ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18. «ԾՆՈՒՆԴ ԵՎ ՈՐԴԵԳՐՈՒԹՅՈՒՆ»

Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

Երբ ընդունում ես Հիսուս Քրիստոսին, դու Աստծո զավակն ես դառնում ու նաև կարող ես ընդունել Հիսուսի էությունը՝ էություն, որը գիտի Հայր Աստծուն «Պապա» կոչել։ Սա շատ բանական փոխհարաբերություն է։

Հռոմեացիներին 8-րդ գլխում Պողոսն անդրադառնում է երկու գլխավոր թեմաներին՝ ծնունդ և որդեգրություն։ Մի՛ շփոթեք այս երկուսը. դրանք բոլորովին տարբեր են։ Ծնունդը էություն է առաջացնում, իսկ որդեգրությունը օրինական կարգավիճակ է տալիս։

Աստված այնքան բարի է մեր հանդեպ, որ մենք ստանում ենք երկուսն էլ՝ ծնունդը և որդեգրությունը, սակայն նրանք միևնույն բանը չեն տալիս մեզ։ Յուրաքանչյուր գործընթացի արդյունքում մենք մի առանձին բան ենք ստանում։

Սա միանգամայն հասկանալի է դառնում հռոմեական կայսրության սովորույթների լույսի ներքո։ Պողոսի օրերում սովորական երևույթ էր այն, որ Հռոմի կայսրը կարող էր շատ որդիներ ունենալ, բայց երբ նա ընտրում էր մեկ որոշակի որդու, ով կհաջորդեր իրեն որպես կայսր, ապա նա նաև պետք է որդեգրեր իր այդ որդուն։ Այդ ժամանակ կայսրության բոլոր օրինական իրավունքներն անցնում էին այդ որդեգրված որդուն։ Որդեգրության նպատակը օրինականությունն էր. այն հաստատում էր որդու ժառանգությունը։

Մենք վերստին ծնվում ենք և ընդունում Հիսուսի էությունը։ Սակայն Սուրբ Հոգու մկրտությամբ մենք որդեգրություն ենք ստանում։ Երկնքի լավագույն Իրավաբանը ներս է մտնում ու մեզ հավաստիացնում, որ մենք Աստծո զավակներն ենք։ Ահա թե ինչն է երաշխավորում մեր ստացած ժառանգությունը։ Հասկանու՞մ եք ակնարկը։

Այն ճիշտ նման է Հռոմի կայսրին։ Եթե վերջինս հարազատ որդի ունի, ապա այդ որդին ստանում է հոր էությունը։ Սակայն ժառանգությունն ստանալու համար որդին պետք է որդեգրվի. դա նրան տալիս է օրինական կարգավիճակ և արդարացի ժառանգություն։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ ծննդյան և որդեգրության միջոցով ստացել եմ և՛ բնական, և՛ օրինական կարգավիճակ։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»։ Ամեն։