ՄԱՐՏԻ 17. «ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԵՆՔԵՐԸ»

Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով, և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։

Հայտնություն 12:7-9-ում տեսնում ենք, որ երկինքը մաքրվում է Վիշապից (սատանայից) ու նրա հրեշտակներից։ Ուրախացի՛ր, երկիքն, զգուշացի՛ր, երկիր։ Հիմա սատանան ուղիղ երկրի վրա է և գիտի, որ մի քանի կարճ տարիներ ունի՝ չարիք և վնաս հասցնելու համար։ Ինձ համար հստակ է, որ այդ ժամանակահատվածը անմիջական կապ ունի Դանիելի բոլոր (կամ մասնակի) յոթանասուն շաբաթներին (տե՛ս Դանիել 9:21-24): Սա մի յուրահատուկ ժամանակահատված է, մի ժամանակ, որից սատանան, որպես մարգարեության գիտակ, լավ է տեղյակ։ Հիսուսն ասել է, որ այս օրերը կարճացվելու են (Մատթեոս 24:21-22)։ Այս իրադարձություններից հետո սատանան շղթայվելու և բանտարկվելու է անհատակ անդունդում։

Սատանան ցանկանում է, որ մենք անտեսենք այս փաստը, որովհետև որքան մենք անտեսենք այն, չենք կարողանա անել այն, ինչի համար Աստված մեզ կանչել է։ Սակայն Աստված մեզ հոգևոր սպառազինություն է տվել, սատանային վայր գցելու իր երկնային դիրքից․

«Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով խորհուրդներ ենք քանդում։ Եվ ամեն բարձրություն, որ Աստծո գիտության դեմ գոռոզանում է, գերի ենք բռնում՝ ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»։

2-րդ Կորնթացիներին 10։4-5

Մեզ տրված հոգևոր այս զենքերը մեզ ի վիճակի են դարձնում տապալելու ամեն բարձր բան, որը հակառակվում է Աստծուն և Նրա արքայությանը։ Վերջին բարձրագույն բանը, որը հակառակվում է Աստծուն, երկնային ոլորտում գտնվող սատանայի թագավորությունն է։ Մեզ այնպիսի զենքեր են տրված, որոնք հնարավորություն են տալիս այն պարտության մատնելու համար. այդ զենքերն են՝ Հիսուսի արյունն ու մեր վկայության խոսքը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Գառան արյան համար։ Ես վերցնում եմ իմ հոգևոր սպառազինությունն իմ վկայության հետ մեկտեղ՝ հռչակելով, որ հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ամեն։