«Ազատություն հսկողության ներքո»
Մաս 1
Եկեք անդրադառնանք եկեղեցական ծառայությանը։
Եկեղեցու կյանքի և գործունեության մեջ ի՞նչ է փոխում Սուրբ Հոգու մկրտությունը։ Ինչո՞վ է առանձնահատուկ այն եկեղեցին, որի բոլոր անդամները կամ էլ անդամների մեծ մասը մկրտված են Սուրբ Հոգով, և այդպիսով զորության դրսևորման ազատություն ունեն։ Ինչպե՞ս կտարբերվի այդ եկեղեցին, այն եկեղեցուց, որի անդամներից ոչ մեկը չունի նման փորձառություն։
Պատասխանելով այս հարցերին՝ մենք կդիտարկենք այն երկու գլխավոր պահերը, որոնցով տարբերվում են Սուրբ Հոգով լցված հավատացյալները, այն հավատացյալների համայնքից, որի անդամները չեն ընդունել Սուրբ Հոգու մկրտությունը։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ
Սուրբ Հոգով լցված եկեղեցու առաջին կարևոր բնորոշ գծի մասին է խոսում Պողոսը 2-րդ Կորնթացի-ների 3։17-ում.
«Որովհետև Տերն է Հոգին, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը»։
Պողոսը եկեղեցում Սուրբ Հոգու ներկայության և ազդեցության երկու կարևոր փաստ է արձանագրում։ Առաջին հերթին Սուրբ Հոգին Տեր է։ Նոր Կտակարանում Տեր բառի օգտագործումը համապատասխանում է Հին Կտակարանում գործածված Եհովա անվան իմաստի հետ։ Այս իմաստով այս անունը պատկանում է միակ ճշմարիտ Աստծուն և ուրիշ ոչ ոքի։
Այս տիրտղոսն իրականում պատկանում է Երրորդության բոլոր երեք անձերին՝ Հայր Աստվածը Տեր է, Որդի Աստվածը Տեր է, և Սուրբ Հոգի Աստվածը Տեր է։ Այսպիսով, երբ Պողոսն ասում է, որ Տերն է Հոգին, դրանով նա ընդգծում է եկեղեցու մեջ եղած Սուրբ Հոգու գերագույն ինքնիշխանությունը։
Երկրորդ կարևոր փաստը, որի մասին այստեղ խոսում է Պողոսն այն է, որ երբ եկեղեցում ընդունվում է Սուրբ Հոգու իշխանությունը, ապա արդյունքը լինում է պաշտամունքի ազատությունը։ Այս խոսքի երկրորդ կեսի իմաստը հասկանալի է դառնում, եթե մենք այն հետևյալ կերպ արտահայտենք. «Որտեղ Հոգին Տեր է, այնտեղ ազատություն է»։ Այսինքն՝ ժողովը կամ եկեղեցական ծառայությունը միայն այնքանով ազատություն ունի, որքանով նրա անդամներն ընդունում և հնազանդվում են Սուրբ Հոգու տնօրինությանը։
Այսպիսով՝ մենք կարող ենք Սուրբ Հոգով մկրտված համայնքի առաջին բնութագիրը տալ երկու բառով՝ «ազատություն» և «տնօրինում» (կառավարում)։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս երկու բառերն անհամատեղելի են։ Ինչ-որ մեկը կարող է առարկել. «Եթե մենք ազատություն ունենք, ապա հսկողության կամ որևէ բանի տնօրինման տակ չենք։ Եթե մեզ կառավարում են, ապա մենք ազատ չենք»։ Շատ մարդիկ իսկապես մտածում են, որ ազատությունն ու կառավարումը իրար հակառակ են։ Սա վերաբերում է ոչ միայն հոգևոր բաներին, այլև՝ քաղաքական։
Հիշում եմ Աֆրիկայի արևելքում գտնվող Քենիայի քաղաքական իրավիճակը, երբ 1957-1961 թվականներին ծառայում էի այնտեղ որպես քոլեջի տնօրեն։ Այդ ժամանակահատվածում Քենիայի ժողովուրդը փափագով սպասում էր այն ժամանակին, երբ իրենց երկիրը ամբողջովին անկախ կդառնար։ Անկախություն բառը սվահիլի լեզվում ուհուրուն է, որը բառացի նշանակում է անկախություն կամ ազատություն։ Եվ այս բառը բոլորի շուրթերի վրա էր։ Բազմաթիվ կիսագրագետ աֆրիկացիներ գեղեցիկ մտապատկերներ էին հնարում իրենց մեջ, թե ուհուրուն կամ անկախությունն իրենց ինչ կբերի։
Նրանք ասում էին. «Երբ ուհուրուն գա, մենք մեր հեծանիվները կվարենք փողոցի որ մասով որ ուզենանք։ Մենք ի վիճակի կլինենք ավտոբուսով երթևեկել, որքան ուզենանք և առանց վճարի։ Մենք այլևս հարկ չենք մուծի կառավարությանը»։
Այլ երկրներում ապրող ավելի կրթված մարդկանց համար նման արտահայտությունները կարող են մանկամիտ թվալ կամ էլ ժպիտ հարուցել։ Այսպիսի մարդիկ կարող են վիճել, որ նման պատկերացումները կապ ունեն ոչ թե ճշմարիտ ազատության, այլ անարխիայի հետ։ Ինչևէ, այս պարզամիտ աֆրիկացիները կատարելապես անկեղծ էին ազատության մասին իրենց սեփական պատկերացման մեջ։ Աֆրիկացի քաղաքական առաջնորդները հաճախ դժվարության էին հանդիպում նրանց բացատրելու, թե իրականում ինչ է ազատությունն ու անկախությունը։
Տարօրինակն այն է, որ շատ իրազեկ մարդիկ, ովքեր տեղյակ են, թե քաղաքական ազատությունն իրենից ինչ է ներկայացնում, երբեմն բավականին մանկամիտ են հոգևոր ազատությունը պատկերացնելու մեջ։
Այսպիսի մարդիկ կարող են ծիծաղել այս աֆրիկացիների վրա, ովքեր պատերացնում են, որ քաղաքական ազատությունը նշանակում է, որ նրանք կարող են իրենց հեծանիվները վարել փողոցի հակառակ ուղղությամբ կամ էլ ավտոբուսով ճանապարհորդել՝ առանց գումար վճարելու։ Այնինչ այդ նույն մարդիկ կարող են ոչ պակաս անմիտ կամ էլ անկարգ վարվել Աստծո տան մեջ, որից հետո նրանք արդարացնում են իրենց պահվածքը «հոգևոր ազատություն» անվան տակ։
Օրինակ՝ որոշ եկեղեցիներում, երբ մեկը պետք է առաջնորդի աղոթքը և որոշակի խնդիրներ ներկայացնի Աստծո առաջ, կան մարդիկ, ովքեր այնքան բարձր են աղոթում լեզուներով, որ եկեղեցու մնացած մասի համար անհնարին է դառնում աղոթքի համար նշանակված առաջնորդին լսելը։ Դա նշանակում է, որ եկեղեցին չի կարող հասկանալով կամ հավատով «ամեն» ասել այն աղոթքին, որը նրանք չեն էլ լսում։ Լեզուների այսպիսի անմիտ օգտագործման պատճառով ամբողջ եկեղեցին կորցնում է միաբան և միասիրտ խնդրվածքն ու բարեխոսությունը։
Մեկ այլ օրինակ. քարոզիչը ներկայացնում է տրամաբանական, սուրբգրային մի պատգամ, որի նպատակն է չփրկվածին ներկայացնել փրկության ճանապարհը։ Այն պահին, երբ քարոզիչը հասնում է իր պատգամի գագաթնակետին, հանկարծ եկեղեցուց մեկը բռկվում է լեզուների բարձր և անտեղին աղոթքով։ Որպես արդյունք՝ ողջ եկեղեցու ուշադրությունը շեղվում է փրկության պատգամից։ Անհավատները կա՛մ բորբոքվում են, կա՛մ էլ վախենում և շփոթվում այն բանից, որն իրենց համար անիմաստ և զգացմունքային նոպա է թվում։ Արդյունքում ամբողջ զգուշավորությամբ պատրաստված փրկության քարոզի ուժը կորում է։
Եթե այդ անմտության հեղինակը հետագայում գիտակցության է գալիս, հաճախ հետևյալն է ասում. «Ես չկարողացա ինձ զսպել։ Սուրբ Հոգին ստիպեց, որ դա անեմ։ Ես պետք է հնազանդվեի Սուրբ Հոգուն»։ Ինչևէ, նման պատասխանը չի կարող ընդունելի լինել, որովհետև այն հակասում է Սուրբ Գրքի մաքուր ուսուցմանը։
«Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը (դրսևորումը) օգուտի համար է տրված»։
1-ին Կորնթ.12։7
Այս խոսքը կարող ենք նաև այսպես արտահայտել.«Հոգու դրսևորումը միշտ տրվում է օգտակար, գործնական, բանական նպատակով»։
Այսպիսով, եթե Հոգու դրսևորումը նման նպատակ է հետապնդում, ապա այն միշտ ներդաշնակության մեջ կլինի ողջ ծառայության ծրագրի ու նպատակի հետ և դրական խթան կլինի` նպատակին հասնելու համար։ Այն երբեք անիմաստ, ուշադրությունը շեղող կամ էլ անտեղին չի լինի։
Շարունակելի