ՀՈՒԼԻՍԻ 1. «ՎԵՐԱԳՐՎԱԾ ԵՎ Ի ԳՈՐԾ ԴՐՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

Ես արդարացած եմ հավատքով

«Խնդանք և ուրախ լինենք և փառքը տանք Նրան, որ եկավ Գառան հարսանիքը, և նրա կինը պատրաստեց իրան։ Եվ տրվեց նրան, որ սպիտակ սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի. (որովհետև բեհեզը սուրբերի արդարությունն է)։

Հայտնություն 19:7-8

Հունարեն երկու բառ կա, որ նշանակում է արդարություն։ Մեկը դիկայոսունե բառն է, մյուսը՝ դիկայոմա։ Դիկայոսունեն արդարությունն է՝ որպես վերացական գաղափար։ Դիկայոման գործի դրված արդարությունն է կամ արդարության գործը։ Երբ ես և դու հավատում ենք Հիսուս Քրիստոսին, նրա դիկայոսունե արդարությունը վերագրվում է մեզ։ Մենք արդար ենք դառնում նրա արդարությամբ։ Երբ ի գործ ենք դնում մեր հավատքը, մենք այդ վերագրված արդարությունն արտահայտում ենք որպես դիկայոմա, որն ի գործ դրված արդարությունն է կամ արդարության գործը։

Հետաքրքիր է նշել, որ Հայտնության վերոնշյալ խոսքում օգտագործված է դիկայոմա բառի հոգնակին՝ դիկայոմատա։ Բեհեզը սուրբերի արդար գործերն է։ Սա մի շատ խորիմաստ դրույթ է։ «Նրա կինը պատրաստեց իրան»։ Նա իրեն պատրաստել է իր արդարության գործերով։

Ինձ հանդիպած ժողովուրդների բոլոր սովորությունների մեջ ամուսնական ծիսակատարության վերաբերյալ մեկ ընդհանուր կանոն կա։ Փեսան երբեք չի պատրաստում հարսին, այլ հարսն է միշտ պատրաստում իրեն։ Պատասխանատվությունը միայն հարսի վրա է։ Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոսի հարսը՝ եկեղեցին, իրեն պատրաստել է ի գործ դրված արդարության գործերով։ Քրիստոսի՝ մեզ վերագրված արդարությունը մեզ հասու չի դարձնի հարսանեկան խնջույքին։ Մենք պետք է ունենանք ի գործ դրված արդարություն՝ գործեր, որոնք մենք՝ քրիստոնյաներս, կատարում ենք մեզ ձրիաբար տրված Քրիստոսի արդարության պարգևի շնորհիվ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Ես հռչակում եմ, որ ի գործ եմ դնում իմ հավատքը՝ դրսևորելով վերագրված արդարությունը, ինչպես նաև ի գործ եմ դնում իմ հավատքը՝ դրսևորելով գործի դրված արդարությունը։ Ես հռչակում եմ, որ արդարացած եմ հավատքով։ Ամեն։