ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. «ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԿԱՄՔԸ»

Ընթանանք դեպի հասունություն։

Եփեսացիներին 1:5-ում Պողոսն ասում է հավատացյալներին, որ Աստված մեզ «սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք»։ Ավելի ուշ նա նկարագրեց Աստծո նպատակն Իր զավակների համար Հռոմեացիներին 8:29-ում. «Որովհետև (Աստված) նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինել, որպեսզի նա (Հիսուսը) անդրանիկը լինի շատ եղբայրների մեջ»։ Այսպիսով, Հիսուսը օրինակելի Որդին է՝ այն Միակը, ում մենք բոլորս պետք է կերպարանակից լինենք՝ գալով դեպի հասունություն։ Նա նոր ու կենդանի ճանապարհն է, որով մենք գնում ենք դեպի կատարելություն, մտնում սրբարան և մոտենում Աստծուն (տե՛ս Եբրայեցիներին 6:1, 10:19-22): Այն ճանապարհը, որը Հիսուսին առաջնորդեց դեպի կատարելություն, ճիշտ նույն ճանապարհն է, որին յուրաքանչյուրս պետք է հետևենք։

Հասունության ճանապարհը Հիսուսի համար ավելի հեշտ չէր, քան՝ մեզ համար։ Նա «ամեն բանով փորձված է մեզ նման, բայց՝ առանց մեղքի» (Եբրայեցիներին 4:15)։ Հիսուսն իր մարդկային էության մեջ ապրեց ամեն տեսակ փորձություն, որ մենք ենք ապրում, և սակայն նա չմեղանչեց։ Փորձվելը մեղք չէ։ Մեղքը գալիս է այն ժամանակ, երբ մենք տրվում ենք փորձությանը։

Ի՞նչը Հիսուսին ի վիճակի դարձրեց ամբողջ փորձությունը հաղթելու՝ չնայած նրա՝ իրապես մարդկային էակ լինելուն։ Նրա հաջողությունը Հոր կամքն անելու Իր անկեղծ ու անփոփոխ շարժառիթի մեջ էր։ Այս փաստը մարգարեաբար կանխասացվել էր Դավթի միջոցով՝ սաղմոս 40:7-8-ում. «Ապա ասացի՝ ահա ես գալիս եմ, գրքի տոմսում գրված է ինձ համար։ Քո կամքը կատարել կամեցա, ո՜վ Աստվածս»։

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը բազմիցս հայտնեց իր ամեն գործերի ետևում ընկած այս շարժառիթը։ Նա երբեք վերջնականապես չէր բավարարվում, մինչև որ չկատարեր այն բոլոր առաջադրանքները, որ իր Հայրը հանձնարարել էր։ Հակոբի ջրհորի մոտ նա ասաց իր աշակերտներին. «Իմ կերակուրն (այն, ինչն ինձ պահում և ուժ է տալիս) այն է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ և նրա գործը կատարեմ» (Հովհաննես 4:34) (տե՛ս նաև Հովհաննես 5:30, 6:38):

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու առաջնորդում ես ինձ իմ ընթացքի մեջ։ Հռչակում եմ, որ կերպարանակից եմ լինում Հիսուսին՝ ընթանալով դեպի հասունություն, անելով Աստծո կամքն ու ավարտելով Նրա գործը։ Ես կընթանամ դեպի հասունություն։ Ամեն։