«Ինչպես ներել
Վեց քայլ դեպի ներումը»
«Ես ներում եմ քեզ» գրքից
Տերունական աղոթքում Հիսուսն ասաց. «Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես ներում ենք մեր պարտապաններին»: Նա մեզ կապեց այն մտքի հետ, որ Աստծուց չպետք է սպասել ներման ավելի մեծ չափաբաժին, քան մենք ենք ներում այլ մարդկանց:
Երբ մարդիկ առերեսվում են այս փաստի հետ, ես հաճախ լսում են, թե ինչպես են ասում. «Ես չեմ կարող ներել»: Սակայն այս խոսքերը բխում են ներման բնությունը չհասկանալուց: Ներումը զգացում չէ, այն որոշում է: Դուք չեք կարող զգացում առաջացնել, սակայն կարող եք որոշում կայացնել: Սա նշանակում է, որ դուք կարող եք ներել, եթե միայն իմանաք, թե ինչպես: Հավատում եմ, որ վեց պարզ քայլեր կան, որոնք կատարելով դուք կարող եք քայլել դեպի բարձրագույն ներումը:
Ճանաչի՛ր
Առաջին լավագույն քայլը գիտակցելը կամ ճանաչելն է, որ դու ներման կարիք ունես: Ազնի՛վ եղիր ինքդ քեզ հետ: Դադարի՛ր չափից դուրս կրոնավոր լինելուց: Մի՛ ձևացրու, թե սրտումդ որևէ վատ զգացում չկա: Ընդունի՛ր, որ կան որոշ մարդիկ, որոնց հանդեպ դու դառնացած ես, բարկությամբ ես լցված: Ճանաչի՛ր այն: Մի՛ ծածկիր: Փորձիր տալ այդ անձի անունը:
Ես հասկացել եմ, որ աններողամտությունն ու բարկությունը սովորաբար ուղղված են մեր մտերիմ մարդկանց դեմ: Դու սովորաբար չես դառնանում քո փոստատարի պատճառով: Նա մտերիմ չէ քեզ: Սակայն ի՞նչ կասես այն մարդկաց մասին, որոնց հետ դու կիսում ես նույն տունը: Ի՞նչ կասես այն անձի մասին, ում հետ կիսում ես քո անկողինը: Ահա, թե մենք որտեղից ենք այդքան խոցվում, դառնանում, աններողամիտ դառնում: Կամեցո՛ղ եղիր ընդունելու, որ դու կարիք ունես ներել այդ մարդուն կամ մարդկանց:
Հնազանդվի՛ր
Երկրորդ, Աստծուն մի՛ հակառակվիր: Դու պետք է հնազանդվես թե՛ Նրա Խոսքին և թե՛ Նրա Հոգուն: Ջա՛նք գործադրիր և ընդունիր այն, ինչ Նրա Խոսքն է ուսուցանում: Աստված հարցնում է. «Դու ցանկանո՞ւմ ես, որ ես ներեմ քեզ: Ների՛ր այդ մարդուն: Ես քեզ կներեմ այն նույն չափով, որքանով որ ներես այդ մարդուն»:
Հիշի՛ր Աստծո տնտեսության մեջ քո դիմացինը քեզ պարտք է ընդամենը տասնյոթ դոլլար, բայց դու Աստծուն պարտք ես վեց միլիոն: Հաշվարկի՛ր: Ինքդ որոշիր, թե արժե՞ արդյոք ներել տասնյոթ դոլարանոց պարտքը: Իրականում, ներման նախնական մակարդակում, այն բարձր հոգևորության հարց չէ, այլ բխում է անձնական շահից: Ցանկացած մեկը, ով չի ների տասնյոթ դոլլարանոց պարտքը հանուն վեց միլիոն պարտքի, պարզապես թույլ ունակություններ ունի հանրահաշվի մեջ: Ես չեմ խնդրում, որ լինես հոգևորապես հսկա անձ: Ես պարզապես ասում եմ, թե ինչպես հոգ տանել սեփական շահերի համար՝ այլոց ներելու բնագավառում:
Դու պետք է հնազանդվես նաև Աստծո Հոգուն: Սուրբ Հոգին համոզում է մեզ: Երբ խորհում ես որոշ հարաբերությունների մասին և անհանգստություն ու անբավարարվածություն ես զգում, դա հաճախ այն բանի նշան է, որ Սուրբ Հոգին մղում է քեզ ներել: Մի՛ անարգիր այդ հորդորը: Լսեի՛ր Սուրբ Հոգուն:
Որոշի՛ր
Երբ դու հնազանդվում ես Աստծո Խոսքին և Նրա Հոգուն, հաջորդ քայլդ պետք է լին ճիշտ որոշում կայացնելը:
Հիշի՛ր՝ մի՛ սպասիր զգացումներին: Քո զգացումներն ամբողջովին քո վերահսկողության տակ չեն:
Սակայն քո կամքն ամբողջովին քո հսկողության ներքո է:
Ներումը բխում է կամքից և ոչ թե զգացումներից:
Ընտրի՛ր ներել այդ անձին կամ անձերին: Որոշում կայացրո՛ւ. «Ես ներո՛ւմ եմ: Ես կներե՛մ: Ես ներե՛լ եմ»:
Հռչակի՛ր
Հաջորդ քայլն ամենակարևորներից է: Քո ներումը խոսքով հաստատիր: Թույլ մի տուր, որ այն պարզապես լինի մի ներքին միտք, որը պարզապես անցնում է քո ուղեղով:
Բերանովդ բարձրաձայն ասա. «Տե՛ր, ես ներում եմ իմ ամուսնուն/կնոջը: Ես ներում եմ իմ սկեսրոջը/զոքանչին: Ես ներում եմ իմ երեխաներին: Ես ներում եմ իմ թոռներին: Ես ներում եմ հովվին: Ես ներում եմ հարևանին»:
Ինչ խնդիր էլ, որ լինի, բարձրաձայն ասա, որ ներում ես նրանց: Իսկ եթե դա անսովոր է քեզ համար, կրկնի՛ր այն: Ասա այն կրկին և կրկին:
Քո բերանով ասելը ներմանը մեծ զորություն է փոխանցում:
Հաստատո՛ւն եղիր
Ստանձնելով կատարել առաջին չորս քայլերը՝ քո կարիքը ճանաչելը, Աստծուն հնազանդվելը, ճիշտ որոշում կայացնելը և խոսքով այն հաստատելը, հաջորդ երկու քայլերը կպահպանեն քեզ վիրավորանքի վերադարձից: Ենթադրենք, որ կրկին սկսել ես հիշել այն երևույթի մասին, որը քեզ ցավ ու դառնություն է պատճառել: Դու արդյոք պետք է նորի՞ց ներես: Խորհուրդ կտամ դա չանել, քանի որ, հավատում եմ, այն կթուլացնի քո առաջին ներումը:
Երբ փորձեր են արվում քեզ նորից վերադարձնել վիրավորանքի և դառնության մեջ, ինքդ քեզ և Աստծուն հիշեցրու, որ դու արդեն դրանց հարցերը լուծել ես: Ասա. «Տե՛ր, ես արդեն ներել եմ այդ մարդուն»: Պահի՛ր այն անցյալում: Դու արդեն ներել ես: Այն ավարտված է: Ինչ էլ որ ներկայացնի այդ մարդու տասնյոթ դոլլարանոց պարտքը՝ ուշադրություն, հոգատարություն, սեր, հարգանք, այն ներված է: Պարտամուրհակը պատռված է: Դու այն չես կարող վերադարձնել: Այն քամուց ցիրուացան է եղել:
Աղոթի՛ր և օրհնի՛ր
Ներման այս գործընթացի վերջնական քայլը բացասականը դրականով փոխարինելն է: Երբ էլ սկսես մտաբերել այն մարդկանց, որոնց հետ դու ներման խնդիր ես ունեցել, կանգ մի՛ առ նրանց բացասական կետերի վրա: Մի՛ վերադարձիր այն բոլոր վատ խոսքերին և գործերին, որ արել են: Գոհացի՛ր Աստծուց նրանց համար: Որևէ լավ բան հիշիր նրանց վերաբերյալ և սկսիր գոհանալ Աստծուց դրանց համար: Այնուհետև աղոթի՛ր նրանց համար: Աղոթիր, որ նրանք ունենան լավագույնն Աստծուց: Աղոթի՛ր, որ Աստված Իր հաճությունը հեղի նրանց վրա:
Ներման մասին ավելին իմանալու և ավելի մեծ հոգևոր օգնություն ստանալու համար
խորհուրդ ենք տալիս կարդալ
Դերեկ Պրինսի «Ես ներում եմ քեզ» գիրքը