ՀՈՒԼԻՍԻ 22. «ԱՍՏՎԱԾ ԴՐԵՑ ՄԵԶ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

«Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մեկ է, այնպես էլ Քրիստոսը։ …Որովհետև մարմինն էլ մեկ անդամ չէ, այլ՝ շատ։ Եթե ոտքն ասի. «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնից չի լինի։ Եվ եթե ականջն ասի. «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնից չի լինի։ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, լսելիքը որտե՞ղ կլիներ, և եթե ամբողջ մարմինը լսելիք լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կլիներ։ Բայց հիմա Աստված անդամները՝ նրանցից ամեն մեկը, դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ»։

1-ին Կորնթացիներին 12:12, 14-18

Կարիք ունենք երեք բան տեսնելու Պողոսի այս խոսքերի մեջ։ Առաջին, մարմնի մեջ մեր տեղն ու դերը ոչ թե մեր ընտրությունն է, այլ՝ Աստծո։ Աստված է դասավորել Իր մարմնի անդամները և նշանակել նրանց դերը։ Մենք չէ, որ պետք է որոշենք, այլ Աստված է որոշում և մեզ հայտնում Իր որոշումը։

Երկրորդ, երբ այս ամենը կատարվում է մեր կյանքում, մենք տեղադրում ենք մեր կյանքը մի ավելի մեծ էության մեջ՝ մարմնի մեջ, սակայն դեռևս պահպանում ենք մեր ինքնությունը։ Սա նման է մի փոքրիկ մատի, որն իր տեղը գտնում է ձեռքի վրա՝ մյուս չորս մատների հետ կողք կողքի, և այսպիսով կապվում է ամբողջ մարմնի կյանքին ու նպատակին։ Որպես քրիստոնյաներ՝ մենք ամենևին չենք կորցնում մեր անհատական ինքնությունը, այլ մասնիկն ենք դառնում մի ավելի ընդարձակ ու հավաքական խմբի՝ միևնույն ժամանակ լինելով Աստծո սահմանած առանձնահատուկ անդամները։

Երրորդ, որպես հավաքական մարմին՝ մենք կարող ենք Քրիստոսին իր լիաարժեքությամբ ներկայացնել աշխարհին։ Մեզանից և ոչ ոք անհատապես չի կարող պատշաճ կերպով ներկայացնել Քրիստոսին, սակայն երբ միանում ենք մարմնին, ապա այդ մարմինը կարող է ամբողջապես, միասնականորեն և լիարժեք կերպով ներկայացնել Քրիստոսին մեր աշխարհին։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ Քո մարմնի անդամը դարձրիր։ Ես հռչակում եմ, որ Աստված իմ անհատական ինքնությունով հանդերձ դրեց որպես մասնիկը մի ամբողջի, որը Քրիստոսին Իր լիարժեքությամբ ներկայացնում է աշխարհին։ Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Ամեն։