ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21. «ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ»

Ջանասե՛ր լինենք

Ջանասիրությունը կարող է պտուղ տալ հաղորդակցությունը զարգացնելու միջոցով։ Մենք չպետք է ինքնուրույն ապրենք քրիստոնեական կյանքը։ Սուրբ Գիրքն ասում է, որ բոլորս մեկ մարմնի անդամներ ենք և մեկս մյուսի կարիքն ունենք (տե՛ս, օրինակ, Հռոմեացիներին 12:4-5)։ Ես հաճախ մտածում եմ, թե ինչպես էր Դավիթը դուրս գալիս Գողիաթի դեմ՝ առվից հինգ հարթ քար վերցնելով որպես զենք։ Ինչու՞ պետք է այդ քարերը հարթ լինեին։ Ճշգրիտ նետելու համար քարերը պետք է հարթ լինեին, իսկ անճշգրտությունը կարող էր Դավիթի կյանքը խլել։ Քարերը հարթ էին, քանի որ դրանք առվի մեջ էին, որտեղ ջուրը շարունակ հոսում էր նրանց վրայով։ Նրանք բախվում էին միմյանց, և այս գործողությունը հարթում էր քարերի սուր ծայրերը։

Հավատում եմ, որ երբ Տեր Հիսուս Քրիստոսն ուզում է այնպիսի քրիստոնյաներ գտնել, ում նա կարող է օգտագործել, նա գնում է դեպի առուն, որտեղ Աստծո Խոսքի վճիտ ջուրը նրանց վրայով հոսում է, լվանում և հարթում։ Այդտեղ նրանք միմյանց հետ հաղորդության մեջ են գտնվում՝ հարթեցնելով միմյանց սուր ծայրերը։ Հաղորդություն զարգացնելը մեզ հարթ քարեր կդարձնի։

Իմ վերջին խորհուրդն այն է, որ հնազանդվեք կարգուկանոնին։ Պտուղ չի լինի այն մարդու կյանքում, ով կարգուկանոնի մեջ չէ։ Կարգուկանոնի երկու ձև կա իմ մտքում։ Առաջինը անձնական կարգուկանոնն է՝ այն, թե ինչպես ենք կազմակերպում մեր կյանքը։ Այն ներառում է նույնիսկ պարզագույն բաները, օրինակ, թե երբ ենք արթնանում առավոտյան, ինչ ենք ուտում, ինչ ենք հագնում, ինչպես նաև՝ անձնական հիգիենան։ Պտուղ աճեցնելու համար անհրաժեշտ է կարգավորել այս ամենը։ Սակայն դրանից ավելին, հավատում եմ, որ ամեն մի քրիստոնյա բնականոն իրավիճակներում պետք է հնազանդվի եկեղեցու կարգուկանոնին։ Նա պետք է լինի մի եկեղեցու անդամ՝ եկեղեցու առաջնորդների իշխանության ներքո, և պետք է հնազանդվի նրանց կարգուկանոնին։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ, որ ջանասիրության պտուղը գալիս է հաղորդակցության և կարգուկանոնի միջոցով, և ես ուրախությամբ ընդունում եմ երկուսն էլ։ Ես ջանասեր կլինեմ։ Ամեն։