Դերեկ Պրինս. «Աստծո իմաստությունը և մարդկանց հիմարությունը»
Պատրա՛ստ եղեք մարդկանց աչքերում անմիտ թվալու: 1-ին Կորնթացիներին 1:25-ում Պողոսն ասում է.
«Որովհետև Աստծո հիմարը մարդկանցից ավելի իմաստուն է, և Աստծո տկարը՝ մարդկանցից ավելի զորավոր»:
Ճշմարիտ իմաստուն դառնալու համար դուք պետք է սկսեք անմիտ դառնալուց: Շատերը կասկածում են, սակայն Աստվածաշնչում շատ օրինակներ կան այս մասին:
Նոյը ցամաք երկրի վրա նավ կառուցեց, երբ մարդիկ անձրև անգամ չէին տեսել: Դա հիմարություն էր, սակայն Աստծո իմաստությունն էր:
Նեեմանը՝ Սիրիայի զորահրամանատարը, իջավ Հորդանան գետի մեջ և իր բորոտ մարմինը յոթն անգամ ընկղմեցրեց գետի մեջ: Ինչպիսի՜ հիմարություն: Նա, սակայն, բժշկվեց:
Այնուհետև Հովհաննես 9-ում մի մարդ կար, ով ի ծնե կույր էր: Հիսուսը կավ դրեց նրա աչքերի վրա և ասաց, որ նա գնա ու լվացվի Սելովամի ավազանում: Որքան հիմար տեսք պետք է ունենար նա, երբ խարխափելով գնում էր դեպի Սելովամի ավազան՝ աչքերին կավ քսած լինելով: Սակայն նա բժշկվեց:
Տարիներ առաջ ես քարոզում էի Արևելյան Աֆրիկայում: Ես յոթնօրյա պատգամների շարք ունեի և յուրաքանչյուր պատգամի վերջում ասում էի. «Եթե որևէ մեկը ցանկանում է, որ ես աղոթեմ իր բժշկության համար, թող կանգնի և ես կաղոթեմ»: Այդտեղ մի կույր կին կար, ով մի տղայի առաջնորդությամբ էր հայտնվել: Ամեն օր՝ վեց օր շարունակ, նա կանգնում էր, ես աղոթում էի և ոչինչ տեղի չէր ունենում: Ես սկսեցի շփոթվել: Յոթերորդ օրը նա կրկին այդտեղ էր: Ես ասացի. «Եթե որևէ մեկը ցանկանում է, որ ես աղոթեմ իր բժշկության համար, թող կանգնի և ես կաղոթեմ»: Փակեցի աչքերս, սկսեցի աղոթել, սակայն սկսեցի մտածել. «Ի՞նչ է լինելու այդ խեղճ կնոջը»: Երբ աչքերիս բացեցի, տեսա, որ այդ կինը առաջ էր գալիս առանց տղայի օգնության՝ ցույց տալու, որ իր աչքերը բժշկված են: Տեսնո՞ւմ եք, նա սկզբում պատրաստ էր անմիտ երևալ մարդկանց աչքերում: