Թե ինչպես Արտակը Սուրբ Հոգով մկրտվեց, երբ դիտեց Դերեկ Պրինսի վիդեոուսուցումը

Երբ Տերն ինձ դարձի բերեց դեպի Իրեն, եկեղեցի չէի հաճախում ու ոչ էլ Աստվածաշունչ կարդում։ Մի օր ինտերնետում` կնոջս սոցկայքի էջում, մի էջ տեսա, որը կոչվում էր «Հայր մեր»։ Որոշեցի նայել, թե ինչ նյութեր կան այդտեղ։ Մի վիդեոուսուցում աչքովս ընկավ, սկսեցի դիտել։ Այդ վիդեոուսուցման մեջ քարոզում էր Դերեկ Պրինսը։ Ես առաջին անգամ էի դիտում նրա քարոզն ու ոչ մի բան չէի լսել այն բաների մասին, որ նա քարոզում էր, քանի որ ոչ մի անգամ չէի հաճախել եկեղեցի, չէի շփվելհավատացյալների հետ։

Երբ սկսեցի դիտել Դերեկ եղբոր քարոզը, զգացի, թե ինչպես եմ ամեն մի բառն ընդունում իմ մեջ։ Ես ամենայն հավատքով լսում էի նրան, նա ամեն բան համաձայնեցնում էր Սուրբ գրքի հետ։Ես այդ հիանալի գիտությունից շատ էի զարմանում, որովհետև հավատքով էի լսում։ Այդ քարոզը Սուրբ Հոգու մկրտության և Նրա հրաշալի պարգևների մասին էր։ Ես ամբողջ քարոզը դիտեցի մեկ շնչով, ու երբ որ եկավ վերջին պահը, ես արդեն իմ միտքը լիովին դեպի Տերն էի ուղղել։ Տերն օրհնի Դերեկ եղբորը, որովհետև նա ողջ քարոզի ընթացքում հենց դա էր հետապնդում։ ՈՒ երբոր եկավ քարոզի վերջը, նա սկսեց աղոթել, և ես` նրա հետ։ Երբ սկսեցի աղոթել նրա հետ, միանգամից լցվեցի մի այնպիսի զորությամբ, որ վերկացա, վազեցի դուրս, ու սկսեցի ուժգին լաց լինել։ Ես զգում էի Աստծո անսահման ողորմությունն իմ նկատմամբ, ես զգում էիՆրա ազատությունը, ես Նրան էի վայելում, իսկ երբ քարոզն ականջակալներով էի լսում, ուժգին լաց էի լինում։

Ուսուցման ընթացքում նա ասաց, որ արտաբերենք այն, ինչը որ բերանից դուրս կգա։ Ես սկսեցի խոսել այլ լեզուներով ու չէի հասկանում, թե ինչ էի խոսում, բայց խոսում էի ու չէի դադարում։ Ես ստացա Սուրբ Հոգու պարգևը։ Փա~ռք Տիրոջը, որ ինձ առաջնորդեց` Դերեկ եղբոր քարոզը լսելուն: Տերն ամեն տեղ կարող է Իրեն կանչողներին հասնել, Նրա համար ոչինչ անհնարին չէ:

 Արտակ

(Արտակի նշած ուսուցումը կարող եք դիտել`սեղմելով վիդեոպատուհանը)։