ՀՈՒԼԻՍԻ 19. «ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

1-ին Կորնթացիներին 12-ում Պողոսը մատնանշում է, որ յուրաքանչյուր անդամ մյուսից կախում ունի։ Ոչ մի անդամ անկախ չէ մնացածից։ Աչքը չի կարող ձեռքին ասել. «Դու ինձ պետք չես»։ Գլուխը չի կարող ասել ոտքին. «Դու ինձ պետք չես»։ Նույնիսկ ամենատկար անդամները կարող են իրականում ամենակարևորները լինել։

Մարդկային մարմնի ոչ մի այլ անդամ այնքան խոցելի ու զգայուն չէ որքան աչքը։ Բայց և քիչ են, եթե այդպիսիք կան, ավելի արժեքավորները։ Տեսե՛ք, թե շուրջբոլորը որքան զգուշությամբ է բնությունը պահպանել աչքը։ Դեմքի որոշ այլ մասերի առաջնային դերը աչքի պաշտպանությունն է։ Սակայն աչքն ստանում է այս ամեն պաշտպանությունն ու պատիվը ոչ թե այն պատճառով, որ նա ուժեղ է,այլ որովհետև այն թույլ է։ Այսպես է ահա մարմինը՝ միահյուսված։ Ուժեղը պետք է պաշտպանի թույլին։ Մենք չենք կարող արհամարհել կամ անարգել Քրիստոսի մարմնի որևէ անդամի՝ մեծ թե փոքր, ուժեղ թե թույլ։

Այս սկզբունքը ճշմարիտ է Քրիստոսի մարմնի անդամների համար։ Մենք միմյանց կարիքն ունենք. մենք միմյանցից կախում ունենք։ Պետք է պատվենք միմյանց։ Եթե մի անդամ տառապում է, մնացած անդամները տառապում են նրա հետ։ Երբ մի անդամ պատվի է արժանանում, մնացած անդամները նույնպես նրա հետ արժանանում են պատվի (տես՝ 1-ին Կորնթացիներին 12:26)։ Սա է Քրիստոսի ամբողջական մարմնի՝ եկեղեցու էությունը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ Քո մարմնի անդամը դարձրիր։ Հռչակում եմ, որ միահյուսված եմ այլ անդամների հետ և պատվում եմ նրանց, քանի որ ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Ամեն։