ՀՈՒՆՎԱՐԻ 24. «ԿԱՏԱՐԵԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը շարունակաբար մաքրում է ինձ բոլոր մեղքերից։

Եկե՛ք ավելի մոտիկից նայենք արյան վերաբերյալ այն հայտարարությանը, որը գտնվում է 1-ին Հովհաննես 1:7-ում.

«Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես որ Նա է լույսի մեջ, ուրեմն հաղորդություն ունենք իրար հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից»։

Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես այս երեք տարրերը փոխկապակցված են միմյանց հետ Աստծո Խոսքի մեջ. լույսի մեջ քայլելը, հաղորդակցությունը մեկը մյուսի հետ և արյան մաքրումը։ Բազում մարդիկ հավակնում են արյան մաքրագործմանն ու պաշտպանությանը, սակայն չեն կատարում այն պայմանները, որոնք անելով կստանան դրանք։ Հիսուս Քրիստոսի արյամբ մաքրագործումը հետևանք է մի բանի, որը հաջորդում է «եթե» շաղկապին. այն պայմանական պնդում է, որին հաջորդում է պայմանի մեր կատարումը «եթե լույսի մեջ ման գանք, ինչպես որ նա է լույսի մեջ»։ Այդ դեպքում դրան երկու հետևանք կհաջորդի, ոչ թե մեկը, այլ երկուսը։ Արյան մաքրագործումը երկրորդ արդյունքն է, առաջին արդյունքն այն է, որ մենք հաղորդակցություն ունենք իրար հետ։

Տրամաբանորեն, եթե մենք հաղորդակցություն չունենք իրար հետ, դա խոսում է այն մասին, որ մենք չենք քայլում լույսի մեջ։ Եթե մենք չենք քայլում լույսի մեջ, տրամաբանորեն հետևում է, որ մենք չենք կարող հավակնել Հիսուսի արյան մաքրագործմանը։ Այսպիսով՝ գալիս ենք հետևյալ եզրակացությանը. եթե մենք հաղորդակցությունից դուրս ենք, ապա լույսից դուրս ենք։ Եթե մենք լույսից դուրս ենք, արյունն այլևս չի մաքրում մեզ։ Հիսուսի արյունը մաքրում է միայն լույսի ներքո։ Սա ամենակարևոր սկզբունքներից մեկն է, որը պետք է հասկանալ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ իմ անկեղծ մտադրությունը լույսի մեջ քայլելու համար, քանի որ Հիսուսն է լույսի մեջ, և որոշում եմ մուտք գործել լիակատար հաղորդակցության և մեղքերից թողության մեջ։ Ամեն։