Դերեկ Պրինս. «Ամուսնության Հիսուսի չափանիշը»
«Ամուսնական ուխտ» գրքից
Մաղաքիայից հետո ամուսնության հաջորդ և լիարժեք հայտնությունը տրվում է մեզ Հիսուսի միջոցով։ Ամուսնության մասին իր ուսուցման էությունը գտնվում է որոշ փարիսեցիների հետ ունեցած իր զրույցի մեջ, որը կարելի է կարդալ Մատթեոս 19:3-9-րդ խոսքերում.
«Փարիսեցիները նրա մոտ եկան ու փորձելով ասում էին նրան. «Արդյոք օրինավո՞ր է մարդուս, որ առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։ Նա էլ պատասխանեց ու ասաց. «Չե՞ք կարդացել, որ Նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց. «Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի և իր կնոջը կմիանա, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Որովհետև այլևս երկու չեն լինի, այլ մեկ մարմին։ Արդ ինչ որ Աստված միացրել է, մարդը թող չբաժանի»։ Նրան ասացին. «Հապա Մովսեսն ինչու՞ մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան»։ Նրանց ասաց.
-Մովսեսը ձեր քարսրտության համար ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբից այդպես չեղավ։ Եվ ես ասում եմ ձեզ՝ ամեն ոք, ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակի և ուրիշին առնի, շնություն արած կլինի. արձակվածին առնողն էլ շնություն է անում»։
Հիսուսի այս ուսուցումից մենք կարող ենք հետևյալ չորս եզրահանգումներն անել.
1. Ամուսնության այն ձևը, որն ընդունվել էր Հուդայիզմի ներքո Իսրայելում, Աստծո կամքի չափանիշից ցածր էր։
2. Ամուսնության համար Աստծո իրական նպատակը արտահայտվեց այն ժամանակ, երբ Նա ստեղծեց տղամարդուն և կնոջը։
3. Տղամարդու և կնոջ սկզբնական միության մեջ նրանք այնքան սերտ էին կապված միմյանց հետ, որ կորցնում էին իրենց սեփական անհատականությունը և դառնում էին «մեկ մարմին»։
4. Հիսուսի նպատակն այն է, որ իր աշակերտների կյանքում վերականգնի ամուսնության նախնական չափանիշը, որն ի հայտ է եկել արաչագործության ժամանակ։
Եթե մենք դիտարկենք Ծննդոց 1 և 2 գլուխներում նկարագրված Ադամի և Եվայի արարումն ու միությունը, ապա մեկ փաստ է ակնառու դառնում՝ Աստված անձամբ և անմիջականորեն ներգրավված է եղել դրանցում։ Դա Իր և ոչ թե Ադամի որոշումն էր, որ վերջինս կին ունենա։ Նա էր, ով Ադամից ստեղծեց Եվային, Նա էր, ով Եվային ներկայացրեց Ադամին և Նա էր, ով հաստատեց ուխտի պայմանները, որոնցում Նա միավորեց նրանց։
Այդ պատճառով ճիշտ կլինի ասել, որ ողջ Հին Կտակարանը սկզբից մինչև վերջ ամուսնությունը դիտում է որպես ուխտի փոխհարաբերություն։ Այնուամենայնիվ, այն հասկացողությունը, որ զարգացել էր Հուդայիզմի ներքո, մեկ աստիճան ցածր էր արարչագործության ժամանակ արտահայտված չափանիշից։ Հուդայիզմում ուխտի փոխհարաբերությունը դիտարկվում էր հորիզոնական հարթության վրա, այսինքն՝ տղամարդու և կնոջ միջև։ Սակայն ուխտի փոխհարաբերությունը, որը հաստատվեց արարման ժամանակ, երկու ուղղություն ուներ՝ հորիզոնական և ուղղահայաց։ Հորիզոնականը Ադամին և Եվային միմյանց էր կապում, իսկ ուղղահայացի ժամանակ նրանք երկուսն էլ կապվում էին Աստծո հետ։
Երեքպատիկ թելը
Ժողովող գրքի 4:9-12 հատվածում խորհրդաբանորեն ցույց է տրված ամուսնության մասին եղած այս երկու տեսակետների տարբերությունը.
«Երկուսը լավ է, քան թե մեկը, որովհետև նրանք վարձ ունեն իրենց աշխատանքից։ Որովհետև եթե վայր ընկնեն, մեկը մյուսին վեր կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնի, և մի երկրորդ չկա, որ նրան կանգնեցնի։ Եվ երբ որ երկուսը միասին քնեն, կտաքանան, բայց մեկն ինչպե՞ս կտաքանա։ Եվ եթե մեկը նրան բռնություն անի, երկուսը նրա դեմ կկանգնեն. և երեքպատիկ թելը շուտով չի կտրվի»։
Այն սկզբունքը, որով Սողոմոնը սկսում է այս խոսքը՝ երկուսը լավ է, քան թե մեկը, համապատասխանում է այն պատճառին, որի համար Աստված Ադամին օգնական ստեղծեց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա» (Ծննդոց 2։18)։ Սողոմոնը շարունակում է և երեք օրինակ է ցույց տալիս, որոնցով պարզորոշ արտահայտվում է այս սկզբունքը. երբ երկուսը միասին են, և մեկն ընկնի, մյուսը կարող է նրան բարձրացնել, եթե երկուսը միասին պառկեն, միմյանց կջերմացնեն, եթե երկուսն էլ հարձակման ենթարկվեն, միասին կարող են ետ մղել այն։ Սակայն վերջին օրինակը, որ տալիս է Սողոմոնը, տարբեր է. «Երեքպատիկ թելը շուտով չի կտրվի»։ Այս դեպքում զորությունը գալիս է ոչ միայն այն ժամանակ, երբ երկուսը միասին են, այլ երբ երեքն են միասին։
Մենք կարող ենք Սողոմոնի կողմից ներկայացված օրինակներն օգտագործել, որպեսզի տեսնենք ամուսնության մասին Հուդայիզմի մեջ եղած տարբերությունը արարչագործության ժամանակ հաստատված Աստծո նախասահմանվածությունից։ Սողոմոնի առաջին երեք օրինակները՝ երկուսը միասին լինելու մասին, արտահայտում է ամուսնության մարդկային կողմը՝ զուգահեռ հարաբերությունը, այսինքն՝ միայն տղամարդու և կնոջ միջև։ Բայց Սողոմոնի չորրորդ օրինակը՝ երեքպատիկ թելը, ցույց է տալիս, որ ամուսնության արարման ժամանակ նախատեսված է եղել երեք անձի միջև եղած միությունը՝ տղամարդը, կինը և Աստված։ Տղամարդու և կնոջ հարաբերությունը միայն մարդկային մակարդակի վրա է, սակայն երբ Աստված մասնակցություն է ունենում այս հարաբերությունների մեջ, նոր ձևաչափ է ներմուծվում։ Նա դառնում է ամուսնության անբաժան մասը։
Հիսուսի ուսուցումների ամենահեղափոխական մոտեցումներից մեկը եղել է ամուսնության վերաբերյալ։ Նա մերժեց այն ամենը, ինչը չէր համապատասխանում Աստծո նախնական նպատակներին։ Այս պատճառով եռապատիկ թելը ոչ միայն նկարագրում է արարչագործության ժամանակ հաստատված ամուսնության պատկերը, այլև նույն հաջողությամբ նկարագրում է մեր օրերի հավատացյալների ամուսնության օրինակը, որոնք այսօր միավորված են Քրիստոսի հավատքի միջոցով։ Երեքպատիկ թելը կազմված է տղամարդուց, կնոջից և Աստծուց։ Եվ այն սկզբունքը, որը նրանց կապում է, ուխտն է։ Այն, ինչ Սողոմոնն ասում է թելի մասին, ճշամրիտ է նաև այսօր, այն շուտով չի կտրվի։
Որոշ ժամանակ առաջ ես Նոր Զելանդիայում խոսում էի այս պատկերի մասին։ Մեր զրույցի վերջում մի մարդ մոտեցավ ինձ և ներկայացավ. «Ես արհեստավարժ պարանագործ եմ,- ասաց նա,- իմ աշխատանքը պարաններ գործելն է։ Ես ցանկանում եմ ասել, որ այն, ինչ դուք ասացիք, բացարձակ ճշմարիտ է գործնական իրականության մեջ։ Ամենապինդ պարանը երքպատիկ պարանն է»։
Այնուհետև նա հետևյալ բացատրությունն արեց. ամենաշատ հպման մակերես, որ կարող են ունենալ միմյանց հետ, առավելագույնը երեք թելն է։ Եթե դուք մեկը հեռացնենք և թողնեք ընդամենը երկուսը, անշուշտ կթուլացնեք պարանը։ Սակայն, եթե դուք ևս մեկ ավելորդ թել ավելացնեք և ունենաք չորսը, ապա դրանով դուք չեք ավելացնի պարանի ամրությունը, որովհետև հպման մակերեսը շատ փոքր կլինի։ Եթե ձեր պարանը երեք թելից է կազմված, դրանցից մեկը կամ երկուսը կարող են ճնշումից թուլանալ և քրքրվել։ Բայց քանի դեռ երրորդ թելը պահում է, պարանը չի կտրվի։
Այս պարանագործի բացատրությունից քրիստոնեական ամուսնության պատկերը, որպես եռապատիկ թել, այնքան պարզ դարձավ ինձ համար, որ ես օրեր շարունակ մտածում էի այդ մասին։ Իմ մտքում ես պատկերացնում էի, թե ճնշումը կարող է այնքան մեծ լինել, որ երկու թելերը քրքրվեն։ Բայց երրորդ թելը շարունակում է ամուր մնալ և այնքան ժամանակ դիմանալ, մինչև ճնշումը թուլանա և մյուս երկու թելերը նորից վերականգնվեն։
«Հենց դա էլ տեղի է ունենում ժամանակակից քրիստոնեական ընտանիքում,-ասացի ինքս ինձ,- լարվածության այնպիսի օրեր են լինում, երբ ամուսինն ու կինը կարող են թուլանալ և զգալ, որ այլևս չեն կարող այդ ծանրությունը տանել։ Սակայն Աստված Ինքն է, որ երրորդ թել է, և Նա շարունակում է պահել ու ծանրությունը վերցնել Իր վրա այնքան ժամանակ, մինչև լարվածությունը թուլանա, և ամուսինն ու կինը բժշկվեն և վերականգնվեն»։