ՕԳՈՍՏՈՍԻ 28. «ՀԱԿԱԹՈՒՅՆ ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր

Երբ ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե որքան շատ միայնակ քրիստոնյաներ կան այսօր աշխարհում, հավանական պատասխանը ընկճում է ինձ։ Հավատում եմ, չպետք է լինի այնպիսի բան, ինչպիսին է միայնակ քրիստոնյան։ Կարևորագույն եզակի փոփոխություններից մեկն այն է, որ մենք պետք է վերանայենք մեր պատկերացումն այն բանի վերաբերյալ, թե ինչ է նշանակում քրիստոնյա լինել։ Այն նշանակում է Աստծո ընտանիքի անդամ լինել։ Ոչ թե ինչ-որ գեղեցիկ աստվածաբանական հասկացությամբ միայն, այլ իրական ընտանիքին անդամակցելով։

Միայնակ լինելը շատ դժբախտ վիճակ է։ Եվ սակայն այս աշխարհում միլինավոր ու միլինավոր միայնակ մարդիկ կան։ Չնայած երկրի բնակչությունն արագորեն աճում է, և չնայած շատ մարդիկ ապրում են մեծ քաղաքներում, այս մեծ քաղաքներն ու մեր խիտ բնակեցված երկիրը լի է միայնակ մարդկանցով։

Հնարավոր է միայնակ լինել՝ նույնիսկ ամբոխի մեջ լինելով։ Հնարավոր է միայնակ լինել մեծ քաղաքում։ Իրականում, միայնակության ամենավատ ձևը մարդկանցով շրջապատված լինելն է, և միևնույն ժամանակ նրանցից կտրված լինելը մի անտեսանելի պատնեշով, որը դու գաղափար էլ չունես, թե ինչպես կարելի է ճեղքել։

Միայնակությունը Աստծո ծրագիրը չէ որևէ անհատի համար։ Հավիտենությունից Աստված Հայր է։ Երկրի վրա, թե երկնքում եղած բոլոր հայրությունների, ամեն ընտանիքի սկզբնաղբյուրն Աստված է։ Ինչպես Պողոսն է գրում Եփեսացիներին 3:15-ում. «Որից (Աստծուց) երկնքում և երկրի վրա ամեն ազգատոհմ անուն է առնում»։ Մարդկության պատմության ամենասկզբում Աստված հոգաց, որ մարդը ընկեր ունենա, որովհետև Նա որոշեց, որ. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի» (Ծննդոց 2:18)։ Սա է Աստծո վերաբերմունքը։ Նա ուզում է մեզ դուրս հանել միայնակությունից և դնել իր ընտանիքի մեջ։ Նա ցանականում է մեզ քույրեր և եղբայրներ տալ, ում հետ կբաժնեկցենք Նրա սերը։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ միայնակությունը Աստծո ծրագիրը չէ իմ կյանքի համար։ Նա ինձ դրել է Աստծո ընտանիքի մեջ։ Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր։ Ամեն։