ՄԱՅԻՍԻ 12. «ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈԳ ՏԱՆԵԼԸ»

Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը

Երեկ մենք քննարկեցինք փողի հանդեպ չորս սխալ վերաբերմունքներ։ Բայց ևս մեկ վերաբերմունք կա, որից պետք է անպայման խուսափենք, և դա աղքատների հանդեպ սխալ վերաբերմունքն է։ Աստվածաշունչը մեզ անընդհատ զգուշացնում է, որ չանարգենք ու չնսեմացնենք աղքատներին։

Այս թեմայի շուրջ բազմաթիվ խոսքեր կան Սուրբ Գրքում, սակայն մենք կնայենք Առակաց գրքից մի քանի խոսքեր.
«Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմի, երանի նրան»։

Առակաց 14:21

«Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, և նա կհատուցանե նրա վարձը»։

Առակաց 19:17

«Ով որ խցկե աղքատի աղաղակի դեմ իր ականջը, ինքն էլ կկանչե և պատասխան չի գտնի»։

Առակաց 21:13

«Ով որ աղքատին տա, կարոտ չի լինի, բայց ով որ աչքերը թաքցնի, շատ անեծքներ կան նրա համար»։

Առակաց 28:27

«Արդարը գիտի աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտություն չունի»։

Առակաց 29:7

Այս խոսքերը և սրանց նման շատ ուրիշներ մեզ վրա վիթխարի պատասխանատվություն են դնում՝ անհանգստանալու աղքատների կարիքների համար։ Արդար լինելու նշաններից մեկը աղքատի դատը տեսնելն է։ Ի հակադրություն սրա՝ աղքատի աղերսից աչքերը պարզապես հեռացնելը չարության նշան է։ Դեռ ավելին՝ վարձք է խոստացված նրան, ով հոգատար կլինի աղքատների հանդեպ։ Երբ մենք ինչ-որ բան ենք տալիս աղքատին, ինչպես Սողոմոնն է ասում, մենք Տիրոջն ենք «փոխ տալիս»։ Երբ Տերը վերադարձնում է փոխառությունը, Նա չի՛ մոռանում շահի մասին։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ հոգ կտանեմ աղքատների կարիքների մասին և կհոգամ նրանց համար, որովհետև Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք Իր առատությանը։ Ամեն: