(«Սուրբ Հոգին քո մեջ» գրքից)
Ինպե՞ս կարող ենք բացվել Սուրբ Հոգու առաջ և ընդունել նրան իր ամբողջ լիությամբ, ինչպես նաև նրա միջոցով ստանալ բոլոր խոստացված օրհնությունները։ Սուրբ Գրքից մի քանի հատվածներ կնայենք, որոնք ներկայացնում են այն պայմանները, որոնք պետք է բավարարենք՝ Սուրբ Հոգու լեցունությունն ստանալու համար։ Աստված պահանջում է, որ մենք կատարենք մի քանի հատուկ հիմնական կետեր.
ԱՊԱՇԽԱՐԵԼ ԵՎ ՄԿՐՏՎԵԼ
Գործք Առաքելոց 2:37-38-ը Պենտեկոստեի օրը Պետրոսի խոսքի ավարտն է, և այստեղ ներկայացված է մարդկանց արձագանքը նրա պատգամին։
37 «Եվ երբ այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. “Ի՞նչ անենք, եղբա՛յր մարդիկ”։
(Դա առանձնահատուկ հարց էր, և Աստծո Խոսքն էլ դրան առանձնահատուկ պատասխան է տալիս)։
38 Պետրոսն էլ նրանց ասաց.”Ապաշխարեցե՛ք, և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կստանաք”։
Խոստումը հետևյալն է. «Սուրբ Հոգու պարգևը կստանաք»։ Այստեղ նաև հստակորեն գրված են երկու պայմանները. «Ապաշխարե՛ք և մկրտվե՛ք»։ Ապաշխարել նշանակում է անկեղծորեն հետ դառնալ ամեն մեղսագործությունից և ապստամբությունից ու առանց վերապահումների ինքներս մեզ հնազանդեցնենք Աստծուն և Նրա պահանջներին։ Մկրտվել նշանակում է անցնել մի օրինակարգության կամ ուխտի միջով, որով մեզնից յուրաքանչյուրն ի լուր աշխարհի անձնապես և տեսանելի կերպով Հիսուս Քրիստոսի հետ նույնանում է Իր մահվան, թաղման և հարության մեջ։ Այսպիսով, Սուրբ Հոգու պարգևն ստանալու համար երկու հիմնական, առաջնային անհրաժեշտ պայմաններ կան. մենք պետք է ապաշխարենք, և մկրտվենք։
ԽՆԴՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Ղուկաս 11:9-13-ում Հիսուսն ասում է.
9 «Եվ ես ասում եմ ձեզ. “Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ, որոնեցե՛ք և կգտնեք, դուռը բախեցե՛ք, ու ձեր առաջ կբացվի”։
10Որովհետև ամեն ոք, ով խնդրում է, ստանում է, և ով որոնում է, գտնում է, և ով որ դուռը բախում է, նրա առաջ բացվում է։
11Ձեզանից ո՞ր հորիցն իր որդին հաց ուզի, մի՞թե քար կտա նրան, կամ թե ձուկ. մի՞թե ձկան տեղ օձ կտա նրան։
12Եվ կամ ձու ուզի, մի՞թե նրան կարիճ կտա։
13Արդ եթե դուք չար եք, ձեր որդիներին բարի պարգևներ տալը գիտեք, որքա՜ն առավել երկնավոր Հայրը. Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են նրանից»։
Սա մի պարզ բայց շատ կարևոր պայման է։ Հիսուսն ասում է, որ Հայրը Սուրբ Հոգին կտա իր զավակներին, եթե մենք նրանից խնդրենք Սուրբ Հոգին։ Լսել եմ, թե ինչպես են քրիստոնյաներն ասում. «Ես կարիք չունեմ Սուրբ Հոգին խնդրելու»։ Պետք է ասեմ ձեզ, որ դա սուրբգրային չէ։ Հիսուսը խոսում էր աշակերտների հետ, երբ ասաց. «Ձեր երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա ձեզ, եթե խնդրեք նրանից»։ Այլ տեղերում Հիսուսն ասում է, որ Ինքը կգնա Հոր մոտ և կաղաչի Հորը, որ Նա Սուրբ Հոգին ուղարկի Իր աշակերտներին։ Ես այնպես եմ զգում, որ եթե Հիսուսն ստիպված էր խնդրել Հորը, ապա մեզ վնաս չի լինի, եթե մենք նույնպես խնդրենք։ Ուստի, երկրորդ պայմանը սա է. խնդրել։
ԾԱՐԱՎ ԼԻՆԵԼ
Հովհաննես 7:37-39-ում երեք առավել պարզ պայմաններ են նշվում.
37 «Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր, բացականչեց ու ասաց. “Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։
38Ինչպես Գիրքն է ասում՝ Ինձ հավատացողի փորից կենդանի ջրերի գետեր կբխեն”։
39Սա ասաց այն Հոգու մասին, որին ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռ տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր»։
Ավետարանի հեղինակը հստակեցնում է, որ այս հատվածում Հիսուսը խոսում էր այն հավատացյալների մասին, ովքեր պետք է ստանային Սուրբ Հոգին։ Սա մեր մտքում պահելով՝ եկե՛ք նայենք, թե Հիսուսն ինչ է ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի»։ Սրանք են երեք պարզ բայց գործնական անհրաժեշտ պայմանները։
Առաջինն այն է, որ մենք պետք է ծարավ լինենք։ Աստված Իր օրհնությունները չի ստիպում նրանց, ովքեր զգում են, որ դրանց կարիքը չունեն։ Շատերը երբեք չեն ստանում Սուրբ Հոգու լեցունությունը, քանի որ նրանք իսկապես ծարավ չեն։ Եթե կարծում ես, թե արդեն ունես այն ամենը, ինչ քեզ պետք է, էլ ինչու՞ պետք է Աստված քեզ անհանգստացնի՝ ավելին տալով։ Շատ հավանական է, որ դու արդյունավետ կերպով չես օգտագործում այն, ինչ արդեն ունես։ Եթե Աստված քեզ ավելին տար, ապա ավելի մեծ դատապարտության տակ կլինեիր։
Սա կարևոր պայման է. ծարավ լինել։ Ծարավ լինել նշանակում է՝ դու գիտակցում ես, որ ավելի շատ բանի կարիք ունես, քան ինչ արդեն ունես։ Փաստ է, որ ծարավը մարդկային մարմնի ուժեղագույն փափագներից է։ Երբ մարդն իսկապես ծարավ է, նրա հոգը չէ ուտելը կամ մի այլ բան։ Այն ամենը, ինչի կարիքը նա ունի, խմելն է։ Երբ ինչ-որ մեկը ծարավ է, նա պայմաններ չի դնում, չի զրուցում կամ քննարկում, այլ պարզապես գնում է այնտեղ, որտեղ ջուր կա։ Ահա թե ինչ էր ասում Հիսուսը՝ դուք պետք է ծարավ լինեք։
ԳԱԼ ՀԻՍՈՒՍԻՆ
Եվ եթե ծարավ ես, Հիսուսն ասում է. «…թող գա ինձ մոտ»։ Այսպիսով, չորրորդ պայմանը Հիսուսի մոտ գալն է։ Հիսուսը Սուրբ Հոգով մկրտողն է։ Եթե ուզում ես մկրտությունը, ապա պետք է գաս այն Միակի մոտ, ով մկրտում է Սուրբ Հոգով։ Ոչ մի մարդկային էակ չի մկրտում Սուրբ Հոգով. միայն Հիսուսն է մկրտում։
ԽՄԵԼ
Ապա Նա ասաց, որ պետք է խմել։ Սա այնքան հասարակ է, որ որոշ մարդիկ բաց են թողնում այն։ Սակայն խմել նշանակում է քո մեջ ինչ-որ բան ստանալ քո կամքի որոշման և ֆիզիկական արձագանքի միջոցով։ Խմելը նաև Սուրբ Հոգին ընդունելու մի մասն է կազմում։ Բոլոր երեքն էլ՝ ծարավելը, Հիսուսի մոտ գալն ու խմելը, էական են։ Ամբողջապես պասիվ լինել և ասել. «Դե՛, եթե Աստված ուզում է այդ անել, թող անի». սա խմելը չէ։ Խմել նշանակում է ակտիվորեն ինչ-որ բան ընդունել քո ներսը։
ԱՆՁՆԱՏՈՒՐ ԼԻՆԵԼ
Եկե՛ք մեր ֆիզիկական մարմիններին ավելի շատ առնչվող երկու փաստեր քննարկենք, որոնք շոշափել ենք ավելի վաղ մասերում։ Առաջին, մեր մարմինները Աստծո կողմից սահամանվել են Սուրբ Հոգու տաճար լինելու։ 1-ին Կորնթացիներին 6:19-ն ասում է.
19 «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք»։
Երկրորդ, մեզնից պահանջվում է, որ մեր մարմնի անդամները որպես գործիքներ մատուցենք կամ ներկայացնենք Աստծուն՝ նրան ծառայեցնելու համար։ Սա մեր պատասխանատվությունն է։ Հռոմեացիներին 6:13-ն ասում է.
13 «Եվ ձեր անդամները որպես անիրավության գործիք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրե՛ք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիք՝ Աստծուն»։
Անմիջապես Սուրբ Գրքից մենք պարտավորություն ունենք մեր ֆիզիկական մարմինների անդամները մատուցել, ներկայացնել կամ նվիրաբերել Աստծուն Իր գործի համար։ Մասնավորապես անդամներից մեկն առավել կարիք ունի Աստծո վերահսկողության. դա լեզուն է։ Հակոբոսն իր նամակում շատ հստակորեն ասում է.
8 «Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող նվաճել (կամ վերահսկել)։ Հակոբոս 3:8
Մենք Աստծո օգնության կարիքն ունենք մեր մարմնի բոլոր անդամները վերահսկելու համար, սակայն հատուկ օգնության կարիք ունենք մեր լեզվի համար։ Երբ Սուրբ Հոգին Իր լիությամբ գալիս է մեր մեջ, առաջին անդամը, որի վրա Նա ազդում է, վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում և օգտագործում Աստծո փառքի համար, լեզուն է։ Եթե ցանկանաք ստուգել, ապա կգտնեք, որ ամեն անգամ, երբ Նոր Կտակարանը խոսում է այն մասին, որ մարդիկ լցվեցին Սուրբ Հոգով կամ լցված էին Սուրբ Հոգով, ապա առաջին անմիջապես ի հայտ եկող արդյունքը լինում է այն, որ նրանց բերանից ինչ-որ խոսք է դուրս գալիս։ Նրանք խոսում են, մարգարեանում, փառաբանում, երգում, լեզուներ խոսում։ Այս սկզբունքը շատ հստակորեն ներկայացված է Մատթեոս 12:34-ում. «Որովհետև բերանը սրտի ավելացածից է խոսում»։
Երբ քո սիրտը խիստ լցված է, ապա քո սրտի ավելացածը դուրս կգա որպես խոսք քո բերանի միջոցով։ Աստված ուզում է, որ ոչ թե պարզապես բավարար չափով ունենաս, այլ որ քո ներսի ավելացածը դուրս բխի։ Հիշի՛ր, Նա ասաց. «նրա միջից կենդանի ջրեր կբխեն»։ Սա Աստծո մեծագույն նպատակն է։
Ահա Սուրբ Հոգու լեցունությունն ստանալու համար այն յոթ անհրաժեշտ պայմանները, որոնք ես գտել եմ Աստվածաշնչում.
1. ապաշխարի՛ր,
2. մկրտվի՛ր,
3.խնդրի՛ր Աստծուն,
4.ծարավ եղի՛ր,
5. մոտեցի՛ր Հիսուսին. նա է մկրտողը,
6.խմի՛ր՝ ընդունիր այն քո մեջ,
7. քո մարմինը ներկայացրու՛ որպես տաճար Սուրբ Հոգու համար և քո անդամները՝ որպես արդարության գործիքներ։
Հավանաբար քեզ հետաքրքրում է, թե ինչպես կարող ես անել այս ամենը։ Ցանականում եմ օգնել քեզ՝ ներկայացնելով աղոթքի մի նմուշ, որը ներառում է այն ամենը, ինչ բացատրեցի քեզ։ Կարդա՛ այն, և եթե դա է քո աղոթքը, ուրեմն բարձրաձայն աղոթիր այն Տիրոջը։
«Տե՛ր Հիսուս, ես ծարավ եմ Քո Սուրբ Հոգու լեցունությանը։ Ես իմ մարմինը Քեզ եմ հանձնում որպես տաճար և իմ անդամները՝ որպես արդարության գործիքներ, հատկապես իմ լեզուն՝ այն անդամը, որը չեմ կարող վերահսկել։ Աղոթում եմ, որ լցնես ինձ, և թո՛ղ Քո Սուրբ Հոգին իմ շրթունքների միջոցով հոսի որպես գովաբանության ու երկրպագության գետ»։
Եթե անկեղծորեն աղոթեցիր այս աղոթքը, ապա այն լսվել է, և արդյունքներն արդեն ճանապարհին են։ Գուցե քեզ մեծ զարմանք պատճառի այն լեցունությունը, որ դու կստանաս։