական դեպրեսիայի, որը երբեմն սուր է լինում։
2. Զուսպ դեպրեսիա
Սա անհուսության մի հարատև զգացողություն է, որը գնալով ավելի ինտենսիվ է դառնում։Այն հաճախ առաջանում է տխուր, ցավագին ապրումներից և կարող է ավելի սաստկանալ և սրվել, եթե չկանխարգելվի։
3. Սուր դեպրեսիա
Սրա հետևանքով անձը կորցնում է հետաքրքրությունն արտաքին աշխարհի հանդեպ և կարող է ձեռք բերել ֆիզիկական խնդիրներ։
Այսպիսով, հակիրճ տեղեկանալով այս քայքայիչ երևույթի մասին` ցանկանում ենք ձեզ ներկայացնել աստվածաշնչյան 5 կարևոր համարներ, որոնք ուղղված են դեպրեսիայի դեմ։
1. «Երբ ասում էի. «Իմ ոտքը սայթաքում է», Քո ողորմությունը, ո՛վ Տեր, հաստատում էր ինձ։ Իմ ներսում մտահոգություններիս շատանալու պահին Քո մխիթարություններն ուրախացնում էին իմ անձը»։
Սաղմոս 94:18-19
2. «Պիտի լիացնեմ հոգնած հոգին և ամեն մի վշտալի հոգի պիտի հագեցնեմ»։
Երեմիա 31:25
3. «Որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկա բաները և ո՛չ էլ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ մի ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»:
Հռոմեացիներին 8:38-39
4. «Ձեր գլխի մազերն անգամ հաշվված են, ուրեմն մի՛ վախեցեք»։
Մատթեոս 10:30
5. «Մի՞թե չգիտես, կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստվածը` ՏԵՐԸ, երկրի ծագերի Արարիչը, ո՛չ նվաղում, և ո՛չ էլ հոգնում է. Նրա իմաստությունն անզննելի է։ Նա հոգնածին ուժ է տալիս, կարողություն չունեցողի զորությունը` շատացնում։ Նույնիսկ պատանիները կհոգնեն ու կթուլանան, երիտասարդները բոլորովին անզոր կդառնան, սակայն նրանք, ովքեր ՏԻՐՈՋՆ են ապավինում պիտի նորոգեն իրենց ուժը, արծիվների պես թևերով վեր պիտի սլանան, պիտի վազեն ու չպիտի հոգնեն, պիտի քայլեն ու չպիտի նվաղեն»։
Եսայա 40:28-31
Եթե դու տառապում ես դեպրեսիայից, հավատա, որ Աստված ցանկանում է և կարող է քեզ հանել այդ վիճակից։ Աղոթի՛ր Նրան և դիմիր քո տեղական եկեղեցու ծառայողների օգնությանը։