Մոտենանք Սրբարանին

Երբ քահանան խնկով և արյունով Սրբարան էր մտնում, նա պետք է յոթն անգամ ցողեր արյունը ողորմության աթոռի վրա, որը քավության պատկերն էր, ինչպես նաև յոթն անգամ՝ ողորմության աթոռի առջև։ Աստծո կանոնակարգը բոլորովին առանձնահատուկ էր. ոչ թե վեցն անգամ, ոչ թե ութն անգամ, այլ՝ յոթն անգամ։ Այնուհետև, Եսայայի գրքում գտնում ենք Հիսուսի զոհաբերության մարգարեական նկարագիրը՝ Հիսուսի՝ մեր մեղքերի համար զոհվելու ամենահստակ պատկերը Հին Կտակարանում․

«Դրա համար (Ես) նրան (Հիսուսին) բաժին պիտի տամ շատերի հետ, և նա հզորների հետ ավար պիտի բաժանի, այն բանի փոխարեն, որ իր անձը մատնեց մահվան»։

Եսայա 53:12

Կարևոր է հասկանալ, որ Եսայա 53:12-ում նշված անձ բառն այն նույն բառն է, որը Ղևտացիներին 17:11-ում հոգի է թարգմանված։ «Մարմնի հոգին արյան մեջ է»։ Երբ Հիսուսը մեր մեղքերի համար քավություն էր կատարում, Նա դուրս թափեց իր հոգին, որ իր արյան մեջ էր։ Հիսուսի արյունը տիեզերքի ամենաթանկ արյունն է, քանի որ այդ արյան մեջ էր Աստծո՝ Արարչի կյանքի հոգին։

Հիսուսի արյան մեկ կաթիլի մեջ շատ ավելի զորություն կա, քան՝ սատանայի թագավորության բոլոր մասերը միասին վերցրած։ Հիսուսի կյանքի արյունը Արարիչ Աստծո կյանքն է՝ մի կյանք, որն ավելի մեծ է, քան ամբողջ տիեերքն ու Իր ստեղծած բոլոր արարածները։ Այդ կյանքն արձակվում է միայն Հիսուսի արյան միջոցով։ Նա կենսատու դարձավ, երբ հեղեց իր արյունը։ Մենք երբեք չպետք է հեռանանք Հիսուսի արյունից։ Մեղքերի համար այլ քավություն չկա, չկա նաև կյանքի այլ աղբյուր։ Մեր մեծագույն խնդիրներից մեկը, եղբայրնե՛ր ու քույրե՛ր, այն է, որ բավականաչափ չենք խորհում արյան շուրջ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ կյանքն արձակվում է միայն Հիսուսի արյան միջոցով, որը կյանքի միակ աղբյուրն է։ Ես կմոտենամ Սրբարանին։ Ամեն։