ՄԱՅԻՍԻ 31. «ՄԻՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ»

Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն

«Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ»։

1-ին Կորնթացիներին 6:17

«Տիրոջն է հարում» արտահայտությունը նշանակում է «Տիրոջն է միացած» և այն դրված է ոչ թե անցյալ, այլ ներկա շարունակական ժամանակաձևով։ Այլ կերպ ասած՝ «նա, ով անընդհատ հարում է Տիրոջը, Նրա հետ մեկ է»։ Աստծո հետ հոգևոր միություն կա, որը զուգահեռ է կնոջ և տղամարդու միջև ֆիզիկական միությանը։ Սա է ասում Սուրբ Գիրքը։ Սա այնքան իրական է, այնքան մտերիմ, որ քրիստոնյան կարող է հարել Աստծուն, քանի որ մեկ է Նրա հետ։

Ինչպես Հիսուսն է մեկ Հոր հետ, այնպես էլ հոգևորները կարող են մեկ լինել Որդու հետ։ «Նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ»։ Ես կրկին ուզում եմ շեշտել, որ սա շարունակական ներկա է. «Նա, ով շարունակաբար հարում է Տիրոջը»։ Հիսուսն ապրում էր Հոր հետ հարատև միության մեջ։ Եթե այդ միությունը երբևէ խափանվեր, որը տեղի չունեցավ մինչև խաչը, ապա նա կկորցներ կյանքը։ Ինչպես նաև ես և դու՝ որպես հոգևորներ, ապրում ենք այնքան, որքան ժամանակ հարատև միության մեջ կլինենք Որդու՝ Քրիստոսի հետ։ Նրա հետ մեկ միության մեջ ապրելով՝ մենք մեկ հոգի ենք։

Մարդկային հոգու առաջնային գործը Աստծո հետ միության մեջ լինելն է։ Մարդու մեջ հոգին միակն է, որ կարող է ուղղակի միության մեջ մտնել Աստծո հետ։ Մեր հոգու հրաշալի առանձնահատկությունը միությունն ու հաղորդությունն է Աստծո հետ։

Քրիստոնյան պետք է ապրի Քրիստոսի հետ իր միությամբ, ինչպես որ Քրիստոսն ապրեց Հոր հետ իր միությամբ։ Մեր կյանքը րոպե առ րոպե կախված է Քրիստոսի հետ մեր միությունից։ Այսօրվա համար երբեք մի՛ վստահիր երեկվա փորձառությանը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Քրիստոսի հետ մեկ միության մեջ եմ ապրում, և մենք մեկ հոգի ենք։ Հիսուսը մահացավ, որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։