ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24. «ԽՈՍՔԵՐ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆՔ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Դավանության համար մեկ այլ բառ է վկայությունը։ Հայտնության գրքում կարդում ենք. «Եւ նրանք հաղթեցին նրան (սատանային) Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով (Հայտնություն 12:11) ։

Մենք հասկացել ենք, որ սատանային հաղթում ենք, երբ անձնապես վկայում ենք, թե, ըստ Աստծո Խոսքի, Հիսուսի արյունն ինչ է անում մեզ համար։ Վկայությունը շատ հասարակ մի բան է. պետք է պարզապես ասել խոսքեր, որոնք համապատասխանում են Սուրբ Գրքին։ Վկայությունը փրկում է մեզ. այն մեր պաշտպանությունն է։ Դրա կարևորությունը չափազանց մեծ է։

Եբրայեցիների նամակի հեղինակը Հիսուսին կոչում է «մեր դավանության Քահանայապետ» (Եբրայեցիներին 3:1): Դավանություն բառացի նշանակում է «ասել նույնը, ինչ որ…»։ Որպես Աստվածաշնչին և Հիսուս Քրիստոսին հավատացողներ՝ մեզ համար դավանություն նշանակում է մեր բերանով ասել այն նույն բանը, ինչ Աստված ասել է Իր Խոսքում։ Մեր բերանի խոսքերը համաձայնեցնում ենք Աստծո Խոսքի հետ։ Հիսուսը կարող է խոսել մեր անունից միայն այն դեպքում, երբ մենք ճիշտ դավանություն ենք անում։ Կոչենք «վկայություն» թե «դավանություն»՝ այն պարտադիր է մեզ համար, որպեսզի Աստծո փրկությունն ստանանք։

Հիսուսն ասաց. «Որովհետև քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով կդատապարտվես» (Մատթեոս 12:37)։ Մենք վճռում ենք մեր ճակատագիրն ըստ այն խոսքի, որն ասում ենք։ Հակոբոսն ասում է, որ լեզուն նավի ղեկի նման է. չնայած այն մի փոքրիկ մասնիկ է նավի վրա, բայց ղեկն է որոշում, թե նավն ուր պիտի գնա (Հակոբոս 3:4)։ Մենք որոշում ենք մեր կյանքի ընթացքն ըստ այն բանի, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն։ Մենք կարող ենք ճիշտ բաներ խոսել և մեր խոսքերը համաձայնեցնել Աստվածաշնչի հետ կամ էլ կարող ենք սխալ խոսքեր ասել, որի արդյունքում մեր կյանքը դուրս կգա բնականոն ընթացքից։ Ըստ այն բանի, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն՝ մենք կա՛մ ապահով կհասնենք նավահանգիստ և կա՛մ էլ նավաբեկության կենթարկվենք։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ Դու մեր դավանության Քահանայապետն ես։ Ես հռչակում եմ, որ թշնամուն հաղթում եմ Գառան արյունով և իմ վկայության խոսքով։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։