Դերեկ Պրինս. «Կնոջ դերն ընտանիքում»
Կնոջ պարտականությունները
«Ամուսնական ուխտ» գրքից
Առակաց 31:10-31-ում Սողոմոնը պատկերում է Աստվածաշնչում երբևէ նկարագրված կնոջ գեղեցիկ նկարագիրը՝ «առաքինի կնոջ» նկարագիրը։ Թարգմանություններից մեկում այս բառակապակցությունը թարգմանվել է որպես «գերազանց կին»։ Թարգմանություններից և ոչ մեկն էլ չի արտահայտում բնօրինակի խորությունը։ Ես հավատում եմ, որ Սողոմոնն իրականում ի նկատի ուներ մի կնոջ, որը գիտի, թե ինչ է նշանակում կին լինելը, որը կարող է առատորեն և հարուստ կերպով արտահայտել իր կանացիությունը, մի կին, ով հաջողակ է որպես կին։
Նրա նկարագրությունը Սողոմոնը սկսում է հետևյալ հարցով. «Առաքինի կին ո՞վ կարող է գտնել»։ Այս հարցը ցույց է տալիս, որ նման կին հազվադեպ է հանդիպում։ Այն պահից, երբ ես երջանկություն ունեցա իմ կյանքի երեսուն տարիներն անցկացնել մի կնոջ հետ, ով համապատասխանում էր Սողոմոնի նկարագրությանը, ես երբեք չեմ կարողնում կարդալ այս խոսքերը՝ առանց շնորհակալական արցունքների։
Սողոմոնի պատկերած նկարի ամեն մի դետալի ուսումնասիրումը դուրս է գալիս այս գրքի շրջանակներից։ Սակայն ես ցանկանում եմ ուշադրություն դարձնել մեկ պարզ փաստի վրա, որը շատ կարևոր է. նկարագրության սկիզբը, մեջտեղը և վերջը ամբողջովին կենտրոնացված են իր ամուսնու վրա։ Այլ խոսքով՝ առաքինի կնոջ մեծագույն ձեռքբերումն իր ամուսինն է։ Ամեն մի ձեռքբերում, որը դրանից դուրս է, երկրորդական արժեք է։ Ահա թե կինն ինչպես պետք է որոշի իր ձեռքբերումը որպես կին։ Նա այլևս չի ապրում իր սեփական կյանքով։ Նրա կյանքն իր ամուսնու մեջ է; Նա իր հաջողությունը նրա մեջ է տեսնում։ Նա ավելի շատ ուրախանում է նրա ձեռքբերումներով, քան իր սեփական։
11-րդ խոսքում նշված է առաքինի կնոջ ձևակերպումը. «Նրա վրա վստահ է իր մարդու սիրտը, և շահի կարոտություն չի լինի»։ Պարտադիր չէ, որ ամուսինը միլիոնատեր դառնա, որ իրեն վստահ զգա։ Նա իր վստահությունն ու բավարարումը գտնում է իր կնոջ մեջ։ Բազում տղամարդիկ հուսահատ փորձում են հաջողություն ունենալ իրենց բիզնեսի կամ էլ այլ ոլորտների մեջ՝ ինքնահաստատման նպատակով։ Սովորաբար իրենց խնդրի արմատն այն է, որ նրանք երբեք աջակցություն և օգնություն չեն ստացել իրենց ընտանիքներում. սկզբում իրենց ծնողների կողմից և հետո՝ իրենց կանանց կողմից։ Արդյունքում նրանք մի ուժեղ ձգտում ունեն այնպիսի կյանք վարելու, որպեսզի ինքնահաստատվեն և ապացուցեն իրենց։ Սակայն առաքինի կին ունեցող տղամարդն ինքնահաստատման կարիք չունի։ Իր կնոջ հաստատումը բավական է։ Մեկ ուրիշը կարող է չհասկանա և անգամ դավաճանի իրեն, սակայն նա գիտե, որ կա մեկը, որի վրա կարելի է ամբողջովին հենվել։ Այդ անձն իր կինն է։ Այդպիսի կին լինելը ցանկացած կնոջ մեծագույն ձեռքբերումն է։
Ամուսինների վստահությունն իրենց «առաքինի կանանց» հանդեպ հիմնավորված է մեկ պարզ, սակայն կենսական փաստարկով. «Նա նրան բարիք կհատուցանի և ոչ թե չարիք իր կյանքի բոլոր օրերում» (խ. 12): Երեսուն տարի շարունակ ես ունեցել եմ այս բացարձակ համոզվածությունը Լիդիայի հանդեպ։ Նա երբեք ինձ չարիք չարեց։ Նա կարող էր չհամաձայնվել ինձ հետ, անգամ երբեմն կարող էր հակաճառել ինձ։ Մենք կարող էինք վիճել կամ էլ տարաձայնություններ ունենալ, սակայն ես միշտ գիտեի, թե որտեղ է գտնվում իմ դիրքը մեր հարաբերությունների մեջ։ Նա հարյուր տոկոսով իմ կողքին էր։ Առանց դրա ես երբեք չէի դառնա այն, ինչ եմ այսօր։
Եկեք այժմ անդրադառնանք 23 խոսքին, որն այս նկարագրության կենտրոնական բաժինն է. «Նրա ամուսինը հայտնի է դռներում, երբ որ նստում է երկրի ծերերի հետ»։ Եվ կրկին կենտրոնացումն իր ամուսնու վրա է։ Նա իր ժողովրդի մեջ ճանաչված առաջնորդ է, որը նստում է քաղաքի դռների մոտ, որը պատվավոր և հեղինակավոր դիրք էր։ Այնքա՜ ն արտահայտիչ է Սողոմոնի լեզուն։ «Նրա ամուսինը հայտնի է…»։ Այլ խոսքով, նա ճանաչված է որպես նրա ամուսին։ Առանց նրա օգնության, նա ի վիճակի չէր լինի գրավել այդ պատվավոր դիրքը։ Այս սկզբունքը լավ կիրառելի է դեպքերի մեծամասնության ժամանակ, երբ մենք հաջողակ, վստահ և հարգված տղամարդ ենք տեսնում։ Մեր տեսածի մեծ մասի մեջ կնոջ արժանիքն է։
Այնուհետև 28 և 29 խոսքերում նկարագրությունը փակվում է իր ընտանիքի վրա կենտրոնացումով՝ սկզբում իր երեխաները, սակայն վերջիվերջո կրկին իր ամուսինը.
«Նրա որդիները կանգնում են և նրան երանի տալիս (կամ՝ օրհնում են նրան ), նրա ամուսինը կանգնում է և գովասանում նրան.
– Շատ աղջիկներ են առաքինություն գործել, բայց դու նրանց ամենիցն էլ գերազանց եղար»։
Այսպիսով «առաքինի կնոջ» այս նկարագրությունը, ով ճշմարտապես հաջողակ կին է, սկզբում, մեջտեղում և վերջում կենտրոնացած է իր ամուսնու վրա։ Նա նրա գերագույն ձեռքբերումն է և մնացած ձեռքբերումները երկրորդական են։
Ի՞նչ պարգևատրման է նա արժանանում իր ամուսնու կողմից։ «Նա գովասանում է նրան»։ Որքա՜ ն կարևոր է սա։ Ամուսիննե՛ր, եթե այսպիսի կին ունեք, իմացե՛ք, որ նրանք անգին են։ Դուք ոչնչով չեք կարող վարձահատույց լինել նրան, բացի գովասանքից։ Դուք կարող եք շռայլ լինել այդ հատուցման մեջ, որովհետև որքան շատ վճարեք, այնքան շատ կստանաք ի պատասխան։ Այդ պատճառով ժամանակ հատկացրեք, որպեսզի գովեք ձեր կնոջը։ Ասե՛ք, թե նա որքա՜ ն քաղցր է, որքա՜ ն համեղ են նրա պատրաստած կերակուրները։ Ասե՛ք նրան, թե որքա՜ ն եք սիրում, երբ տունն այդպես մաքուր եք տեսնում։ Ասացե՛ք, թե որքա՜ ն գեղեցիկ տեսք ունի նա, թե որքա՜ ն շատ եք նրան սիրում։ Ժամանակ հատկացրե՛ք այդ բանն անելու համար։ Սա լավ ներդրում է։ Ամեն անգամ դուք ավելի շատ կստանաք ձեր ներդրածից։
Ինչպես արդեն նշեցի, ես հիշում եմ երեսուն տարիների երջանիկ և հաջողակ ամուսնության մասին Լիդիայի հետ։ Եթե ես զղջում էլ եմ մի բանի համար, ապա միայն այն բանի համար, որ նրան բավականին հաճախ չեմ ասել, թե որքան շատ եմ նրան սիրում։ Ես սիրում էի նրան, և նա գիտեր դա։ Սակայն ես այնքան հաճախ չէի ասում այդ մասին, որքան պետք էր։ Եթե ես կրկին ապրելու լինեի իմ կյանքի այդ հատվածը, ապա տասն անգամ ավելի շատ կասեի նրան այդ խոսքերը։
Եկեք կրկին մի պահ վերադառնանք կնոջ դերին։ Ինչպե՞ս կարող է կինը հասնել այդպիսի հաջողության ամուսնու հանդեպ։ Ես կասեմ, որ նա երկու կարևոր պարտականություն ունի, որոնք սերտ կապված են միմյանց հետ։ Առաջին՝ բարձրացնել իր ամուսնուն և երկրորդ՝ քաջալերել նրան։
1 Կորնթացիների 11։3-ում Պողոսն ասում է մեզ. «Կնոջ գլուխը ամուսինն է»։ Նորմալ մարմնում որոշումներ կայացնելու գլխավոր պատասխանատվությունը գլխի վրա է։ Սակայն գլուխն ինքնուրույն չի կարող գործել։ Դրանում նա կախված է մարմնի մնացած մասից։ Առանց մարմնի մյուս հատվածների աջակցության և հիմնականում պարանոցի, գլուխը չի կարող իրականացնել իր գործառույթը։
Սա կիրառելի է ամուսնական հարաբերությունների մեջ։ Որպես գլուխ, ամուսնուն է պատկանում որոշումներ կայացնելու և ղեկավարելու գլխավոր պարտականությունը։ Բայց նա ինքնուրույն չի կարող իրականացնել իր գործառույթը։ Նա կախում ունի իրեն աջակցող մարմնից։ Իրականում կնոջ պարտականությունը կարող է համեմատվել պարանոցի պարտականության հետ։ Նա ամենամոտն է իր ամուսնուն, որը նրա մշտական աջակցության կարիքն ունի։ Եթե նա բավարար չափով չի աջակցում իրեն, ապա նա չի կարող գործել այնպես, ինչպես պետք է։ Նմանապես էլ, ինչպես մարմնի ոչ մի հատվածը չի կարող փոխարինել պարանոցին՝ գլխին աջակցելու համար, այդպես էլ չկա որևէ անձ, ով ամուսնուն կարողանա տալ այն աջակցությունը, որը կփոխարինի իր կնոջ աջակցությանը։
Կնոջ երրորդ հինական պարտականությունն իր ամուսնուն քաջալերելն է։ Ամուսինը պետք է ամեն ժամանակ քաջալերանք գտնի իր կնոջ մոտ, հատկապես հենց այն ժամանակ, երբ նա ամենաքիչն է արժանի դրան։ Եթե Լիդիան քաջալերեր ինձ միայն այն ժամանակ, երբ ես դրան արժանի էի, ապա ես չէի ստանա այն, ինչի կարիքը ես ունեի։ Ես քաջալերանքի կարիքն ունեի ամենաշատն այն ժամանակ, երբ ամենաքիչն էի արժանի դրան։ Ես մեկի կարիքն ունեի, որպեսզի հավատար ինձ այն ժամանակ, երբ ոչ ոք ինձ չէր հավատում։ Ես քարոզի կարիք չունեի։ Ես խորհրդատուի կարիք չունեի։ Ես ընդամենը կարիք ունեի մեկին, ով կվստահեր ինձ։
Քաջալերելը հեշտ բան չէ կնոջ համար, նամանավանդ դժվար ժամանակներում։ Ավելի հեշտ է նախատել կամ քննադատել։ Փաստորեն քաջալերանքը մի ծառայություն է, որը պետք է զարգացվի։ Ես հավատում եմ, որ շատ ժամանակներ կինը կարող է վատ ամուսնությանը կամ էլ անհաջողակ ամուսնուն ձևափոխի դեպի լավ ամուսնության և հաջողակ ամուսնու, եթե նա քաջալերել սովորի։ Բայց այն միշտ ինքնամերժում է ենթադրում։ Մենք չենք կարող քաջալերել ուրիշներին, երբ հիմնականում մեզանով ենք հետաքրքրված։ Եթե դուք և ձեր ամուսինը ձեզ դժբախտ եք զգում, ապա ի՞նչ պետք է անեք։ Կա՛մ պետք է ասեք, թե որքան դժբախտ եք, կա՛մ էլ՝ քաջալերեք նրան։ Նրան քաջալերելու համար պետք է մերժեք ինքներդ ձեզ։ Բայց հենց սա է ամուսնական ուխտի էությունը։ Դուք այլևս չեք ապրում ձեզ համար։
Սա մեզ վերադարձնում է մեր սկզբնակետին՝ նվիրվածություն ուխտի միջոցով։ Միայն սա կարող է շնորհք և ողորմություն տալ, որի կարիքն ունեն ամուսիններն ու կանայք, և միայն սրանով է, որ ամուսնությունը կարող է հաջողակ լինել։ Լավ և բարի խորհուրդը կամ էլ կանոնների հավաքածուն ինքնին բավարար չեն, որպեսզի իրագործեն այս ամենը։ Այսօր բազմաթիվ գրքեր կան, որոնք խորհուրդներ և ցուցումներ են տալիս քրիստոնեական տեսակետից, թե ինչպես հաջողակ ամուսնություն ունենալ։ Սակայն վերջնական հաշվով քրիստոնեական ամուսնությունը չի կարող գործուն լինել առանց Աստծո գերբնական շնորհքի, իսկ այս շնորքը գալիս է միայն այն ժամանակ, երբ ամուսնինն ու կինը իրար ներկայացնում են Աստծուն և միմյանց՝ նվիրման ուխտով։