ՀՈՒՆՎԱՐԻ 19. «ՆԵՐՄԱՆ ԱՆԹԻՎ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։

Այն ներումը, որի կարիքը մենք ունենք և որը կարող ենք ստանալ անձամբ միայն Աստծուց, ներման ուղղահայաց գիծն է։ Այնքա՜ն մեծ օրհնություն կա Աստծուց ներված լինելու մեջ։ Այս ճշմարտությունը թերևս ամենագեղեցիկ կերպով արտահայտվել է Դավթի միջոցով 32 սաղմոսում.

«Երանի՜ նրան, որի անօրինությունը ներվեց և որի մեղքը ծածկվեց։ Երանի՜ այն մարդուն, որ Տերն անօրինություն չի համարում նրան և նենգություն չկա նրա հոգու մեջ»։

(1-2 խոսքեր)

Եբրայերեն լեզվում այս սաղմոսը սկսվում է հոգնակի թվով  և բառացիորեն այսպես է սկսվում. «Օրհնություննե՜ր նրան, որի անօրինությունը ներվեց և որի մեղքը ծածկվեց»։ Այսինքն՝ անթիվ-անհամար օրհնություններ կան այն մարդու համար, որը ներում է գտել Աստծուց։

Կարևոր է տեսնել, որ Աստվածաշունչը չի խոսում այն մարդու մասին, որը ներման կարիք չունի։ Աստվածաշունչը հստակորեն սահմանում է, որ մենք բոլորս էլ Աստծուց ներում գտնելու կարիք ունենք. բացառություն չկա։ Այլ սաղմոսներում Դավիթն ասում է, որ չկա մեկը, որը մեղք չգործի։ Մենք բոլորս մեղանչեցինք։ Հետևաբար  բոլորս էլ ներման կարիք ունենք։ Կարևոր է հասկանալ, որ բացի ներման կարիքից  մենք նաև կարող ենք ընդունել ներումը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ Քո ներման կարիքն ունեմ, և երբ Դու ներում ես ինձ, մեծ օրհնություններ ես բերում ինձ համար։ Հիսուսի արյամբ իմ բոլոր մեղքերը ներված են։ Ամեն։