«Պատերազմ երկնքում» գրքից
Ի՞նչ նպատակ է հետապնդում հրեշտակների ծառայությունը։
Հրեշտակները պարզապես հոգիներ չեն, այլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված Աստծո կողմից Իր ժողովրդին և Իր նպատակներին ծառայելու համար. «Չէ՞ որ բոլորը սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» ( Եբրայեցիների 1:14)։ Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներ է բերում այն բանի համար, թե ինչպես են հրեշտակներն ուղարկվել՝ ծառայելու ադամական ցեղին այն ժամանակ, երբ նրանք ունեցել են դրա կարիքը։
Նոր Կտակարանում գործածվող հրեշտակ բառը հունարեն անգելոսն է, որը բառացի նշանակում է պատգամաբեր։ Հին Կտակարանում հրեշտակ բառի համար գործածվում է մալախ բառը, որը նշանակում է ծառա։ Հետևաբար, հրեշտակները ծառայող պատգամաբերներ են, որոնք հատուկ նպատակով են ուղարկվում։ Ահա այդ նպատակներից մի քանիսը։
Հայտնություն բերելը
Ժամանակ առ ժամանակ հրեշտակներին վստահվող ֆունկցիաներից մեկը հայտնություն բերելու հանձնարարությունն է, որոնք իրականության մեջ գրառվել են որպես Սուրբ գրություններ։ Օրինակ, Զաքարիայի մարգարեություն առաջին վեց գլուխների պատգամները բերվեցին հրեշտակների կողմից։ Դանիելի գրքի տարբեր հատվածներ հրեշտակների կողմից էր տրվել։
Սակայն բոլորից նշանավորը Հայտնության գիրքն է, որը ողջ Աստվածաշնչի գագաթնակետն է. «Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են»։ Ու Տերը՝ սուրբ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց Իր հրեշտակին, որ Իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի» (Հայտնություն 22:6)։ Սա ցույց է տալիս այն բանը, որ Հայտնություն գրքի ողջ բովանդակությունը Հովհաննեսին փոխանցվել էր հրեշտակի կողմից։
Այնուհետև, հենց նույն գլխում, Հիսուսը պարզ հայտարարում է. «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ ձեզ վկայի այս բաները եկեղեցիների մեջ» (խ. 16)։
Այլ պատգամների հաղորդումը
Աստվածաշունչը նաև լի է օրինակներով այն հրեշտակների, ովքեր Աստծո կողմից ուղարկվել են անձնական պատգամով։ Օրինակ, Զաքարիան Տաճարում իր քահանայական ծառայության ժամանակ հրեշտակի կողմից պատգամ է ստանում, որով նախատեսվում էր Հովհաննես Մկրտչի ծնունդը (տե՛ս Ղուկաս 1:11-25): Այնուհետև Գաբրիել հրեշտակապետը հայտնվում է կույս Մարիամին և հայտարարում, որ նա կհղիանա մի Որդիով, որի անունը Հիսուս է (Փրկիչ) (տե՛ս Ղուկաս 1:26-38):
Հիսուսի ծառայությունը բարձրակետին հասնելու ժամանակ, երբ նա աղոթում էր Գեթսեմանիի պարտեզում, հրեշտակը հայտնվեց նրա առջև՝ զորացնելով նրան գալիք ծանր փորձությունների համար. «Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց, ու զորացնում էր նրան» (Ղուկաս 22:43):
Երկրի վրա եղած սուրբերին ծառայելը
Ղուկասի ավետարանի 16:19-31-ում Հիսուսը նկարագրում է Ղազարոս անունով մի աղքատի մահը և մեկ ակնթարթ նա բաց է անում այն բանի վարագույրը, թե հետագայում ինչ կատարվեց. «Եվ աղքատը մեռավ, և հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան» (խ. 22)։
Ես միշտ հիանում եմ այն փաստով, որ հրեշտակների խումբը Ղազարոսի շքախումբն էր։ Իրականում մեկ հրեշտակն անգամ բավական էր այդ հյուծված կերպարանքը Աստծո ներկայության մեջ փոխադրելու համար։ Սակայն Աստված նրան շքախմբով պատեց։ Նրա արժեքներն այնքան տարբեր են մեզանից։ «Նա կանգնեցնում է աղքատին փոշուց և աղբակույտից բարձրացնում է կարոտին, որ իշխանների հետ նստեցնի և փառքի աթոռը նրանց ժառանգեցնի» (1-ին Թագավորաց 2:8)։
Մեկ այլ կողմից Հիսուսը զգուշացնում է մեզ. «Մարդկանց առաջ բարձրերն Աստծո համար պիղծ է» (Ղուկաս 16:15)։ Թող Աստված պահպանի մեզ մեր կյանքն այն բաներին նվիրելուց, որոնք իրոք պիղծ են Իր համար։
Պաշտպանության ապահովումը
Հրեշտակների մեկ այլ ծառայությունն Աստծո ծառաներին վտանգավոր իրավիճակներից պաշտպանելն է։ Աստվածաշնչում սրա բազում օրինակներ կան։ Դանիելի 3:19-25-ը նկարագրում է, թե ինչպես Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը հրաժարվեցին երկրպագել ոսկե արձանին և Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով նետվեցին հրե հնոցի մեջ, ինչը պետք է վայրկյանական մահվան հանգեցներ։ Սակայն չորրորդ անանուն արարածը իր ներկայությամբ պաշտպանեց նրանց ամեն տեսակի չարիքից, և նրանք դուրս եկան այդտեղից՝ փառաբանելով Աստծուն։ Անկասկած այս չորրորդ անձը հրեշտակային արարած էր։
Այնուհետև Դանիելը, խախտելով Դարեհ թագավորի հրամանը, շարունակեց Իսրայելի Աստծուն իր աղոթքը Երուսաղեմ քաղաքի համար և այդ պատճառով նետվեց առյուծների գուբը (տե՛ս Դանիել 6:10-23): Սակայն Դանիելն ավելի հանգիստ գիշեր անցկացրեց առյուծների հետ, քան Դարեհ թագավորը՝ իր պալատում։ Հաջորդ առավոտ Դանիելը հանգստացրեց թագավորին. «Իմ Աստված ուղարկեց Իր հրեշտակը, և նա փակեց առյուծների բերանը, և նրանք ինձ չվնասեցին» (խ. 22)։
Նոր Կտակարանը նկարագրում է հրեշտակների նման միջամտություն, երբ Աստծո մարդիկ բանտում են գտնվել։ Գործք Առաքելոց 5:17-28-ը նկարագրում է, թե ինչպես առաքյալները բանտ նետվեցին Ավետարանի քարոզչության պատճառով։ Սակայն Տիրոջ հրեշտակը գերբնականորեն բացեց բանտի դռները, նրանց այդտեղից դուրս հանեց և դռները նրանց հետևից փակեց։ Այնուհետև հրեշտակը հորդորեց նրանց տաճար գնալ և ժողովրդին սովորեցնել։
Ավելի ուշ՝ Գործք Առաքելոց 12:4-19-ում, նկարագրում է, թե ինչպես էր Պետրոսը բանտում սպասում իր մահապատժին։ Սակայն Տիրոջ հրեշտակն արթնացրեց նրան քնից, արձակեց նրա կապերը և բանտից ապահով դուրս հանեց նրան։ Այդ ժամանակ Պետրոսը գիտակցեց, որ սա երազ չէ և ինքն իրեն ասաց. «Հիմա ճշմարտապես իմացա, որ Տերն Իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդից սպասվող բոլոր բաներից» (խ. 11):
Ինչպես Հին, այդպես էլ Նոր Կտակարանները հաստատում են, որ Աստված ժամանակ առ ժամանակ հրեշտակների միջոցով վտանգավոր ժամանակներում կմիջամտի Իր ծառաների պաշտպանության համար և կազատի նրանց։
Քաղաքականության մեջ միջամտությունը
Հրեշտակների մեկ այլ հույժ կարևոր ծառայությունը քաղաքական ոլորտում միջամտությունն է՝ ըստ Աստծո հրահանգի օգնելու առաջնորդներ բարձրացնելու մեջ կա՛մ էլ՝ դրանց հեռացնելու համար։ Հրեշտակները կարող են արձակել իրենց գերբնական զորությունը Աստծո կամքի իրագործմանը նվիրված առաջնորդներին աջակցելու համար, անգամ եթե այդ առաջնորդներն իրականում չեն ծառայում Իրեն։
Սրա ակնառու օրինակը Մարաց Դարեհի իշխանության գալն էր, որը նկարագրված է Դանիելի 11:1 –ում. «Եվ ես (հրեշտակն է խոսում) Մարաց Դարեհ թագավորի առաջին տարին կանգնել եմ նրա հետ՝ ուժեղացնելու և նրան օգնելու»։
Դարեհը Պարսկաստանի թագավորն էր, որը գահին հաջորդեց Կյուրոսին և Պարսկական կայսրությունն ընդարձակեց տարբեր ուղղություններով։ Նա օգնեց կատարելու իր նախորդի՝ Կյուրոսի հրամանն այն բանում, որ բաց անի ճանապարհը հրեաների առջև՝ վերադառնալու իրենց երկիրը և Երուսաղեմ քաղաքը։
Հրեաների վերադարձը Երուսաղեմ Աստծո մտադրությունների անքակտելի և հիմնական մասի պատմական մարմնացումն էր։ Այդ բանն իրագործելու համար Աստված երկնքում հրեշտակային զորություններ արձակեց։
Սակայն հրեշտակային միջամտությունը պատմական գործընթացում հաճախ բացասական, քան դրական է ազդում նրանց համար, որոնց որ ուղղորդված է այդ միջամտությունը։ Օրինակ, Գործք Առաքելոց 12:20-23-ում Հերովդես թագավորը Տյուրոսի և Սիդոնի ժողովրդի առաջ մի ամբարտավան ճառ ասաց, որի ընթացքում նա Աստծուն հավասար երկրպագություն ընդունեց։ Աստծո արձագանքը դրան անհապաղ եղավ. «Բայց Տիրոջ հրեշտակն իսկույն հարվածեց նրան, որովհետև Աստծուն չտվեց փառքը, և որդերով լցվեց ու մեռավ» (խ. 23)։ Այստեղ ակնառու հակադրություն կա այն բանի, թե ինչպիսի պատիվ ընդունեց Հերովդեսը և թե ինչպես մահացավ։
Փրկություն` կարիքի ժամանակ
Միշտ չէ, որ հրեշտակային ամեն միջամտությունն ուղղված է պատմական մեծ փոփոխություններ բերելու համար։ Շատ հաճախ հրեշտակներն օգնության են ուղարկվում սովորական մարդկանց, որպեսզի նրանց օգնեն այն իրավիճակներում, որոնք գտնվում են նրանց հսկողությունից դուրս։
Իմ առաջին կնոջ՝ Լիդիայի պատմությունը լավ օրինակ է հանդիսանում։ 1929 թվականին, երբ Լիդիան ինքնուրույն ապրում էր Երուսաղեմում, նա ցանկանում էր իր տան շուրջը տիրող քաոսից դուրս հանել փոքրիկ հիվանդ հրեա մի աղջնակի, որի անունը Թիքվա էր։ Հետևյալ պատմությունը վերցված է այդ իրադարձությունները նկարագրող իմ գրքից, որը կոչվում է«Ժամադրությունը՝ Երուսաղեմ».
«Մոտավորապես յուրաքանչյուր հիսուն մետրը ինձ (Լիդիային) հանդիպում էին փողոցում կուտակված քարերի և այլ ավերակների կույտեր։ Ցավելով ես մագլցում էի և սողոսկում դրանց միջով՝ Թիքվային ուսերիս վրա պահելով։
Անցնելով մեկ կիլոմետր ճանապարհ՝ ես հայտնվեցի մի բարիկադի առաջ, որը մեկ մետրով ավելի բարձր էր մյուսներից։ Դա արաբական և հրեական տարածքների բաժանարար գիծն էր։ Ես սկսեցի մագլցել դրանով վեր, սակայն ճանապարհի կեսից սայթաքեցի և սրընթաց ներքև գլորվեցի, և քիչ էր մնում Թիքվային բաց թողնեի։ Հասկանալով, որ ուժերս սպառվում են՝ ես Թիքվային գետնին դրեցի և նստեցի նրա կողքին։ Ես ինքս կարող էի մի կերպ բարձրանալ, բայց ինչպե՞ս պետք է տանեի Թիքվային։
Հանկարծ ինձ մոտ մի խորհրդավոր տպավորություն առաջացավ, որ ես մենակ չեմ։ Արագորեն շրջվելով՝ ես մի երիտասարդ տղամարդ տեսա, ով ինձանից մի քանի մետր այն կողմ կանգնած էր ճանապարհի վրա։ Քիչ էր մնում ճչայի, երբ այդ երիտասարդը բարձրացրեց Թիքվային և նստեցրեց իր ուսերի վրա՝ ճիշտ այն նույն դիրքով, որով երեխան նստել էր իմ ուսերին։ Այնուհետև առանց որևէ առերևույթ ճիգի նա մագլցեց բարիկադը։ Առանց Թիքվայի ինձ հաջողվեց մագլցել այն և հետևել իրեն։
Երբ ես հայտնվեցի հակառակ կողմում, երիտասարդը ճանապարհ ընկավ՝ Թիքվային կրելով իր ուսերին։ Ես հետևում էի նրանց։ Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում՝ ես ավելի մոտիկից նայեցի երիտասարդին։ Նա մոտավորապես մեկ մետր ութսուն սանտիմետր հասակ ուներ։ Նա եվրոպական սև կոստյում էր հագել։ Ակնհայտ էր, որ նա արաբ չէր։ Գուցե նա հրեա՞ էր։ Որտեղի՞ց եկավ։ Ինչպե՞ս նա նման անսպասելի կերպ հայտնվեց իմ կողքին։
Ամենաշատ ապշեցուցիչ բանը Թիքվայի պահվածքն էր։ Սովորաբար, եթե մի անծանոթ նրան գրկեր, նա անպայման լաց կլիներ։ Բայց ես ոչ մի թնկթնկոց անգամ չլսեցի այն պահից, երբ այդ երիտասարդը նրան գրկել էր։ Նա նրա ուսերին այնքան հանգիստ էր իրեն պահում, որ կարծես իմ ուսերին լիներ։ Իրականում նա այնպիսի տեսք ուներ, թե կարծես դա իրեն հաճույք էր պատճառում։
Մոտավորապես մեկ կիլոմետր երիտասարդն ուղիղ գնաց։ Նա երբեք չէր երկմտում, թե որ ճանապարհով ընթանար, այլ մեզ ուղիղ Մուսրարա տարավ։ Ամեն անգամ, երբ մենք բարիկադով անցնում էինք, նա ինձանից առաջ էր անցնում, հետո սպասում էր, թե արդյոք ես հասցնում էի հետևել իրեն։ Վերջապես նա կանգ առավ միսս Ռաթքլիֆֆի տան առաջ, Թիքվային դրեց գետնին, շրջվեց և վերադարձավ այն նույն ճանապարհով, որով եկել էինք։ Մեր հանդիպման ողջ ընթացքում նա որևէ բառ չարտասանեց, չբարևեց և հրաժեշտ չտվեց։Մեկ րոպեից նա տեսադաշտից անհայտացավ։
«Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ»,- շարունակում էր հարցնել միսս Ռաթքլիֆֆը։ Ես նկարագրեցի մեր ճամփորդությունը և այն երիտասարդին, որն ինձ օգնության եկավ։
«Աստված պատասխանեց մեր աղոթքները։ Մենք Իրեն խնդրել էինք հրեշտակ ուղարկել ձեր պաշտպանության համար, և հենց դա էլ Նա արեց»։
Վերստին ծնված քրիստոնյաների հետ ունեցած իմ առաջին շփումների ժամանակ, ես մի ընտանիքի հաճախակի հյուրն էի, որը մի հյուրանոց ուներ և ապրում էր Յորքշիրի Սքարբորո բնակավայրում։ Նրանք չամուսնացած մի աղջիկ ունեին, ով մոտ երեսուն տարեկան էր և որի համար կարելի էր ասել, որ մտավոր այդքան էլ նորմալ չէր։ Նրա պարտականություններից մեկը հետևի դռնից աղբը հարևան փողոց տանելն էր։ Ժամանակ առ ժամանակ այնտեղ մի մարդ էր սպասում նրան։ Նա շատ լավ էր հագնված, գլխին կատելոկ (տղամարդու գլխարկ) դրած, իսկ ժիլետի գրպանում՝ ոսկե շղթայով ժամացույց։ Նա աղջկան որոշակի գումար էր տալիս, որը միշտ ամբողջովին բավականացնում էր որոշ հաշիվների մարման համար։ Եվ այդպես շարունակվում էր երկար ժամանակ։
Հետո, մեկ անգամ, երբ նա նրան գումար էր տալիս, նա ասաց. «Այս օրվանից սկսած դու այլևս դրա կարիքը չես ունենա»։ Պարզվեց, որ դա իրոք ճշմարիտ էր։ Այդ ժամանակ ընտանիքի եկամուտը հասնում է այն մակարդակին, որը բավականացնում է հոգ տանել նրանց բոլոր կարիքները։
Սա ընդամենը երկու դեպք է այն օրինակներից, երբ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր հաղորդակցվել են հրեշտակների հետ։ Ես նկատի ունեմ գիտակցված և տեսանելի հաղորդակցությունը։ Մենք կարող ենք համոզված լինել, որ կան նաև անտեսանելի հոգիներ, ովքեր օր ու գիշեր ծառայում են Աստծուն մեր մեջ։