ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4. «ՀԻՇԵՑՆԵԼ» ՏԻՐՈՋԸ

Խաղաղությու՛ն խնդրեցեք Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։

Եսայա 62-ում Աստված մեզ կոչ է անում եռանդուն կերպով և հարատև աղոթելու հատկապես Երուսաղեմի համար.

«Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրը և ամբողջ գիշերը երբեք պիտի չլռեն, դուք, ո՛վ Տիրոջը հիշողներ, մի՛ լռեք և Նրան դադար մի՛ տվեք, մինչև որ Նա հաստատի և մինչև որ Նա Երուսաղեմն օրհնություն դարձնի երկրի վրա»։

Եսայա 62:6-7

Նոր Կտակարանում Հիսուսը մի առակ պատմեց անարդար դատավորի մասին, ում անդադար աղաչանք էր անում մի որբևայրի։ Հիսուսն ավարտեց այս հարցով. «Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների իրավունքը չի պաշտպանի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան» (Ղուկաս 18:7)։ Այս երկու մեջբերումներն էլ ցույց են տալիս հետևյալը. որոշ թեմաներ այնքան կարևոր ու հրատապ են, որ պահանջում են մեր աղոթքները ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերային ժամերին։ Երուսաղեմի վերականգնումը այս թեմաներից մեկն է։

Եսայա մարգարեն այս «պահապաններին» նկարագրում է որպես «Տիրոջը հիշողներ»։ «Հիշողներ» թարգմանված բառի եբրայերեն բառացի իմաստը հետաքրքիր է։ Այն նշանակում է «նրանք, ովքեր հիշեցնում են Տիրոջը»։ Ժամանակակից եբրայերենում այդ բառը նշանակում է քարտուղար։ Քարտուղարի առաջադրանքներից կարևոր մեկն այն է, որ ձեռնարկատուին հիշեցնի իր օրացույցում գրանցված պայմանավորվածությունների մասին։ Սա մի գործնական ներըմբռնում է տալիս այն կերպի մասին, թե Աստված ինչպես է ուզում, որ մենք աղոթենք Երուսաղեմի համար։ Որպես իր «բարեխոս-քարտուղարներ»՝ մենք երկու հիմնական պատասխանատվություններ ունենք. առաջին, ծանոթ լինել Նրա մարգարեական օրացույցին, երկրորդ, Նրան հիշեցնել այնտեղ գրանցված պայմանավորվածությունների մասին։ Այսպիսի մի պայմանավորվածություն է նաև վերջին ժամանակների համար Աստծո ուխտը՝ Իսրայելը վերականգնելու և Երուսաղեմը վերակառուցելու համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն օրհնության համար, որ տվել ես նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։ Ես հռչակում եմ, որ կհիշեցնեմ Տիրոջը, «մինչև որ Նա հաստատի և մինչև որ Նա Երուսաղեմն օրհնություն դարձնի երկրի վրա»։ Խաղաղություն եմ խնդրում Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։ Ամեն։