ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ2
  • 1Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս.
  • 2Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. Եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են։
  • 3Եւ նեղութիւններ կրեցիր եւ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չ’թուլացար։
  • 4Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես։
  • 5Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կ’գամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կ’շարժեմ իր տեղիցը եթէ չ’ապաշխարես։
  • 6Բայց այս բանն ունիս, որ Նիկողայոսեանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում։
  • 7Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է՝ նորան կեանքի ծառիցն ուտել կ’տամ, որ Աստուծոյ դրախտի մէջ է։
  • 8Եւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Առաջինը եւ Վերջինը որ մեռած էր, եւ կենդանացաւ։
  • 9Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. Եւ գիտեմ նորանց հայհոյանքը որ ասում են թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։
  • 10Բնաւ մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. Ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ։
  • 11Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ։
  • 12Եւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը։
  • 14Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ այդ տեղ Բաղաամի վարդապետութիւնը պահողներ ունիս որ Բաղակին սովորեցրեց, գայթակղութիւն դնել Իսրայէլի որդկանց առաջին, որ նորանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկութիւն անեն։
  • 15Այսպէս դու էլ Նիկողայոսեանների վարդապետութիւնը պահողներ ունիս, որ ես ատում եմ։
  • 16Ապաշխարիր, ապա թէ ոչ՝ շուտով քեզ մօտ կ’գամ, եւ կ’պատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։
  • 17Ով որ ականջ ունէ թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թագցրած մանանայիցն ուտել կ’տամ նորան. Եւ սպիտակ խիճ կ’տամ նորան. Եւ այն խիճի վերայ մի նոր անուն գրուած, որ ոչ ոք չ’գիտէ, բացի նա որ առնում է։
  • 18Եւ Թիւատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծոյ Որդին, որի աչքերը կրակի բոցի պէս են, եւ նորա ոտները կարմրած պղնձի նման։
  • 19Գիտեմ քո գործերը, եւ սէրը, եւ քո ծառայութիւնը, եւ հաւատքը, եւ քո համբերութիւնը, եւ քո գործերը, եւ որ վերջիններն աւելի են քան թէ առաջինը։
  • 20Բայց քեզ դէմ մի քիչ բաներ ունիմ. Որ Յեզաբէլ կնկանը թոյլ ես տալիս որ իրան մարգարէուհի է ասում, եւ իմ ծառաներին սովորեցնում եւ մոլորեցնում է, որ պոռնկութիւն անեն եւ կուռքի մատաղ ուտեն։
  • 21Եւ նորան ժամանակ տուի որ ապաշխարէ իր պոռնկութիւնիցը, եւ նա չ’ապաշխարեց։
  • 22Ահա ես նորան անկողինի մէջ կ’գցեմ, եւ նորա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղութիւնների մէջ. Եթէ չ’ապաշխարեն իրանց գործերիցը։
  • 23Եւ նորանց որդիքը մահով կ’սպանեմ. Եւ բոլոր եկեղեցիները կ’ճանաչեն որ ես եմ երիկամունքները եւ սրտերը քննողը. Եւ կ’տամ ձեզ ամեն մէկիդ իր գործերի համեմատ։
  • 24Իսկ ես ասում եմ ձեզ եւ միւսներին որ Թիւատիրայումն էք, որ այս վարդապետութիւնը չ’ունիք, եւ որ սատանայի խորութիւնները չ’ճանաչեցիք, ինչպէս ասում են. Ձեզ վերայ ուրիշ ծանրութիւն չեմ գցիլ։
  • 25Բայց այն որ ունիք պահեցէք մինչեւ որ ես կ’գամ։
  • 26Եւ ով որ յաղթում է եւ իմ գործերը պահում մինչեւ վերջը, նորան իշխանութիւն կ’տամ ազգերի վերայ.
  • 27(Եւ նա կ’հովուէ նորանց երկաթէ գաւազանով. Բրուտի ամանի պէս կ’փշրուին նորանք։)
  • 28Ինչպէս ես էլ իմ Հօրիցն ընդունեցի. Եւ ես կ’տամ նորան առաւօտեան աստղը։
  • 29Ով որ ականջ ունի թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։
← Ցանկ